«Հայրս գազան էր, ինձ ծեծողները` ավելի գազան»…
Հոր կողմից բռնաբարությունից մինչև մարմնավաճառություն` Քնարիկը փորձում է ապրել
Քնարիկն ասում է, որ իրեն ծեծել են դեռ մանկուց` ամեն ինչի համար: Սկզբում հայրը, հետո` խորթ մայրը, հետո` այն տղամարդիկ, որոնց հետ կապվել է:
«Հայրս ծեծում էր ու ասում` սիրուն ես, մի քսվի: Խորթ մայրս գլխիս մազերը պոկում էր, խփում էր քստիկով ու լապատկայով, իսկ տղամարդիկ ծեծում էին, որ հետները լինեմ»,- պատմում է արդեն երկու երեխաների մայրը: Նա ասում է, որ ատում է հորը:
Քնարիկին բռնաբարել է հայրը, որն էլ հետագայում աղջկան դրդել է մարմնավաճառությամբ զբաղվել:
28-ամյա Քնարիկ Հովսեփյանը Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղից է: Ասում է, որ մարմնավաճառությամբ պահել է հայրական յոթ հոգանոց ընտանիքը` ամեն սեռական հարաբերության համար հաճախորդներից ստանալով 600-1200 դրամ: Նրա ուսերին են եղել նաև տան մնացած գործերը:
«Եթե այդ օրը փող տուն չտանեի, ծեծում էին»,- ասում է նա:
Չնայած իր կյանքի պատմությանը` ասում է, որ տարբեր հայրեր ունեցող 5-ամյա տղան և երեք ամսական աղջնակն իր «ամուսիններից» են:
«Առաջին մարդս մահացավ, վեց ամիս հետո ամուսնացա Ռուստամի հետ: Իրա հետ Արմավիրում վարձով էինք ապրում: Հետո Ռուստամին բռնեցին, կռվի մեջ էր ընկել ու հիմա Սովետաշենի գաղութում ա: Աղջկաս ծնվելուց հետո հերս ինձ էլ տուն չընդունեց: Ծննդատնից դուրս եմ եկել ու ապրել փողոցում»,- պատմում է Քնարիկը:
Չնայած Քնարիկի պատմությանը` համագյուղացիներն ասում են, որ նա երբեք էլ ամուսնացած չի եղել, Արմավիրում վարձած բնակարանում ապրել է մենակ ու սպասարկել տարբեր տղամարդկանց:
Երկու երեխաների հետ հայտնվելով փողոցում` Քնարիկը գոյատևել է տարբեր մարդկանց տված ուտելիքի շնորհիվ, մինչ երեխաների հետ հաստատվել է Նալբանդյանի հին ակումբի շենքում:
Հայրը հրաժարվել է աղջկան ընդունելուց: Իրավիճակին ծանոթ գյուղապետարանի աշխատակիցներն ահազանգել են բռնության ենթարկված կանանց «Լայթ հաուս» ապաստարան, որտեղ և տեղափոխվել և իր երեխաների հետ մայիսի 23-ից ի վեր ապրում է Քնարիկը:
«Քնարին շատ վատ վիճակով բերեցին երկու երեխաների հետ: Ամբողջովին կեղտի ու ցնցոտիների մեջ կորած: Նրա շորերը բակում այրեցինք: Հինգ օրական նորածինը լաթի մեջ էր փաթաթված»,- ասում է «Լայթ հաուս» հիմնադրամի նախագահ Նաիրա Մուրադյանը:
Քնարիկն ասում է, որ շատ սիրուն է եղել` «պակլոննիկների» վերջը չէր երևում:
«Երբ աղջկանովս հղի էի ու հետ էի եկել պապայի տուն, շատ տղերք ասում էին` արի ամուսնանանք, ինչ անենք` հղի ես… Ասում էի` ես Ռուստամին եմ սպասում»,-պատմում է Քնարիկը:
«Լայթ հաուսի» հոգեբան Լիաննա Սարգսյանն ասում է, որ Քնարիկն ապրում է իր հորինած պատմությամբ, որը կապ չունի իրականության հետ:
«Դա բնորոշ է բռնության ենթարկված կանանց: Իսկ նա բռնության է ենթարկվել թե տանը, թե դրսում: Քնարիկն իր անձը թաքցնում է իր իսկ հորինած քառակուսում: Չի ընդունում այն իրականությունը, որով ապրել է: Բայց այս վիճակից դուրս գալու համար պետք է համակերպվի ու ընդունի իր ապրած նախկին կյանքը, հենց գիտակցեց և ընդունեց, ավելի արագ կսկսվի վերականգնումը»,- ասում է հոգեբանը…
Շարունակությունը կարելի է կարդալ.
© Medialab.am
Դիտումների քանակը` 2961