«Հայ հասարակությունն արդեն պատրաստ է կնոջը երկրի ղեկավարի պաշտոնում տեսնել»…

 

Նման տեսակետ WomenNet-ի  հետ զրույցում հայտնեց քաղաքական հոգեբանության և քաղաքական PR մասնագետ Գայանե Հարությունյանը: Այլ հարց է, որ  , նրա կարծիքով,  կանանց համար նախագահ առաջադրվելու, առավել ևս  հաղթելու   նախապայմաններ և  հնարավորություններ դեռևս չկան:

 

 

«Հայ կանայք  հիմնականում ապաքաղաքականացված չեն, նրանք ավելի շատ ներկայացնում են  հասարակության այն զանգվածը, որը թեև չի զբաղվում քաղաքականությամբ, բայց հետաքրքված է դրանով»,  – ասում է Գայանե Հարությունյանը, նկատելով, որ  այդ զանգվածը շատ հեշտ է համոզվում և հաճախ միամտորեն  ներգրավվում քաղաքականության մեջ:  Կանանց ներուժը, իր կարծիքով, պարզապես օգտագործվում է գրեթե բոլոր քաղաքական շարժումների և կուսակցությունների կողմից:

 

«Ես  նման  դեպքերում օգտագործում եմ «քաղաքական թրաֆիքինգ» տերմինը», – նշում է  Գ.Հարությունյանը:  Նրա խոսքով`շատ հաճախ հատկապես  կանանց միջոցով են քաղաքական ուժերը կատարում սև աշխատանքը, ամենադժվարին գործերը.

 

«Հիշենք  ՀՀՇ-ի բետեեռները: Խորհրդային զորքի դիմաց հիմնականում կանայք էին առաջին շարքերում կանգնում, քանի որ կնոջ նկատմամբ ուժ գործադրելն անբարոյական և բացասական է ընկալվում: Այսօր էլ սեփական կուսակցության համար դժվարին պահերին ինչպես «փողոցում», այնպես էլ Ազգային ժողովում  կանայք հայտնվում են առաջին շարքերում և համարձակ կարծիքներով ու հայտարարություններով պաշտպանում իրենց քաղաքական ուժի շահերը:  Կանանց, որպես կանոն շատ են օգտագործվում նախընտրական քարոզարշավների ժամանակ և առավելագույնն՝ ընտրական տեղամասերում»:

 

Պատասխանելով մեր այն հարցին,  թե ինչու նման  ներուժի առկայության դեպքում  այս անգամ էլ կին նախագահի թեկնածու չունեցանք,  քաղաքական PR մասնագետը  նկատում  է, որ այստեղ նյութական մեծ ռեսուրսներ են պետք: Համենայն դեպս, փորձը  ցույց է տալիս, որ այդ ռեսուրսները կանանց համար անհասանելի են:

 

«Երբ նայում ես այն կանաց, ովքեր ցանկություն ունեին առաջադրվելու և համեմատում մրցավազքին մասնակցած  նախագահի թեկնածուների հետ, ապա տեսնում ես, որ այդ կանայք ոչնչով չէին զիջում տղամարդ թեկնածուներին: Ավելին` ոմանցից նույնիսկ շատ ավելի  արժանիքներ և արդյունավետ քաղաքական գոծիչին  բնորոշ  սոցիալ-հոգեբանական որակներ  ունեն»,- նշում է   Գ.Հարությունյանը:

 

Ո՞րն է այս դեպքում ելքը,  ի՞նչ անել , որ կանայք նույնպես օգտվեն նախագահի պաշտոնին առաջադրվելու իրենց սահմանադրական իրավունքից:  Հարությունյանը գտնում է, որ եթե որևէ կուսակցություն այսուհետ կարողանա  շրջանառել «կին-լիդեր» գաղափարը, կարողանա ներկայացնել նման կանանց հասարակությանը, ապա շատ հավանական է, որ  Հայաստանում կին թեկնածու առաջադրվի և հաղթի:

 

 

«Մարդիկ տղամարդկանցից հոգնել են, ուստի դա կարող է շատ հետաքրքիր արդյունք տալ: Մեր կանանցից շատերը խելացի են, հավասարակշռված, ունեն բարձր մասնագիտական գիտելիքներ և կարող են նման բարձր պաշտոններ ստանձնել: Բայց դա պետք է աստիճանաբար անել` հասարակության մեջ բարձրացնելով կնոջ դերը,  այդ գաղափարի հասունացման համար պարարտ  հող ստեղծել, մշակված քայլեր իրականացնել և, ինչը  շատ կարևոր է,  կանայք պետք է  նախ փորձեն  դառնալ որևէ արդեն կայացած կամ նորաստեղծ կուսակցության առաջնորդը: Եվ ոչ թե այսօր զարթնել  ու ասել`որոշել եմ նախագահ դառնալ»,- նշում է  նա:

 

Գ.Հարությունյանի դիտարկմամբ` հայ հասարակությունն  արդեն պատրաստ է կնոջը երկրի  ղեկավարի պաշտոնում տեսնել.  «Վերջերս անցկացված հետազոտությունները ցույց տվեցին, որ հայ հասարակությունում չկա ծայրահեղ բացասական վերաբերմունք կին- նախագահ թեկնածու ունենալու վերաբերյալ»:

 

Մասնագետի գնահատմամբ` բոլոր երկրներում էլ կին ղեկավարներին սկզբում լիարժեք չեն ընդունում, չեն վստահում, «խոշորացույցով են դիտում»:

 

«Այդ մտավախությունը, թերահավատ վերաբերմունքը  կին քաղաքական գործիչների  նկատմամբ  բոլոր երկրներում էլ կա: Սակայն, պետք է փաստել, որ այն երկրներում,  որտեղ կանայք առավել են ներգրավված պետական կառավարման համակարգում, այնտեղ առկա է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության բարձր մակարդակ, կոռուպցիայի  ամենացածր աստիճան: Իհարկե, այստեղ վերլուծության կարիք կա, կարծես թե,  հավի և ձվի պատմությունն է: Արդյո՞ք նման քաղաքական պայմաններն են նպաստել, որ կանայք կարողացել են իշխանության գալ, թե՞ կին-ղեկավարների արդյունավետ կառավարման շնորհիվ են այդ արատավոր երևույթները նվազել »,- նշում է  մասնագետը:

 

Հայաստանում, Գ.Հարությունյանի խոսքով,  կանայք ոչ միայն առաջադրվելու, այլ  հաղթելու հնարավորություն կունենան այն դեպքում, երբ երկրում իրականում և լ ոչ թէ  թղթի վրա գործեն  ժողովրդավարական հասարակության բոլոր ինստիտուտները, արմատախիլ արվեն կոռուպցիոն օղակները, գերիշխի Սահմանադրությունն  ու  օրենքը բոլոր ոլորտներում, ինչի  արդյունքում էլ կապահովվեն  արդար, առանց կեղծիքների ընտրություններ:

 

Ա.Հակոբյան

Դիտումների քանակը` 3930

Գլխավոր էջ