«Հնարավորություններ կանանց համար»՝ այս կարգախոսն է կյանքի կոչում «ՎԻՆՆԵՏ Հայաստան»-ը

Այս օրերին  ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հրավերով  Հայաստանում  էր  գտնվում    Կանանց ռեսուրս կենտրոնների եվրոպական ասոցիացիայի՝ «ՎԻՆՆԵՏ Եվրոպա»-ի  պատվիրակությունը: Այցի հիմնական նպատակն էր տեղում  ծանոթանալ 2014-ից  իրենց  գործընկեր հանդիսացող ՝  «ՎԻՆՆԵՏ Հայաստան» Կանանց  ռեսուրս կենտրոնների ցանցի գործունեությանը եւ նոր նախաձեռնությունների օրակարգ մշակել:  Այս համագործակցության մասին է պատմում   «ՎԻՆՆԵՏ Հայաստան» ցանցի նախագահ Ռուզաննա Տոռոզյանը, նշելով , որ դրա հիմքում  «Հնարավորություններ կանանց համար» կարգախոսն է դրված:  

 

– «ՎԻՆՆԵՏ Հայաստան» ցանցի հիմնադիր անդամները  Սյունիքում գործող կանանց ռեսուրս կենտրոններն են: Դեռ յոթ տարի առաջ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ Մեղրի, Կապան, Գորիս քաղաքներում ստեղծված այդ կենտրոնները  ժամանակի ընթացքում կարողացան բավականին ակտիվ  գործունեություն  ծավալել ՝ ուղղված կանանց սոցիալական, տնտեսական, քաղաքական հնարավորությունների ընդլայնմանը: Կենտրոնները ձեռքի աշխատանքների ակումբներ հիմնեցին՝ ներգրավելով հիմնականում սոցիալապես անապահով կանանց, ովքեր հուշանվերներ են պատրաստում եւ նոր շունչ են տալիս ազգային ավանդական արհեստներին: Այսօր մենք ոչ միայն կարողանում ենք մեր աշխատանքները ներկայացնել աշխարհի տարբեր երկրներում, այլև կանանց համար աշխատատեղեր ենք ստեղծում, կայուն եկամուտ ստանալու հնարավորություն ընձեռում նրանց: Միայն վերջին 3 տարում  մեզ հաջողվել է ստեղծել մոտ 100 աշխատատեղ:

 

Աջակցում ենք նաեւ քաղաքական ակտիվություն ցուցաբերող կանանց: 2012-ի ՏԻՄ ընտրութուններին սատարում էինք  կին թեկնածուներին, որոնց  մեծ մասն ընտրվեց, ադյունքում Սյունիքը ՏԻՄ-երում կանանց մասնակացության առումով բավականին  առաջնային դիրք զբաղեցրեց: Աշխատում ենք  նաեւ մեր  փորձը ներկայացնել Հայաստանի այլ քաղաքներում: «Կանայք համայնքային զարգացման գործընթացում» ծրագիրի շրջանակներում, որն իրականացվում է Ժողովրդավարության համար Եվրոպական ֆոնդի (European Endowment for Democracy)  աջակցությամբ, ընդլայնել և հզորացնել Կանանց Ռեսուրս Կենտրոնների ցանցը` հիմնելով նոր կենտրոններ Իջևանում, Դիլիջանում, Սիսիանում և Եղեգնաձորում: Այսօր «ՎԻՆՆԵՏ Հայաստանը» համախմբում է բոլորին՝ եւ ցանցի հիմնադիր կազմակերպություններին, եւ նորաստեղծ կենտրոններին:

–         Ինչպես  դարձաք  «ՎԻՆՆԵՏ Եվրոպա»-ի անդամ, չէ որ այդ ցանցը միայն ԵՄ անդամ երկրներից կազմակերպություններ է միավորում: 

 

