«Հողը, ծաղկած դաշտերը, մեր բնությունն ու մարդկանց ջերմությունն են ինձ ուժ տվողը»

Հաջողակ գործարար, հայրենասեր, նվիրված կին ու հոգատար մայր, միևնույն ժամանակ հյուրասեր ու հաճելի զրուցակից՝ ահա այսպիսին է Ազատան գյուղի բնակչուհի Լուսիկ Թովմասյանը, ով այսօր շատ-շատերին հայտնի է որպես կարտոֆիլի մշակությամբ զբաղվող անհատ ձեռներեց: Տիկին Լուսիկն այն կանանցից է, ովքեր չեն ընկրկում դժվարությունների առջև, կարողանում են համատեղել ընտանիքն ու աշխատանքը: Նրա թեկնածությունը «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2014» մրցանակաբաշխությանը ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն է առաջադրել՝ Շիրակի մարզպետարանի ներկայացմամբ:

 

– Մասնագիտությամբ մանկավարժ եմ, ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել եմ որպես ուսուցչուհի, այնուհետև՝ մանկապարտեզի վարիչ: Ամուսինս ինժեներ է, աշխատել է Գյումրու գիտափորձնական ինստիտուտում: Սակայն երկրաշարժին շատերի նման մենք էլ կորցրինք մեր աշխատատեղերը, դժվարությամբ վերագտանք մեզ:

 

Հետերկրաշարժյան դժվարին տարիները սակայն չկոտրեցին տիկին Լուսիկի կամքը, նա չընկճվեց ու չխոնարհվեց դժվարությունների առաջ, այլ ամուսնու հետ ձեռնամուխ եղավ գյուղատնտեսական աշխատանքին:

 

 

– Ամեն ինչ սկսվեց 1994 թվականից՝ ընդամենը 8000 մ հողատարածությունից, որը ես ու ամուսինս վերցրինք վարձակալական հիմունքներով և տարիների տքնաջան աշխատանքի արդյունքում հասցրեցինք մինչև 126 հա-ի: Գիշեր-ցերեկ տուն չենք եկել դաշտից, մշակել ենք, ցանել, ոգևորվել ու մեր աշխատանքով ոգևորել համագյուղացիներին: Այդ մութ ու խավար տարիներին մեր անձնական օրինակով ու խանդավառությամբ շատերին վարակեցինք, չմեկնեցինք արտագնա աշխատանքի ու փորձեցինք մեր հանապազօրյա հացը վաստակել սեփական հողում:

 

Կարտոֆիլի արտադրության մեջ ձեռք բերած հաջողությունները հուշում են ամուսիններին ընդլայնելու իրենց գործունեությունը՝ վերածելով այն բիզնեսի: Գաղափարը հասունանում է հատկապես այն ժամանակ, երբ հոլանդական «Ագրիկո» ընկերությունը, որն աշխարհում կարտոֆիլի սերմացու արտադրող խոշորագույն ընկերություններից է, սկսում է համագործակցել Հայաստանի հետ: Սկզբում որպես հումանիտար օգնություն՝ ընկերությունը խոշոր գյուղացիական տնտեսություններին է տրամադրում կարտոֆիլի Ա դասի սերմացու, իսկ հետագայում, արդեն որպես կոմերցիոն համագործակցության տրամաբանական շարունակություն, տիկին Լուսիկն ու ամուսինը՝ Էդվարդ Հարությունյանը, «Ագրիկոլի» հետ կնքում են պայմանագիր, գնում սերմնատեսակներ, զբաղվում տնկանյութի բազմացմամբ ու կարտոֆիլի սերմացուի վաճառքով:

 

 

Իրենց հաջողության գրավականը տիկին Լուսիկը համարում է համբերատարությունը, նվիրվածությունը սիրած աշխատանքին, ամեն չնչին առիթից չհիասթափվելը և, իհարկե, ամուր ու համերաշխ ընտանիք ունենալը, որն իր բոլոր ձեռնարկումներում սատարում ու աջակցում է նրան:

