«Հիմնական պայքարը հավասարության համար կանայք կուսակցությունների ներսում են տանում» …
Արդյո՞ք հաղթանակած ֆեմինիզմի երկիր համարվող Շվեդիայում էլ կանանց նկատմամբ խտրականության դրսեւորումներ կան: Այսպիսի հարցով WomenNet.am-ը դիմեց Շվեդիայի խորհրդարանի անդամ Ալեքսանդրա Վոլկերին, ով վերջերս ՎԻՆՆԵՏ Եվրոպա ցանցը ներկայացնող պատվիրակության կազմում Հայաստան էր ժամանել՝ իրենց գործընկեր հանդիսացող ՎԻՆՆԵՏ-Հայաստան ռեսուրս կենտրոնների ցանցի հետ համագործակցությունը ընդլայնելու նպատակով:
– Կարծում եմ, ֆեմինիզմը ոչ մի երկրում էլ դեռ չի հաղթել, քանի որ աշխարհը դեռ շարունակվում է ղեկավարվել տղամարդկանց կողմից, նրանց օրենքն է գործում: Ինչ վերաբերում է Շվեդիային, ապա նա երկար ճանապարհ է անցել ու մենք երկար պայքար ենք տարել ունենալու այն արդյունքը, որն այսօր ունենք: Եվ այն, որ այսօր Շվեդիայի խորհրդարանում հավասար ներկայցվածություն կա՝ հիսուն- հիսուն, սա այդ բոլոր կանանց աշխատանքի և պայքարի արդյունք է: Մենք հասել ենք նաև նրան, որ այս հարցերը օրակարգային դառնան և կառավարությունը, որն իրեն համարում է ֆեմինիստական, կանանց և տղամարդկանց հավասարության խնդիրը գերակա խնդիրներից մեկը համարի: Շվեդիայում բոլոր քաղաքացիների ներգրավածությունն ու պաշտպանությունը առաջնահերթություն է: Ու չնայած գենդերային հավասարության տեսանկյունից առաջատար դիրքերում ենք, սակայն դեռ շատ խնդիրներ ու անելիքներ կան: Քաղաքացիական հասարակությունը այս հարցում շատ կարևոր դերակատարում ունի. մենք բոլորս միասին պետք է աշխատանեք, ու այդ աշխատանքը պետք է շարունակական լինի: Եթե մենք ուզում ենք, որ մեր պետությունը զարգացած և հզոր լինի, ապա մենք պարտավոր ենք ռաջնահերթություն տալ գենդերային հավասարության խնդրին, որպեսզի բոլորը ունենան հավասար հնարավորություններ: Այսպիսով մենք կնպաստենք նաև տնտեսության զրագացմանը: Անհրաժեշտ է հասկանալ, որ տղամարդիկ այսօր ունեն շատ ավելի մեծ ռեսուրսներ և պետք է այնպես անենք, որ ռեսուրսները հավասարաչափ տեղաբաշխվեն: Պետք է տեսնել, որ կա ցածր եկամուտ ունեցող մարդկանց խնդիր, որտեղ մեծամասնություն են կազմում կանայք: Կա նաև միայնակ ծնողների խնդիր, որտեղ նույնպես կանայք մեծամասնություն են կազմում:
– Ինչպե՞ս եւ ինչու՞ որոշեցիք քաղաքականություն մուտք գործել:
– Հենց գենդերային հիմնախնդիրներն են դարձել իմ` քաղաքական գործիչ դառնալու հիմնական պատճառը: Ամեն օր տեսնում էի, թե ինչպես կանայք պետք է ավելի շատ աշխատեն, քան տղամարդիկ, ավելի շատ ջանք թափեն, որպեսզի իրենց հարգեն: Եվ ինձ համար շատ կարևոր էր գտնել այն կազմակերպությունը, որտեղ բոլորն էին իմ գաղափարները կիսում: Մեր սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ձախակողմյան է և մենք գտնում ենք, որ քաքականությունն է պատասխանատվություն կրում, որպեսզի կանայք և տղամարդիկ հավասար ներկայացված լինեն բոլոր ոլորտներում: Կուսակցություններ կան, որոնք գտնում են, որ մարդիկ պետք է ազատ ընտրության հնարավորություն ունենան և քաղաքականությունը չպետք է ներխուժի նրանց կյանք: Ահա այտեղ է, իմ կարծիքով, հակասությունը, որը հիմք է ստեղծում խտրականության համար:
