«Հղիանալն արգելվում է»… Մնում է աշխատանքի վայրերում նման ցուցանակներ փակցնեն գործատուները
Մարիամը նոր է ավարտել բուհը. հույսերով, ապագայի հանդեպ հավատով լցված անցել է աշխատանք փնտրելու դժվարին գործին: Նա օտար լեզուների գերազանց մասնագետ է, կարմիր դիպլոմով է ավարտել: «Առանց ինձ խնայելու սովորում էի, քանի որ չէի ուզում ծնողներիս պես ապրել` օրվա հացը վաստակելով: Հավատում էի, որ գիտելիքը մեծ զենք է, որի շնոհիվ, առանց «մեջքի», կարող ես շատ դժվարություններ հաղթահարել»,-ասաց նա:
Մարիամը, Սիլվան ու Գոհարը ՝ աշխատանքային խտրականության զոհ են
Եվ այսպես, մի օր Մարիամը կարմիր դիպլոմը ձեռքին, վստահ իր ունեցած գիտելիքների վրա` համարձակ թակում է մի կազմակերպության տնօրենի դուռը:
«Ես ահավոր հիասթափվեցի ու մի պահ աշխարհը փուլ եկավ գլխիս, երազանքս փշրվեց…»,-անկեղծանում է Մարիամը:
40-45 տարեկան տնօրենը, ում չի էլ հետաքրքրել Մարիամի կարմիր դիպլոմն ու առավել ևս գիտելիքները, միանգամից անցել է իր «դարդերը պատմելու սուրբ գործին». «Ինչ տեսնում ես, ես եմ զրոյից ստեղծել… Բայց դե երջանկությունը դրա մեջ չի: Ամուսնացա, բաժանվեցի կնկանիցս, չէր գնահատում իմ արածը… Ընկեր ունե՞ս…»:
«Մի պահ չէի հասկանում ասածի իմաստը, բայց քանի գնում իրական նպատակներն ավելի ակնհայտ էին դառնում… Չեմ էլ հիշում, թե ոնց եմ դուրս եկել սենյակից»,-ասում է Մարիամը:
… Սիլվան շատ լավ աշխատող էր համարվում այնքան ժամանակ, մինչև… Նա երեք տարի է ինչ ամուսնացած էր, առաջին հղիությունը մեկ ամսեկան ընդհատվել էր: Երկու տարի է ինչ ամուսիներով մտահոգվում էին երեխա ունենալու մասին: Եվ ահա վերջապես կատարվեց նրանց երազանքը. Սիլվան հղի էր: Բայց արի ու տես, որ նրանց երջանկությունն ու գործատուի ցանկությունները չհամատեղվեցին, ու վերջինս որոշեց ազատվել Սիլվայից: Ավելի ծանրաբեռնելով նրա աշխատանքային օրը` գործատուն «պարզեց», որ նա այլևս առաջվա լավ աշխատողը չէ և լավ չի կատարում իր պարտականությունները: Դե մի բան պետք է գտնեին Սիլվայի հետ պայմանագրի ժամկետը չերկարացնելու համար:
ԱԺ նախկին պատգավոր Անահիտ Բախշյանը facebook սոցցանցի իր էջում վերջերս գրել էր հղի կնոջն աշխատանքից ազատելու դեպքի մասին.
«Armenian Datacom Company CJSC- Հեռահաղորդակցության ոլորտ է, որտեղ աշխատող Գոհար Ղարիբյանն աշխատում է որպես ֆինանսական վերահսկիչ: Գոհարը այժմ հղի է և նրան ուզում են ազատել աշխատանքից: ՀՀ պատկան մարմինների ուշադրությունն եմ հրավիրում այս երևույթի և օրենքը շրջանցելու փաստի վրա: Խնդրում եմ լրատվամիջոցներին լրատվությամբ բարձրաձայնել ու պաշտպանել մեր հղի քաղաքացու իրավունքները: Չի կարելի թույլ տալ Armenian Datacom Company CJSC ղեկավարների կողմից նման ոտնձգություն Գոհարի իրավունքների նկատմամբ»:
Ո՞րտեղ դիմել աշխատանքային իրավունքների խախտման դեպքում
Շա՞տ են արդյոք նման դեպքերը Հայաստանում, ի՞նչ ձեռնարկեն և ո՞ւմ պետք է դիմեն կանայք այդ ժամանակ: Կանանց իրավունքներով զբաղվող մի շարք կազմակերպություններից WomenNet-ի թղթակցին հայտնեցին, որ իրենց զանգահարում են կանայք, ովքեր իրենց աշխատանքի վայրերում ենթարկվել են սեռական, հոգեբանական բռնությունների, խախտվել են նրանց իրավունքները: ՀԿ-ները նրանց խորհուրդ են տալիս դիմել համապատասխան մարմիններին, այդ թվում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի պետական տեսչություն:
Տեսչությունից մեզ տեղեկացրեցին, որ 2012 թվականի ընթացքում իրենց կողմից իրականացված ստուգումների արդյունքներով արձանագրվել է ՀՀ աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի 5379 խախտումներ: Իրենց աշխատանքային իրավունքների խախտումների վերաբերյալ տեսչություն են դիմել 16 կանայք, որոնց դիմումների հիման վրա հարուցվել է վարչական վարույթ, կազմակերպվել են վարչական լսումներ: Ստուգումների, ինչպես նաև վարչական վարույթի արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ կանանց իրավունքների խախտումների դեպքերը էապես քիչ են ընդհանուր իրավախախտումների մեջ:
Հիմնականում արձանագրվել են հետևյալ խախտումները` հղիության ու ծննդաբերության ժամանակավոր անաշխատունակության նպաստների չվճարում, աշխատանքի էական պայմանների (պաշտոնի, աշխատավարձի չափ) փոփոխում, որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքում:
Օրինակ գործատուն կնոջ հետ կնքել է պայմանագիր, որը վերնագրել է ծառայությունների մատուցման պայմանագիր և այդ պատճառով հրաժարվում է վճարել հղիության ու ծննդաբերության ժամանակավոր անաշխատունակության նպաստը պատճառաբանելով, որ նման պայմանագրով աշխատող կնոջը նպաստ չի տրվում: Վարույթի ընթացքում հաստատվել է, որ պայմանագիրը իր բովանդակությամբ, իսկ հարաբերությունները աշխատանքային են, գործատուին տրվել է պարտադիր կատարման հանձնարարական օրենսդրության խախտումները վերացնելու նպատակով: Սահմանված ժամկետում գործատուի կողմից հաշվարկվել և վճարվել է անաշխատունակության նպաստ, վերականգնվել է աշխատողի խախտված աշխատանքային իրավունքը:
Տեսչությունից հայտնեցին, որ սեռական և հոգեբանական բնույթի բռության դեպքերի վերաբերյալ դիմումներ չեն եղել: Միգուցե պատճառն այն է, որ նման դեպքերի արձանագրումը դուրս է տեսչության լիազորության շրջանակից:
Իսկ առհասարակ տեսչությունը հորդորում է` աշխատանքային իրավունքների խախտումների դեպքում քաղցաքացիները կարող են դիմել ՀՀ աշխատանքի պետական տեսչություն, որը օրենքով սահմանված կարգով կձեռնարկի միջոցներ խախտված իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:
Ա.Հակոբյան
Դիտումների քանակը` 3894