«Հղիության ախտաբանության համավճար չի կիրառվի», – հաղորդում է նախաարարությունը
Հղիության ախտաբանության համավճար չի կիրառվի: Առողջապահության նախարարի օգնական Սեդա Մանուկյանը տեղեկացրեց Panorama.am-ին, որ այս մասին հրաման է ստորագրել Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:
Հարցին` արդյո՞ք որոշումը կապ ունի հասարակության շրջանում առաջացած դժգոհության հետ, նա պատասխանեց` ոչ:
«Հաշվի առնելով հղիության ախտաբանության ստացիոնար բուժման համավճարի ներդրման մեխանիզմների հստակեցման անհրաժեշտությունը` հարցը քննարկվել է նաև բժշկական օգնության որակի և կոռուպցիոն ռիսկերի վերահսկման նպատակով ստեղծված հանձնաժողովի նիստում, որի ընթացքում ևս առաջարկվեց հստակեցնել հղիության ախտաբանության համավճարի ներդրման մեխանիզմները»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է վաղը նախարարության մոտ նախատեսված բողոքի ակցիային` «Ձեռքներդ հեռու հղիների գրպաններից» խորագրով, Սեդա Մանուկյանն ասաց, որ բողոքի ակցիայի կազմակերպիչների որոշելիքն է այն անցկացնելը, հատկապես այս տեղեկատվության տարածելուց հետո:
Ի դեպ, այդ նույն տեղեկատվության մեջ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը հայտարարված կանանց առողջության պահպանման միամսյակի ընթացքում ամբուլատոր պոլիկլինիկական օղակում լաբորատոր-գործիքային հետազոտությունների համար ներդրված համավճարը կանանց համար չի գործի: Այդ օրերին ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզային բազմաթիվ բժշկական կազմակերպություններում կիրականացվեն մանկաբարձագինեկոլոգիական և նեղ մասնագիտական անվճար խորհրդատվություններ, հետազոտություններ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև բուժում և վիրահատություն։
«Կանանց և երեխաների առողջության պահպանումը առողջապահության նախարարության քաղաքականության գերակա ուղղություն է: Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի նախաձեռնությամբ կանանց առողջության միամսյակի կազմակերպումը նպատակ ունի հոգ տանելու կանանց և նրանց ընտանիքների առողջության համար», – ասված է ԱՆ հաղորդագրությունում:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Մարտի 1-ից պոլիկլինիկաներում մի շարք ծառայություններ վճարովի կդառնան
«Ձեռքերդ հեռու հղիների գրպանից»․ նախաձեռնությունը բողոքում է նախարարության որոշման դեմ
Դիտումների քանակը` 4431