Մեր կուսակցությունը ստեղծվել է արհմիությունների հիմքի վրա՝ ավելի լավ աշխատանքային պայմաններ պահանջելու, բոլոր աշխատողների շահերը պաշտպանելու հիմքի վրա: Մեզ մոտ քաղաքացիական հասարակությունը բավական կայացած ինստիտուտ է, եւ երբ քաղաքական կառույցը դիմում է կառավարությանը կամ խորհրդարանին, նրանք հաշվի են նստում նրա կարծիքի, առաջարկի հետ: Պետության կողմից էլ կա պարտադրանք՝ պետական մարմիններին, որպեսզի իրենք մեծ տեղ տան քաղաքակացիական հասարակությանը:
-Դուք պաշտպանության հանձնաժողովի անդամ ե՞ք խորհրդարանում, որը տղամարդկային ոլորտ է համարվում…
– Ընդհանուր քսան հոգի ենք, հինգը կանայք են: Կարծում եմ, որ մենք կարողանում ենք ազդեցություն ունենալ որոշումների կայացման վրա: Իրականում սեռերի հավասար ներկայացվածության խնդիր ունեք հանձնաժողովների մակարդակում: Դա արդյունք է այն բանի, որ ունենք ոլորտներ՝ առողջապահություն, սոցիալական , որտեղ կանայք են մեծամասնություն կազմում, և ունենք ոլորտներ, ինչպիսիք են ՝ պաշտպանություն, հարկային ոլորտներ, որտեղ տղամարդիկ են մեծամասնությունը:
– Իսկ ընտանիքի, փոքր երեխաների եւ քաղաքական կարիերայի համատեղման հարցը ինչպե՞ս է լուծվում կին պատգամավորների համար
– Այստեղ ես տարբերություն չեմ տեսնում կին, թե տղամարդ պատգամավորի: Ծնողների համար մոտեցումը նույնն է: Իհարկե մենք ունենք որոշակի ֆիքսված ժամանակ, որը տալիս է հնարավորություն ծնողներին՝ անկախ սեռից օգտվել երեխայի խնամքի համար հատկացված արձակուրդից: Կոլեգա ունեմ, ով տղամարդ է և վեց ամսով արձակուրդ է վերցրել: Արձակուրդի մեկնելու խնդիրը կախված է հաճախ նրանից, թե ով է ընտանիքում առավել շատ վաստակում: Շատ կարևոր է նաև այն միջավայրը, որտեղ դու աշխատում ես, ինչպես են կոլեգաները վերաբերում:
– Ի՞նչ կասեք խորհրդարանում կանանց ու տղամարդկանց հավասար ներկայացվածությունը ապահովելու համար գենդերային քվոտաների մասին:
– Ես դրական եմ վերաբերվում գենդերային քվոտաների համակարգին: Մեր կուսակցությունում յուրաքանրյուր հաջորդը համամասնական ցուցակում պետք է այլ սեռի ներկայացուցիչ լինի, և փաստորեն մենք ունենք հիսուն- հիսուն ներկայացվածություն: Ընդհանուր որոշում չկա, պարզապես յուրաքանչյուր կուսակցություն, ինքն է որոշում, ինչպես ներկայանալ, սակայն քննարկումներ կան, որ դա նաեւ օրենքի պահանջ դառնա մեծ կուսակցությունների համար:
Մեր կուսակցությունում հիսուն- հիսուն ներկայացվածության պահանջն ամրագրված է կուսակցության կանոնադրության մեջ ու դա հենց կուսակցության մեջ եղած կանանց աշխատանքի, ջանքերի արդյունքն է: Քանի որ կանայք ընտրողների կեսն են կազմում, հետևաբար խորհրդարանում էլ պետք է նույնչափ ներկայացված լինեն: Ահա թե ինչու մենք պետք է համագործակցենք, աջակցենք միմյանց, որովհետև միայն այս դեպքում է, որ մենք ավելի ուժեղ ենք: Կանայք պետք չէ որ մրցակցեն իրար հետ, այլ պետք է միմյանց հետ համգործակցել:
