«Հասարակության անտեղյակությունն օգտագործվեց աշխարհաքաղաքական ինտրիգների համար»…

 

 Եվա Թովմասյանի հետ մենք ծանոթացանք դեռեւս անցյալ տարի՝ Երեւանի ավագանու նախընտրական արշավի ժամանակ: Նա ՀԱԿԿ ցուցակում ընդգրկված երիտասարդ ակտիվիստներից  էր  եւ մենք զրուցում էինք այն մասին, թե ինչ կարող են փոխել երիտասարդները, այդ թվում կանայք, դառնալով ավագանու անդամ:  Այսօր մենք զրուցում ենք նրա հետ այն աղմուկի մասին, որ բարձրացվեց հայ իրականության մեջ «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի եւ,  մասնավորապես, «գենդեր» եզրույթի սահմանման շուրջ:

 

–         «Գենդեր» եզրույթի շուրջ իրարամերժ կարծիքները, ըստ իս, բոլորովին անտեղի են, և նույնիսկ ցավալի է գիտակցել, որ մեր հասարակությունում նման պարզ տերմինը կարող է շահարկումների առարկա դառնալ զուտ այն պատճառով, որ բնակչության մեծ մասը պարզապես ծանոթ չէ բառի իմաստին։ Թեպետ  օրենքում հստակ ձևակերպված է, թե ի՛նչ է այդ եզրը նշանակում տվյալ օրինագծի շրջանակներում։

Այնուամենայնիվ,  քարոզչական շահարկումներով զբաղվողներին հաջողվեց, օգտվելով հասարակության անտեղյակությունից, գենդերը կապել սեռական կողմնորոշման կամ սեռական փոքրամասնությունների հետ: Արդյունքում ստացվեց, որ հասարակության մի լայն զանգված հայտնվեց աշխարհաքաղաքական ինտրիգներ հյուսող «կարծիք հնչեցնողների» ծուղակում:

 

– Կասկածի տակ դրվեց  նույնիսկ   օրենքի անհրաժեշտությունը: Ի՞նչ եք կարծում , «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի անհրաժեշտություն կա՞:

 

-Կարծում եմ, որ Հայաստանում նախ և առաջ օրենքի գերակայության կարիք կա: Հարկավոր է երկրում այնպիսի պայմաններ ապահովել, որոնցում օրենքի առջև հավասարապես հաշվետու կլինեն բոլորը՝ սկսած շարքային քաղաքացուց, ավարտած բարձրաստիճան պաշտոնյաներով կամ մեծահարուստ գործարարներով:

Ինչ վերաբերում է Ձեր նշած օրենքին, ապա, կարծում եմ, հաջողված պետության օրենսդրությունը պետք է ընդգրկի հասարակության բոլոր ներկայացուցիչներին և հնարավորություն տա նրանց հավասարապես օգտվել պետության ընձեռած բոլոր հնարավորություններից: Այն պետությունը, որի օրենսդրությունն ընդգրկում է հասարակության միայն մի մասը, չի կարող լիարժեք լինել: Հասարակության ցանկացած ներկայացուցիչ, անկախ սեռից, պետք է մասնակցի պետական իշխանության ձևավորմանը և պետական մակարդակում որոշումների կայացմանը, ինչպես նաև հնարավորություն ունենա առանց խտրականությունների օգտվել երկրի տնտեսական համակարգի ընձեռած հնարավորություններից, հավասար մեկնարկային պայմաններով բիզնես-գործունեություն վարել և այլն։

 

Ձեր կարծիքով, ինչու՞  կանանց և տղամարդկանց համար հավասար հնարավորությունների  ապահովողման մասին օրենքը  նման արձագանք ստացավ:

-Հիմնական խնդիրը, ինչպես արդեն նշեցի, այն էր, որ լսարանը ծանոթ չէր «գենդեր» եզրույթին և ողջ աշխարհում վարվող գենդերային քաղաքականության պատմությանն առհասարակ, ինչը թույլ տվեց համապատասխան խմբերին ստի վրա հիմնված քարոզչության միջոցով հասարակության մեջ վերահաստատել Արևմուտքի հանդեպ դեռ սովետական ժամանակներից սերմանվող վախերն ու տագնապները, ինչն անհրաժեշտ էր նրանց աշխարհքաղաքական խաղերին: Ընդամենը մեկ օրինակ բերեմ. «Համառուսական ծնողական կոմիտեի»-ի ,(որի ակտիվ համակարգողներից է բազմիցս ՀՀ անկախության դեմ հանդես եկած Սերգեյ Կուրղինյանը) տեղական «մասնաճյուղ» հանդիսացող  «Համահայկական ծնողական կոմիտե»-ն հայտարարում էր, որ իբր Նորվեգիայում գործող «մանկության և գենդերի նախարարությունը» որոշել է դպրոցներում պարտադիր կերպով դասավանդել «մանկապղծություն» առարկա: Սակայն խնդիրն այն է, որ Նորվեգիայում պարզապես գոյություն չունի նման նախարարություն, իսկ այդպիսի առարկայի մասին խոսելն անգամ զավեշտ է: Այս օրինակը բերում եմ ընդամենը ցույց տալու, թե ինչ մակարդակի ստի վրա է կառուցվում այս օրինագծի շուրջ ստեղծված աղմուկը, ինչ աստիճանի է փորձում մանիպուլացնել հասարակությանը և որքան խորն է հենվում նրա անտեղյակության վրա:

