«Դե ասա` քաղաքավարի ամուսնալուծվել եք…»

«Հայաստանի զրուցակից» թերթի լրագրող Լիանա Սիրունյանի
այս հոդվածը արժանացել է Նա /Նե առաջին մրցանակի 
 «Տպագիր հոդված»  անվանակարգում:

 

 

Մապա, իմ մապոչկա,- քնքշորեն մոր այտերն է շոյում ութ տարեկան աղջիկը՝ իր չարաճճի աչքերով խորամանկորեն նայելով ինձ, որ տեսնի` կհասկանա՞մ, թե ինչու է այդպես դիմում մորը: Իմ հայացքում ոչ թե նույնիսկ տարակուսանք է, այլ հարց՝ ինչով է բացատրվում այդ դիմելաձևը:

 

 

– Երբ ամուսինս առաջին անգամ մեկնեց Ռուսաստան՝ Աննուշկան հենց նոր էր ծնվել, իսկ երկու որդիներս այդ ժամանակ հինգ և վեց տարեկան էին: Ամուսինս դրանից հետո մի քանի անգամ եկել է: Վերջին անգամ դստերը տեսել է, երբ նա ընդամենը երեք տարեկան էր: Իհարկե սկզբում բոլորս կարոտում էինք նրան, իսկ հետո կարծես հարմարվեցինք, չնայած երեք երեխաներ մեծացնելը շատ դժվար էր: Հիշում եմ, երբ աղջիկս հորը տեսավ, ասաց՝ մամ, իսկ ինչո՞ւ է այս օտար տղամարդը մեր տանն ապրում: Ես ոչ ոքի նման բան չեմ ցանկանա, որ երեխան հորը չճանաչի: Իսկ հիմա Աննուշկան ինձ «մապա» է անվանում և բացատրում, որ ես իր համար և մայր եմ, և հայր: Որդիներս էլ ինձ սկսեցին այդպես անվանել` սկզբում կատակով, ընդօրինակելով փոքր քրոջը, իսկ հետո արդեն լրջորեն,- մի փոքր շփոթված անկեղծանում է աղջկա մայրը:

 

 

42-ամյա Արևիկն ապրում է Լոռու մարզի Գեղասար գյուղում, որն Սպիտակի երկրաշարժի հետևանքով ամբողջովին ավերվել էր: Կինը ձեռքը մեկնում է դեպի գյուղը շրջապատող բարձր բլուրները: Գիծը, որը կիսում է երկու ահռելի ժայռերի միջև գտնվող հովիտը՝ առայսօր երևում է: Հեռվից այն նմանվում է հետվիրահատական հսկա սպիի: Սա՝ հիմա, իսկ այն ժամանակ…
– Երկրաշարժը քարուքանդ արեց գետինը, համարյա բոլոր տները հողին հավասարվեցին: Գյուղի 800 բնակիչներից 200-ը զոհվեցին,- հիշում է Արևիկը:

 

 

Տարիներ շարունակ տեղի բնակիչներն ստիպված էին ապրել վագոնիկներում ու ժամանակավոր կացարաններում, որոնք այստեղ տամբովյան տնակներ էին կոչում՝ դրանք կառուցած տամբովցիների պատվին: Գյուղից մարդկանց մեծ արտահոսք եղավ, լավ կյանք որոնելով՝ 30 ընտանիք ընդմիշտ լքեց հայրենի եզերքը: Հետագայում, փառք Աստծո, այդ արտահոսքը դադարեց: Ճիշտ է՝ տղամարդկանց կեսից ավելին ամեն տարի մեկնում է սեզոնային աշխատանքի, բայց հետո տուն է վերադառնում:

 

 

– Մեկնում են ապրիլին, վերադառնում` նոյեմբերին: Այսինքն մեր տղամարդկանցից շատերը վերջին քսան տարում իրենց ընտանիքների հետ անց են կացրել ընդհանուր առմամբ երեք տարուց ոչ ավելի: Հավատացեք՝ հերոսություն է, որ կինը չի կոտրվում և առանց տրտնջալու դաստիարակում է երեխաներին, տան հոգսերն իր ուսերին առնում, հաճախ նաև՝ գոյատևման միջոցներ հայթայթելու ամբողջ ծանրությունը: Չէ՞ որ ոչ բոլորի բախտն է բերում. ոչ բոլորի ամուսիններն են ժամանակին փող ուղարկում: Կամ էլ՝ վերադառնում օտար երկրներից… Այդպես էլ է պատահում` մեկնում են և որոշ ժամանակ անց իսպառ մոռանում, որ հայրենիքում ընտանիք են թողել: Իսկ մեր կանայք սպասում են: Հավանաբար դա գենետիկական է՝ սպասել, հավատարիմ մնալ ամուսնուն և տան օջախը վառ պահել, մինչև նա վերադառնա,- սրտնեղած ասում է Արևիկը:

 

 

Վերջին տարիներին ես Հայաստանում շատ եմ ճամփորդել, եղել եմ տարբեր գյուղերում և քաղաքներում: Տեսել եմ, թե ինչպես են մեր կանայք ամուսինների բացակայությամբ բերքը հավաքում, անասունը արոտավայր տանում և դեռ ժամանակ և ուժ գտնում՝ երեխաներին մենակ մեծացնելու և դաստիարակելու համար: Արևիկի նկարագրածի նման պատմությունները հազարավոր են:

 

 

 

Արտագաղթի պատճառների ու ծավալների մասին մեր երկրում շատ են խոսում: Բնակչության արտագաղթի կարգավորման պետական հայեցակարգ մշակած մասնագետների գնահատականներով հնարավոր է՝ մոտակա 5-10 տարիներին Հայաստանից արտագաղթի մոտավոապես 300 հազար մարդ: Իսկ 1994-2010 թթ. ժամանակահատվածի ուղևորափոխադրումների վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամեն տարի երկրից մեկնող ուղևորների թիվը նախանձելի կայունությամբ գերազանցում է ժամանողների թվին`բացառությամբ 2006-ի: Որքան խաթարված ճակատագրեր են թաքնված այդ թվերի հետևում…

 

 

Վերջերս տրանսպորտում ես լսեցի երկու երիտասարդ կանանց խոսակցությունը: Նրանցից մեկն ընկերուհուն պատմում էր, որ ամուսինը մի տարի առաջ Մոսկվա է մեկնել, շատ գոհ է և ամեն ամիս ընտանիքին փող է ուղարկում: Իսկ ընկերուհին պատասխանում է` «դե ասա՝ քաղաքավարի բաժանվել եք, էլի»:

 

 

Ցավոք սրտի՝ շատ դեպքերում հենց այդպես էլ կա: Բայց եթե օրինական ամուսնալուծության դեպքում կարգավիճակդ միանգամայն պարզ է և կարող ես անձնական կյանքդ վերստին կառուցել, ապա այս դեպքում այդքան էլ հասկանալի չէ՝ ամուսնալուծվա՞ծ կին ես, թե այնուամենայնիվ՝ ամուսնացած: Արտագաղթի ավելացման հետ փոխվում է նաև հասարակության մեջ հայ կնոջ դերը: Մենակությունն ամենևին էլ թերարժեքության պատճառ չէ: Շատ հաճախ նրանք ինքնավստահ ու հաջողակ կանայք են: Իհարկե, կանանց հանդեպ վերաբերմունքը հայկական հասարակության մեջ դեռ հեռու է ցանկալիից: Մեր երկրում դեռ առաջվա պես տղամարդիկ են «տերն ու տիրակալը»: Հաճախ նրանք գործում են«ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր» սկզբունքով, ինչպես ձեռներեց Սիլվա Համբարձումյանի և Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի պատմության մեջ, երբ պետական այրը տիկին Համբարձումյանի խոսքերով հրապարակավ ծեծել է իրեն: Այդուհանդերձ՝ մեր կանանց դերը երկրի տնտեսական և քաղաքական կյանքում ավելի ծանրակշիռ է դառնում` գումարվելով օջախի պահապանի ավանդական դերին:

 

 

Իսկ տղամարդիկ մանավանդ երկրի մարզերում շարունակում են խոպան մեկնել: Սակայն եթե 90-ականներին նման մոտեցումն արդարացված էր, քանի որ Միության փլուզումից հետո առաջին տարիներին ձեռնարկությունները գրեթե համատարած փակվել էին, և ոչ մի տեղ աշխատանք չկար, ապա հիմա ժամանակներն այնուամենայնիվ փոխվել են: Նույն Գեղասարում. գյուղական համայնքի ղեկավար Ստաս Հովհաննիսյանի հետ զրույցից ես հասկացա, որ նա բնակիչներից շատերի նման անկեղծորեն համարում է, որ սեզոնային աշխատանքի մեկնելը հիմնականում Ռուսաստան պայմանավորված է ոչ այնքան անհրաժեշտությամբ, որքան տարիների ընթացքում ձևավորված սովորությամբ:

 

 

«Ենթադրենք մեկ սեզոնում 4-5 հազար դոլար բերեցին: Բայց եթե մնային գյուղում, անասուն պահեին, իրենց հողերը մշակեին՝ կկարողանային գրեթե նույն գումարը վաստակել: Պարզապես սովորել են մեկնելուն: Իսկ չէ՞ որ հայրենիքում կերած մի կտոր հացը շատ ավելի համեղ է: Մեր գյուղում շատերը լրիվ ծուլացել են: Այս տարի խոտի կեսը դաշտերում է մնացել՝ բնակիչները պարզապես չեն գնացել, որ հնձեն: Ժամանակին սովորել էին մարդասիրական օգնություն ստանալուն` ալյուր, շաքար, ձավար, հագուստ, հիմա էլ նստած սպասում են, թե ով ինչով կօգնի: Բայց ոչ թե սպասել է պետք, այլ աշխատել: Ես չեմ խոսում ճոխ կյանքի մասին: Խոսքը միայն այն մասին է, որ իրենց ու իրենց ընտանիքների համար տանելի պայմաններ ստեղծեն: Եթե գյուղացիներն աշխատեն` կսկսեն ավելի լավ ապրել»:

 

http://www.sobesednik.am/am/social/1594-l-r

Դիտումների քանակը` 4956

Գլխավոր էջ