-Ինչքանո՞վ է ձեր կարծիքով իրատեսական Պեկին+20 գործընթացների շրջանակում վերջերս նախանշված նպատակը՝ մինչեւ 2030 թվականը հասնել գենդերային հավասարությանը:
– Երկու հարց կա այս խնդրի հետ կապված՝ արդյոք ես հավատում եմ, և արդյոք սա իրատեսական է: Երկու դեպքում էլ, պատասխանս՝ « այո » է: Եթե մենք միավորվենք և օգտագործենք մեր բոլոր ռեսուրսները համատեղ, ապա, այո, կարող ենք կարճ ժամանակում արդյունքի հասնել: Սակայն մեր բնակչության հիսուն տոկոս ներկայացնող կանայք պետք է պահանջեն իրենց այդ իրավունքը, աշխատեն միասին, որպեսզի արդյունքի հասնենք:
Հիմնական խնդիրը իմ կարծիքով այն է, որ կանայք հիմնականում չեն աշխատում միասին: Եթե ունենում ենք կին նախարարներ, նախագահներ, բիզնես ղեկավարներ, միշտ չէ, որ այդ կանայք աջակցում են կանանց, ահա թե ինչու պիտի միասին աշխատենք, որպեսզի արագ արդյունքի հասնենք:
Շվեդիայի օրինակը ցույց է տալիս, որ շատ ինտենսիվ ու շատ կարճ ժամանակահատվածում իրոք կարելի է փոփոխությունների հասնել: Եթե մենք ասենք, որ դա հնարավոր է և մտածենք, որ դա այդպես է, ապա ամեն բան իրատեսական է: Շվեդիայում 80-ականների վերջին և 90-ակակների սկզբին ունեինք լրիվ այլ կառավարություն: Նույնիսկ երեք տարի առաջ չէինք կարող պատկերացնել, որ հիսուն/հիսունը հնարավոր է: Ունեցանք կանանց շարժում, ուժեղ լիդերներ: Իմ կուսակցությունում նույնպես այդպես էր, եթե մեր կուսակցության կանայք չմիավորվեին ու չպահանջեին հավասար ներկայացվածություն, այսօր չէին ունենա: Եվ նաև հասարակությունը նույնպես այս որոշման վրա է ազդում, քանի որ հակառակ դեպքում կին ընտրողների շրջանում կուսակցությունը կարող է խնդիրներ ունենալ: Կուսակցությունները, ովքեր ավելի կոնսերվատիվ են, ըստ այդմ նույնպես փոփոխվում են: Մեզ մոտ տարբեր կուսակցություններում տարբեր մեխանիզմներով են աշխատում: Եթե մեր կուսակցությունում յուրաքանրյուր հաջորդը ցուցակում այլ սեռի ներկայացուցիչ է, ապա աջակողմյան կուսակցություններում սկզբունքը այլ է, սակայն ի վերջո նրանց մոտ էլ հիսուն-հիսուն ներկայացվածություն կա խորհրդարանում: Արդյունքում այսօր խորհրդարանում կանանյք 48% են կազմում:
Ամենակարեւորը, որ կա համագործակցություն կանանց միջև և՛ խորհրդարանում, և՛ հատկապես կուսակցությունների ներսում: Ինձ համար կարևորը կուսակցության ներսի աշխատանք է՝ հիմնական պայքարը հավասարության համար հենց այնտեղ՝ կուսակցությունների ներսում է տարվում :
Զրուցեց՝ Թամարա Հովնաթանյանը
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Կարևոր է` նաև տղամարդիկ հասկանան, որ սա միայն կանանց խնդիրը չէ»
«Հնարավորություններ կանանց համար»՝ այս կարգախոսն է կյանքի կոչում «ՎԻՆՆԵՏ Հայաստան»-ը
«Հնարավորություններ կանանց համար»՝ այս կարգախոսն է կյանքի կոչում «ՎԻՆՆԵՏ Հայաստան»-ը
Դիտումների քանակը` 5340