Կին թեկնածուները քաղաքական սեքսիզմի դրսեւորումների մասին

Ինչպե՞ս եք վերաբերվում թիվ 1 ընտարատարածքում առաջադրված թեկնածու Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը, ով ի պատասխան  իր մրցակից Գայանե Առուստամյանի՝ բանավիճելու առաջարկին ասել էր, որ չի բանավիճի նրա հետ, «որովհետեւ նա կին է» ,  բացի այդ «վախենում է, որ նա կարող է իրեն ճանկրտել»… Այս հարցին են պատասխանում օրերս, «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցած ընտրաբանավեճի մասնակից  ինը քաղաքական ուժերի պատգամավորության կին թեկնածուները:

 

«Օրինաց երկիր» կոսակցության անդամ Մարինե Քոչարյանի գնահատմամբ Հայրապետյանը վատ իմաստով նման հայտարարություն չի կատարել: «Իմ տպավորությունն այն է, որ այստեղ խոսել է տղամարդկային բարձրությունն ու նա չի ցանկացել բանավիճել կին թեկնածուի հետ, քանի որ վստահ է եղել, որ այդ բանավեճում պարտության կմատնի կնոջը: Հետեւաբար նա մեծահոգաբար խուսափել է բանավեճից: Սա իմ տպավորությունն է», ասաց Քոչարյանը:

 

Հայաստանի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ժասմինա Ղեւոնդյանը խոստավանեց, որ չի լսել Հայրապետյանի խոսքերը, սակայն եթե նման բան տեղի է ունեցել, ապա դեմոկրատական թեկնածուն դատապարտում է այն: « Մենք ոչնչով տղամարդկանց չենք զիջում եւ նման հայտարարություն կատարելը շատ տգեղ բան է»:

 

Հայաստանի հանրապետական կուսակցության թեկնածու Նաիրա Կարապետյանը չցանկացավ մեկնաբանել իր կուսակից տղամարդու վիրավորական խոսքերը:  «ՀԱԿ-ի անդամ Վլադիմիր Կարապետյանը շատ ավելի վատ է պատասխանել Սամվել Ֆարմանյանի՝ միասին Ծիծեռնակաբերդ գնալու առաջարկին»,- նշեց նա:

 

«Ժառանգություն» կուսակցությունից Իզաբելլա Աբգարյանը նախ հիշեցրեց, որ Հայրապետյանը ներողություն է խնդրել, իսկ հետո ավելացրեց. «Տղամարդիկ, այդ թվում՝ Ռուբեն Հայրապետյանը, պետք է շատ աշխատեն իրենց վրա՝ իմանալով, թե որ դարում ենք ապրում՝ առավել եւս հիշելով, որ կան  իրենցից հազար գլուխ բարձր կին գործիչներ»:

«Միավորված հայեր» կուսակցության ներկայացուցիչ Սիմա Իսկանդարյանի գնահատմամբ` կատարվածն ապացուցում է հասարակության մեջ իշխող նահապետական մտածելակերպն  ու անհրաժեշտությունը կոտրել այդ կարծրատիպերը:

 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Էլինար Վարդանյանն էլ շեշտում է, որ բանավեճի կուլտուրան դեռեւս չի զարգացել եւ հատկապես մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներն այնքան համաձարկություն չունեն, որպեսզի մասնակցեն բանավեճերի: «Որպես կին, իհարկե դատապարտում եմ նման ձեւակերպումները եւ վստահ եմ, որ Ազգային ժողովում կին քաղաքական գործիչների քանակի ավելացումը կբերի նրան, որ տղամարդիկ ժամանակի ընթացքում կխուսափեն նման վիրավորական արտահայտություններից»:

 

«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության  ներկայացուցիչ Նվարդ Մանասյանն էլ վստահ է` տղամարդիկ կշարունակեն կանանց նսեմացնել մինչեւ այն պահը, երբ կանայք կմիավորվեն եւ միավորված հանդես գան եւ պայքարեն սեքսիստական, վիրավորական հայտարարությունների դեմ:

«Հայաստանի կոմունիստական կուսակցության» ներկայացուցիչ Դոնարա Նալբանդյանը  չի լսել Հայրապետյանի խոսքերը: «Եթե իրականում նման խոսքեր է ասել, ապա միանշանակ դատապարտում եմ: Կարծում եմ, ինչքան ԱԺ-ում կանանց թիվը մեծ լինի, այնքան տղամարդիկ իրենց ավելի զուսպ կպահեն»:

 

«Հայ ազգային կոնգրեսի»  ներկայացուցիչ Լիլիթ Մակունցն էլ կարծում է, որ կանանց հանդեպ խտրականությունը պետք է պատժվի օրենքով, որպեսզի հետագայում այն չկրկնվի:

Հասմիկ Հարությունյան

 

Դիտումների քանակը` 4417

Գլխավոր էջ