-Մեր համագործակցությունը Եվրոպայում գործող ամենախոշոր «ՎԻՆՆԵՏ Եվրոպա» ցանցի հետ իր նախապատմությունն ունի: Մի քանի տարի առաջ մենք ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի աջակցությամբ ուսումնական այց ունեցանք Շվեդիա, որտեղ եւ ծանոթացանք «ՎԻՆՆԵՏ Եվրոպա»-ի գործունեությանը: Իսկապես, մինչ մեր  անդամակցելը  այդ  ցանցի մեջ էին  մտնում միայն ԵՄ  11 անդամ երկրների կազմակերպություններ, ու Հայաստանը՝ ԵՄ-ին չանդամակցող միակ երկիրն է, որը հնարավորություն  ստացավ միանալ դրան: Մեզ համար անշուշտ  շատ  հետաքրքիր էր կանանց առաջխաղացմանը նպաստող «ՎԻՆՆԵՏ Եվրոպա»-ի  փորձը: Նրանք շատ արդյունավետ ծրագրեր են իրականացնում՝ ուղղված կանանց նորարար գաղափարների կյանքի կոչմանը, առողջապահական խնդրիների լուծմանը, կանանց ձեռնարկատիրության  զարգացմանը: Մենք ընդհանուր շատ նպատակներ ունեինք, որոնք համընկնում էին, մեր փորձը հետաքրքիր էր նաև նրանց: Իսկ մեզ հետաքրքիր էին նրանց հաջողված բազմաթիվ օրինակները՝ առողջապահական ծրագրեր, որոնք տարեկան կտրվածքով օգնում են մեծ թվով  կանանց իրենց առողջական խնդիրները լուծել, ցածր տոկոսադրույքով վարկավորման ծրագրեր, որոնք աջակցում են կանանց սեփական բիզնեսը սկսելու կամ նորարար գաղափարներ իրականացնելու հարցում… Մի խոսքով, նրանք աջակցում են կանանց ամենատարբեր խնդիրների լուծմանը՝ ինքնադրսեւորվելու եւ տնտեսպես կայանալու հնարավորություններ ստեղծելով նրանց համար: Իսկ մեզ համար կարեւոր էր հասկանալ, որ մենք կարող ենք այդ գաղափարներից շատերը   աշխատեցնել նաեւ Հայաստանում:

 

–         Եվ ինչքանո՞վ է հնարավոր տեղայնացնել Հայաստանի պայմաններում Շվեդիայում  հաջողված փորձը:

 

– Իրականում մեր երկրում կանանց կրթական ցենզը բավականին բարձր է, եւ չօգտագործել այդ պոտենցիալը երկրի զարգացման համար, բնականաբար, մեծ բացթողում է: Հատկապես արտագաղթի պայմաններում, երբ սոցիալական, տնտեսական բեռը կանանց ուսերին է, անհրաժեշտ է աջակցել և օգտագործել նրանց ներուժը, եւ դրանով իսկ  նպաստել տարբեր ոլորտների զարգացմանը եւ առաջընթացին: Մնում է միայն ստեղծել հնարավորութուններ  կանանց համար –  մեր գործունեության հիմքում հենց այս կարգախոսն է դրված, եւ կարծում եմ մեզ հաջողվում է այն կյանքի կոչել:  Սյունիքի ռեսուրս կենտրոնների ցանցի կողմից իրականացված «Կանանց քաղաքական հզորացում» ծրագրի արդյունքում ընտրված ավագանու անդամները շարունակում են հաջողությամբ գործել՝  աջակցելով իրենց համայնքների զարգացմանը: Դրա հետ մեկտեղ, եվրոպացի մեր գործընկերները  կանանց քաղաքական մասնակցության խթանման առումով նույնպես  ունեն դրական փորձ: Կարծում եմ,  երկուստեք փորձի ուսումնասիրումն ու կիրրառումը նոր հաջողությունների հնարավորություն կարող է ստեղծել:

 

 

– Ձեր  կենտրոնի «Goris Crochet» ապրանքանիշով  ձեռագործ հուշանվերներն արդեն շատերի են հայտնի,  ի՞նչ նոր հաջողություններ ու պլաններ ունեք:

 