 

 

– Այսօր ինչի որ հասել ենք, միայն իմ աշխատանքի արդյունքը չէ: Եթե չլիներ ամուսնուս աջակցությունը, ես միայնակ չէի կարող այս ամենը անել: Մենք շատ տարբեր ենք, և դա օգնում է լրացնելու մեկս մյուսիս: Եթե չլինեին մեր համագործակցությունն ու աշխատանքի ճիշտ բաժանումը, դժվար թե առանձին-առանձին կարողանայինք որևէ արդյունքի հասնել:

 

 

Տիկին Լուսիկը հպարտությամբ է ցույց տալիս այն պատվոգրերն ու շնորհակալագրերը, որոնց արժանացել են գյուղատնտեսության զարգացման ոլորտում ունեցած իրենց ներդրումների համար, իսկ 2013 թ. ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից պարգևատրվել են «Անահիտ» ոսկե հուշամեդալով՝ «Ագրիկո» ընկերության հետ համագործակցության և լավագույն աշխատանքի համար: Ձեռներեց ամուսիններն անհաղորդ չեն նաև ուրիշի ցավի ու դժվարությունների հանդեպ: Մեկ անգամ չէ, որ օգնության ձեռք են մեկնել հաշմանդամություն ունեցող, սոցիալապես անապահով երեխաներին և ազատամարտիկներին, ինչի համար նույնպես արժանացել են շնորհակալագրերի:

 

 

Լուսիկ Թովմասյանը չի սիրում դժգոհել ու շատ խոսել դժվարություններից, սակայն այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում, շատ է մտահոգում նրան.

 

 

– Ճիշտ է, գյուղացու աշխատանքը անչափ դժվար է՝ բաց երկնքի տակ ու բնության քմահաճույքից կախված, սակայն դրանից չենք դժգոհում, մեր ամենամեծ խնդիրն այսօր շուկայի բացակայությունն է: Գնալով կրճատում ենք արտադրության ծավալները, բայց նույնիսկ այս դեպքում արդեն մի քանի տարի է, իրացման մեծ խնդիրներ ունենք: Շատ անգամ ստիպված ինքնարժեքից ցածր ենք վաճառում ապրանքը, միայն թե չթափենք: Արդյունքում տուժում է գյուղացին, ով նոր սերմացու ձեռք բերելու համար արդեն ստիպված վարկեր է վերցնում, իսկ մեկ անգամ վարկի տակ ընկնողը չի կարողանում պարտքերը փակել, էլ ուր մնաց շահույթ ապահովել: Գնացե՛ք բանկերը, մեծ մասը գյուղացիներ են հերթի մեջ, մի բանկից վերցնում են, որ մյուս բանկի վարկը մարեն, հետո մեկ ուրիշ տեղից են վերցնում, որ նախորդը մարեն: Ահավոր վիճակ է, 22-24 տոկոսով գյուղացուն վարկ տալը ի վերջո հանգեցնում է նրան, որ մարդիկ ստիպված ամեն ինչ թողնում ու գնում են երկրից: Սիրտս մղկտում է յուրաքանչյուր գնացողի համար, հիմա էլ սկսել են ընտանիքներով հեռանալ…

 

 

Չնայած առկա դժվարություններին՝ տիկին Լուսիկը նույնիսկ չի մտածում երկրից մեկնելու և այլ տեղ աշխատանք գտնելու մասին: Նրա երազանքն է, որ վերականգնվի ու զարգանա մեր տնտեսությունը, աշխատատեղեր ստեղծվեն, և իր երեխաներն ու թոռներն ապրեն բարեկեցիկ Հայաստանում.

