«Հայրական ապտակի» առանձնահատկությունները հայրենի դպրոցում

«Ռազմագիտության ուսուցիչը դաս պատասխանողին խփում է ցուցափայտով, քաշում տղաների ականջներից և ստիպում այդ վիճակում իջնել-բարձրանալ 10 անգամ»… «Ուսուցիչներից մեկը դասը լավ չսովորած աշակերտի ճակատին «2» է գրում և, ձեռքից բռնած, շրջում բոլոր դասարաններով»… Այսպիսի դեպքերի մասին է տեղեկացել «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան կազմակերպությունը,  երբ  երկու տարի առաջ մոնիթորինգ էր անցկացնում Հայաստանի  մարզերի և Երևան քաղաքի  հանրակրթական դպրոցներում՝ աշակերտների հանդեպ կիրառվող բռնության իրական պատկերը ստանալու համար:

 

«Իսկ եթե դուք ուսուցիչ լինեիք, կպատժեի՞ք»…

 

Մոնիթորինգն անցկացվել էր  Հայաստանի 7 մարզերի և Երևան քաղաքի 35 դպրոցներում: Հարցմանը մասնակցել են 5-10-րդ դասարանցի 1785 աշակերտներ:

 

 

«Դպրոցում երբևէ ձեզ պատժե՞լ են» հարցին աշակերտների 39%-ը տվել է դրական պատասխան. նրանց 10%-ին պատժել է տնօրենը, 38%-ին՝ ուսուցիչը, 7%-ին՝ դռնապանը:

 

 

Աշակերտների նկատմամբ կիրառված պատժամիջոցներից ամենահաճախ կիրառվողը վիրավորանքն է` 28 %, հետո՝ անբավարար գնահատականը` 25%, 14%-ին էլ անկյուն են կանգնեցնում։ Հարցվածներից 10%-ին ապտակել են, իսկ 7%-ին՝ ծեծել:

 

 

Դրա հետ մեկտեղ,  այն հարցին, թե արդյոք աշակերտները, եթե իրենք ուսուցիչ լինեին, կպատժեի՞ն իրենց աշակերտներին, 16%-ը պատասխանել է՝ այո՛:

 

 

– Արդյունքները մեզ համար ապշեցուցիչ էին,- ասում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։ – Պարզվեց, որ դպրոցներում բավականին տարածված են բռնությունը երեխաների նկատմամբ, և դա կարծես թե համարվում է սովորական երևույթ և՛ ծնողների, և՛ ուսուցիչների, և՛ տնօրինության կողմից: Իսկ երեխաներն էլ առանձնապես չեն դժգոհում, կարծես թե հենց այդպես էլ պետք է լինի:

 

«Հայրական ապտակը» երբեք չի կարո՞ղ բռնություն դիտվել…

 

Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ դիտարկվող բոլոր դպրոցներում էլ կիրառվել են բռնության այս կամ այն տեսակը: Սակայն տնօրենները հիմնականում բացառում են բռնության դրսևորումները իրենց դպրոցներում, միաժամանակ նշելով, որ «հայրական ապտակը» երբեք չի կարող բռնություն դիտվել, նույնիսկ ավելին. «շատ մեծ դաստիարակչական բնույթ ունի և արդյունավետ է»,- ասել է տնօրեններից մեկը: Իսկ մեկ այլ տնօրեն էլ ասել է. «Ընտանիքում էլ է պատահում, որ ձայնդ բարձրացնես երեխայի վրա, մի հատ էլ տուտուզին տաս: Առանց դրա չի կարող լինել, հո չենք թողի, որ մեր գլխին նստեն»։

 

Զարմանալի է ծնողների վերաբերմունքը այս հարցին. ահա երկու կարծիք. «Ուսուցիչներն են, որ դիմանում են մեր երեխաներին»։ Այս մեկն էլ տղայի ծնողի կարծիքն է. «Ուսուցիչները ոչ մի մեղք չունեն. եթե խիստ չլինեն և պատիժներ չկիրառեն, ապա այսօրվա երեխաների առաջն առնել չի լինի»:

 

 