 – Մեր վերջին հաջողությունների թվում է  «Բրդից մինչև կարպետ» նախաձեռնությունն է, որը մենք իրականացնում ենք Գորիսի տարածաշրջանի ամենամեծ գյուղում` Շինուհայրում: Նախկինում Շինուհայրում ռետինե կոշիկի գործարան է գործել, մեծ թվով շինուհայրցիներ են աշխատել, Խորհրդային Միության փլուզումից հետո համայնքում գործազրկությունը կտրուկ մեծացել է: Հիմա նույն գործարանում գործում է  բրդի լվացման արտադրամասը:

 

Մեր գաղափարը ներկայացրել ենք սեփականատիրոջը, ով այն ողջունելով` տարածքը 20 տարի ժամկետով անվարձահատույց տրամադրել է, որպեսզի կարողանանք աջակցել գյուղի կանանց: Արտադրամասը գտնվում է Տաթև տանող ճանապարհին, եւ մեր նպատակն է գրավել այնտեղ գնացող զբոսաշրջիկներին:  Արտադրամասում բուրդ կլվանան, նաև կմանեն, ստացված թելից կարպետներ կգործեն, իսկ  զբոսաշրջիկը այս ամենը ոչ միայն տեսնելու ու գնելու հնարավորություն է ունենալու, այլ նաև անձամբ մասնակցելու: Հույսով ենք, որ այս  ծրագիրը Շինուհայրը  կդարձնի զբոսաշրջիկների համար  հետաքրքիր մի վայր:

 

Նշեմ նաեւ, որ «Բրդից մինչ կարպետ» նախաձեռնությունը հնարավոր է դարձել  իրականացնել տարբեր կազմակերպությունների եւ կառույցների աջակցությամբ: Ընդհանուր արտադրամասի նորոգման հիմնական մասը գործարար Վահե Հակոբյանի և «Լեռնահայաստան» հիմնադրամի շնորհիվ է կատարվել: Իսկ բրդի լվացման կետի նորոգման և սարքավորումների, նյութերի ձեռքբերման հարցում օժանդակել է «Վորլդ վիժն» Սիսիանի ՏԶԾ-ն: ՓԱՄ հոլանդական կամավորական ծրագրի շնորհիվ կարողացել ենք Հոլանդիայից ներմուծել թել մանող և գործող մեքենաներ, հրավիրել ենք փորձագետներ, ովքեր ներկայացրել են իրենց փորձը, այս հարցում մեզ աջակցել է ԵԱՀԿ Երևանյան գրասենյակը:

 

Հիմա մենք տեխնիկական աջակցության կարիք ունենք` թել մանող ճախարակների, դազգահների, քանի որ կան կանայք, ովքեր ուզում են տան պայմաններում աշխատել, տարբեր խնդիրներ ունեն` բազմազավակ են, խնամակալ: Ինչքան շատ սարքավորումներ լինեն, այնքան շատ աշխատատեղեր կբացվեն: Այսօր արդեն այս ծրագրի շնորհիվ  Շինուհայրում 43 կին է ապահոված աշխատանքով… Կարևոր է, որ ոչ միայն միջազգային կազմակերպություններն օժանդակեն, այլ նաև պետական ծրագրեր լինեն, որոնք կաջակցեն կայուն աշխատատեղերի ստեղծմանն ուղղված նախաձեռնություններին…

Զրուցեց՝ Իրինա Յոլյանը

 

 

 Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Կարևոր է` նաև տղամարդիկ հասկանան, որ սա միայն կանանց խնդիրը չէ»

 

100 աշխատատեղի հնարավորություն կանանց համար

 

Նոր հնարավորություններ՝ Սյունիքի կին գործարարների համար/ վիդեո

 

Ռուզաննա Տոռոզյան. « Կարևոր է նախ ուժեղացնել կանանց դիրքերը տնտեսական ոլորտում»…

 

«Goris Crochet» ձեռագործ հուշանվերները աշխարհի տարբեր երկրներում են սպառվում

 

 

 

 

Դիտումների քանակը` 8364

Գլխավոր էջ