 

 

– Ես շատ եմ սիրում իմ հայրենիքը, իմ գյուղը, սա մեր հողն է, այստեղ մենք մեզ ազատ ու վստահ ենք զգում: Ուրիշ երկիրն ինչքան էլ լավ, սիրուն լինի, միևնույնն է, էդ սիրունը մերը չէ: Կուզենամ՝ էնքան գումար ունենանք, որ գնանք արտերկրում ման գանք, բայց էլի հետ գանք, ապրենք ու արարենք մեր գյուղում: Ինչքան ուզում է հիվանդ ու հոգնած լինեմ, մի անգամ գնամ դաշտ, մեր գյուղի մաքուր օդը շնչեմ, տեսնեմ իմ ձեռքով մշակած դաշտերն ու աճեցրած բերքը, լրիվ բավական է, հարյուր տոկոսանոց առողջ հետ կգամ: Հողը, ծաղկած դաշտերը, մեր բնությունն ու մարդկանց ջերմությունն են ինձ ուժ տվողը: Ես լավատես եմ, հավատում եմ, որ էլի ոտքի կկանգնենք, պարզապես մի փոքր պիտի սպասենք ու ամեն ինչ լավ կլինի:

 

Մարինա Ջուհարյան

Կարդացեք թեմայի շուրջ  մեր կայքում.

 

Գործունյա կնոջ ձեռքում քարն էլ է փափկում…/ տեսանյութ

 

Ամփոփվեց «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2014» մրցանակաբաշխությունը

 

Շնորհավորում ենք «Կանանց իրավունքները Հայաստանում. Դե-յուրե և դե-ֆակտո» մրցույթի հաղթողներին

 

«Մեր տան ամեն ինչը «բնական» է»…/ տեսանյութ

 

«Լիիրավ երջանկությունը ընտանիքիս համերաշխությունն է, ինչպես որ խաղաղությունը՝երկրի համար »…/ տեսանյութ

 

«Հասոյի լեգենդար պանիրը»

 

«Կանա՛յք, վստահե՛ք ձեր ուժերին և առա՛ջ շարժվեք»…

 

«Աշխատանքի մեջ պահանջկոտ եմ, ուզում եմ ամեն ինչ իր հունով, շիփ-շիտակ գնա»

 

«Հաջողության բանալին համբերատարությունն է ու սերը աշխատանքի նկատմամբ»

 

«Տարիների ընթացքում զարգացրել եմ սեփական տնտեսությունս»

 

«Նոր ուղիներ եմ փնտրում տնտեսությունս ընդլայնելու և զարգացնելու համար»

 

«Բոլոր դժվարությունները դառնում են հաղթահարելի, եթե գիտես` հանուն ում և ինչի պայքարել»

 

«Յուրաքանչյուր աշխատանքին հարկավոր է ստեղծագործաբար մոտենալ, սեր ու հոգի ներդնել»

 

«Գործս մեծ հաճույքով եմ անում ու երբեք չեմ մտածում քաղաքում ապրելու մասին» / տեսանյութ

 

Մի ձեռքը ծափ չի տալիս…/ տեսանյութ

 

Հարսնությամբ կնքված աշխատասիրություն և արարում

 

«Հողը, ծաղկած դաշտերը, մեր բնությունն ու մարդկանց ջերմությունն են ինձ ուժ տվողը»

 

«Ամեն ինչն էլ սիրով եմ անում, դրա համար էլ հասցնում եմ»…

 

«Մեկը բոլորի, բոլորը՝ մեկի համար»

 

«Գյուղն այն հենարանն է, որին պետք է ամուր հենվել» / տեսանյութ

 

«Իմ երջանկությունը ընտանիքս է, իսկ խնդիրները լուծում կստանան»/ տեսանյութ

 

«Կին, ով գյուղի հույսն ու հավատն է»

 

WomeNet.am-ը անդրադառնում  է  «Գյուղմթերք արտադրող կին հերոս» կոչմանը արժանացած բոլոր  կանանց  պատմություններին

 

Դիտումների քանակը` 3616

Գլխավոր էջ