Հարցվածներից և ոչ մեկը չի խոսել այն մասին, որ հանրակրթական դպրոցներում խախտվում է աշակերտի իրավունքները, որի մասին, գիտեն հարցվածների 54 %-ը: Իսկ ուսուցիչներից մեկը պատասխանել է, որ «Լավ կլինի պարզել` ո՞ւմ իրավունքներն են ավելի շատ խախտվում`աշակերտի՞, թե՞ ուսուցչի»: Դպրոցներից ոչ մեկում չեն հայտնաբերվել ուսուցիչների և աշակերտների իրավունքների և պարտականությունների մասին որևէ փաստաթուղթ, և հարցված աշակերտների մի մասը հաճախ շփոթել է իրենց իրավունքներն ու պարտականությունները:

 

 

Ահա պատժի ևս մեկ օրինակ. «Ուսուցիչներից մեկը դասը լավ չսովորած աշակերտի ճակատին «2» է գրում և, ձեռքից բռնած, շրջում բոլոր դասարաններով, որպեսզի հնարավորինս շատ աշակերտներ տեսնեն»։

 

 

– Մոնիթորինգի արդյունքում պարզվեց, որ այդ մեթոդն իրականացվում է ամբողջ հանրապետության տարածքում և համարվում է դաստիարակչական մեթոդ: Եվ ոչ մի դժգոհություն չի առաջացնում և ոչ մեկի կողմից չի համարվում բացասական երևույթ,- ասում է Ավետիք Իշխանյանը:

 

 

 

«Ոչ ոքի չասեցինք, թե չէ ավելի կծեծեին»…

 

 

Ուսումնասիրություններ է կատարվել նաև  գիշերօթիկ և հատուկ ուսումնական հաստատություններում: 2009-2010-ին ուսումնասիրված  19  գիշերօթիկ դպրոցներից,  միայն մեկում է, որ բռնության դեպքեր չեն հայտնաբերվել:

 

 

– Հատուկ դպրոցներում շատ ավելի դժվար է պարզել՝ ի՞նչ է կատարվում,- նշեց Իշխանյանը։ – Անմեղության կանխավարկածը խախտելով՝ ասեմ, որ այդ դպրոցներում անհամեմատ շատ է բռնությունը, սակայն սովորական մոնիթորինգով դժվար է դա պարզել։ Այստեղ և՛ երեխաներն են ավելի փակ, և՛ ուսուցիչներն են ավելի զգույշ, իսկ նրանց ծնողներն էլ ընդհանրապես իրենց երեխաների ճակատագրով չեն հետաքրքրվում:

 

 

Դպրոցներից մեկի տնօրենն էլ ասել է, որ չհավատան երեխաներին, քանի որ նրանք հակված են չափազանցնելու և սուտ են խոսում: Իսկ հարցված երեխաների 54%-ը նշել է, որ իրենց պարտականությունները չկատարելու դեպքում պատժվել է:

 

 

«Ուսուցիչը մի անգամ աշակերտի գլխին մատանիով հարվածել էր: Երեխայի գլուխն այտուցվել էր, սառը դրեցինք` անցավ: Ոչ ոքի չասեցինք, թե չէ ավելի կծեծեին»,- պատմել են գիշերօթիկի սաները:

 

 

– Բնականաբար, այս երեխաներն ավելի խոցելի են,- ասում է պրն Իշխանյանը։ – Այս հաստատություններում պետք է մշտադիտարկում անցկացնել, ինչն էլ բարեբախտաբար ԿԳ նախարարությունը նախաձեռնեց` ստեղծելով մշտադիտարկման հասարակական խորհուրդը:

 

 

– Դպրոցներից բռնությունը վերացնելու համար պետք է կիրառել համալիր մոտեցում, ասում է պրն Իշխանյանը,- սկսած բուհերից, որոնք մանկավարժներ են կրթում: Դրան զուգահեռ պետք է լուծվի պատժի հարցը, երեխաների նկատմամբ բռնություն գործողը պետք է իմանա, որ ցանկացած բռնության համար պատժվելու է: Երեխաների պաշտպանությունը համամարդկային արժեք է, այս խնդիրը պետք է լուծի պետությունը՝ իր առջև խնդիր դնելով վերացնել բռնությունը երեխաների նկատմամբ:

 

 

Դիտումների քանակը` 4152

Գլխավոր էջ