«Հարգեք միմյանց եւ բռնությունը կնվազի ընտանիքներում»/ տեսանյութ

Այսօր Ընտանիքների միջազգային օրվա կապակցությամբ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամներ Սոնա Հովակիմյանը (Հասարակություն առանց բռնության ՀԿ) եւ Սուսաննա Վարդանյանը (Կանանց իրավունքների կենտրոն ՀԿ) մասնակցեցին մամուլի ասուլիսի, որի ընթացքում խոսեցին Հայաստանում ընտանեկան բռնության եւ եւ դրա կանխարգելման անհրաժեշտության մասին:

 

«Հենց երեկ մեր թեժ գծին զանգ է եկել, մի 61-ամյա կին էր զանգել, ասում էր եկեք ինձ փրկեք եւ հեռախոսի միջից լսվում էին հայհոյանքներն ու ծեծուջարդի ձայներ: Սակայն մենք չենք կարող ներխուժել ընտանիքներ, մենք օգնում ենք միայն այն կանանց, ովքեր իրենք են գալիս մեզ մոտ, իսկ եթե ունենանք օրենք, ապա ոստիկանությունը կմիջամտի եւ կկանխի բռնությունը»,- ասաց Սուսաննա Վարդանյանը:

 

Սոնա Հովակիմյանն էլ ընդգծեծ, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման» մասին օրենքի շնորհիվ ոստիկանությունը եւ հասարակական կազմակերպությունները աշխատանք կտանեն ոչ միայն բռնության ենթարկվածների, այլեւ բռնարարների հետ եւ հարցը չի հասնի նրան բանտարկելուն եւ դատապարտելուն: «Օրենքը մեխանիզմներ կստեղծի, որպեսզի բռնությունը կանխարգելվի եւ այլեւս չկրկնվի»:

 

Դեռեւս անցած տարի «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան Ազգային Ժողովի պատգամավորներին է ուղարկել օրենքի նախագիծը, որը մինչ այսօր չի դրվել շրջանառության մեջ: «Մենք ասում ենք, թե իբրեւ պաշտում ենք մեր մայրերին, մեծարում ենք մեր կանանց, սակայն չենք ցանկանում պաշտպանել նրանց ընտանեկան բռնությունից օրենքով»,- նշեց Սուսաննա Վարդանյանը:

 

Սոնա Հովակիմյանն էլ հիշեցրեց, որ այս տարվա հունվարին ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական մշտադիտարկման ընթացքում Հայաստանին տրվող հանձնարարականներից շատերը վերաբերվել են կանանց իրավունքներին եւ հատկապես ընտանեկան բռնության վերաբերյալ առանձին օրենսդրություն ունենալու անհրաժեշտությանը:

 

Սուսաննա Վարդանյանը ՀՀ կառավարությանը կոչ արեց հերեւել այդ հանձրարականները եւ ընդունել օրենքը, իսկ կանանց կոչ արեց չհանդուրժել իրենց նկատմամբ կիրառվող բռնությունը. «Մեր կանայք չափից շատ համբերատար են, ես կոչ եմ անում, որ այդքան չհամբերեն, չհանդուրժեն բռնությունը»:

 

Սոնա Հովակիմյանն էլ կարեւորեց կանանց տնտեսական անկախությունը: Հաճախ ընտանեկան բռնության ենթարկվող կանայք չեն հեռանում բռնարար ամուսնուց, քանի որ աշխատելու եւ սեփական գոյությունը պահպանելու հնարավորություն չունեն: Սոնան կոչ արեցին տղամարդկանց եւ կանանց հարգել եւ սիրել միմյանց. «Դիմացինի հետ վարվեք այնպես, ինչպես կցանկանայիք, որ ձեզ հետ վարվեն, այդ դեպքում ընտանիքներում բռնությունը կնվազի»:

 

 

Արման Ղարիբյան

 

Դիտումների քանակը` 3105

Գլխավոր էջ