 

–         Եվ ինչպե՞ս կարելի է հաղթահարել կանանց եւ տղամարդկանց հավասարության գաղափարի վերաբերյալ առաջացած թյուրըմբռնումները:

 

–         Պետք է տարանջատել թյուրըմբռնման ակունքները: Նախ՝ պարզվեց, որ լսարանի գիտելիքների պաշարը բավական չէ քննարկվող խնդրի շուրջ փաստերի վրա հիմնված կարծիք կազմելու համար: Բացի այդ՝ ակնհայտ դարձավ, որ լսարանը բավականին հեշտ է կուլ տալիս ստի վրա կառուցված քարոզչությամբ իրեն առաջարկվող խայծը:

Մենք ապրում ենք տեղեկատվական պատերազմի շրջանում, երբ տարբեր շահեր հետապնդող միավորները համախոհներ ձեռք բերելու համար հաճախ չեն խորշում կեղծիքի և ապատեղեկատվության տարածումից: Քաղաքացին պետք է զգոն լինի այս իրավիճակում և ցանկացած դեպքում փորձի ինքնուրույն պարզել տեղեկատվության աղբյուրը, ինչպես նաև խնդրի մասին կարծիք կազմելուց առաջ գտնի հարցի իրական ակունքները և ստուգի տեղեկատվության համապատախանությունն իրականությանը:

 

Ձեր կարծիքով երիտասարդությունն այստեղ ի՞նչ անելիք ունի:

 

-Օրինագծի շուրջ առաջացած իրավիճակում ակնհայտ դարձավ, որ մեզանում երկու լուրջ թերություն կա. գիտելիքի պակասը և գիտելիք ստանալու հմտությունների բացակայությունը: Երիտասարդությունը նախ և առաջ պետք է քննող և ուսումնասիրող լինի: Սկզբունքորեն սխալ է ցանկացած հարցի մասին կարծիք հայտնել, եթե ծանոթ չես դրա էությանը և հիմնվում ես միայն սոցիալական ցանցերում ընթերցած զգացմունքային կամ անգրագետ գրառումների վրա: Հարկավոր է պրպտելու, փաստարկներով խոսելու և սեփական կարծիքի հետևում գիտելիքի պաշար ունենալու մշակույթ դաստիարակել ինքներս մեր մեջ:

 

Զրուցեց՝ Մարիաննա Ղահրամանյանը

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Հակաեվրոպական քարոզչությո՞ւն, թե՞ «գենդերի» դեմ պայքար

 

Հիմնվե՛ք փաստերի վրա. Գենդերային հավասարություն/ տեսահոլովակներ

 

«Զերծ մնալ չհիմնավորված մեկնաբանություններից ու հայտարարություններից» – մանրամասներ ՀՀ Վարչապետին կից Կանանց խորհրդի նիստից

 

ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի հայտարարությունը

 

Սյուժե «Արմքոմեդի»-ի համար

 

«Գենդեր» եզրույթը «սեռ» բառով փոխարինելու առաջարկը մերժվեց

 

Աշխատանքային հանդիպում Ազգային ժողովում. «Գենդեր»-ի դեմ պայքարը իրավական հիմքեր չունի

 

«Գենդեր» եզրույթի հետ կապված փոփոխությունները հետաձգվեցին. մանրամասներ քննարկումից

 

Բազմաչարչար օրինագիծը` կրկին կառավարությունում

 

Ջեմմա Հասրաթյան. «Եթե այս օրենքը վտանգ ներկայացներ մեր ընտանիքների համար, առաջինը ես դեմ կլինեի դրան»

 

Գենդերացավ

 

Ջեմմա Հասրաթյան. « Օրենքի սխալ ու աղավաղված ներկայացումը հանրությանը անընդունելի է »

 

Oրենքն անհրաժեշտ է ճիշտ մեկնաբանել և լուսաբանել…/ հարցում

 

Լարա Ահարոնյան. «Պետք էր ոչ թե հանել «գենդեր» տերմինը, այլ բացատրել դրա նշանակությունը…»

 

Հանրային խորհրդի գենդերային և ժողովրդագրական հարցերի հանձնաժողովի հայտարարությունը

 

Փորձենք հասկանալ ինչի մասին է օրենքը / «Բանաձեւ» հաղորդում

 

ՀՀ վարչապետ. «Օրենքի նպատակը հասարակական կյանքում կանանց դերի մեծացումն ու խթանումն է»

 

Ֆիլարետ Բերիկյան. «Օրենքի սխալ մեկնաբանման վրա ծախսած գումարները լավ կանեին սոցիալական նպատակներով ծախսեին»

 

Դիտումների քանակը` 3386

Գլխավոր էջ