«Կին եմ, մարդ եմ, ազատ եմ, ԼԻԱՐԺԵՔ ԵՄ»…../ վիդեո

 

 Մարտի 8-ը ընձեռեց այն եզակի առիթներից մեկը, երբ մայրաքաղաքի փողոցներում բարձրաձայնվեցին գենդերային անարադարության, ընտանեկան բռնության, մեր հասարակությունում կանանց իրավունքների ոտնահարման խնդիրները…  Քաղաքացիական այս  ակցիաները յուրահատուկ հիշեցում էին  Կանանց միջազգային օրվա իրական գաղափարի մասին, թեպետ  մեզանում մարտի 8-ը շարունակվում է ընկալվել  միայն կանանց մեծարելու և ծաղիկներ-նվերներ նվիրելու կոնտեքստում…

«Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունը  մարտի 8-ին  բեմականացված քայլերթ էր կազմակերպել, որի շրջանակում մի շարք դրվագներ ներկայացվեցին հայ կնոջ առօրյայից. խնդիրներ ընտանիքում եւ  աշխատավայրում, հասարակության կողմից ոչ ճիշտ ընկալված լինելու իրականություն… կարծրատիպեր, չգիտես ում կողմից հորինված ավանդույթներ, որոնք խանգարում են կնոջը լիաթոք շնչել ու ապրել նույնքան ազատ ու սեփական իրավունքների գիտակցմամբ:  Անկախ նրանից ինչ չափով է հաջողվում  իրավունքների իրացումը տղամարդկանց, փաստ է մնում է փաստ՝   նրանք էլ են գենդերային  կարծրատիպերի զոհ դառնում… Կամ էլ փորձում են ընդլայնել իրենց իրավունքների շրջանակը կանանց հաշվին…

Խնդրի էությունը հանրությանը տեսանելի դարձնելու համար  ՀԿ-ի ակտիվիստներն անգամ կերպարանափոխվել էին.  գրիմ արել ու փորձել նմանակել   տղամարդկանց որոշակի  վարքն ու «ժեստերը». օրինակ, ինչպես են  «պպզած» երեիտասարդները  իրենց հիացմունքն են արտահայտում «ծիտ» աղջիկներին կամ ինչպես են ոտնահարում կանանց իրավունքները ու նվաստացնում վերջիններիս աշխատավայրում:

 

Այս ամենի ցուցադրությունից բացի հկ-ի ակտիվիստները նաև վիճակագրություն պարունակող պաստառներով էին զինվել: Ընդ որում ակտիվիստների շարքերն համալրել  էին նաև հայերեն ոչ մի բառ չհասկացող կամավորներ Չեխիայից, Մեծ Բրիտանիայից և եվրոպական այլ երկրներից:  Նրանց ձեռքին էին «30-39 տարեկան կանանց 60. 1 տոկոսը գործազուրկ են»,  «Հայաստանում կանանց 60 տոկոսին ամուսիններն արգելում են աշխատել» և «Հայաստանում տարեկան 1400 աղջիկ չի ծնվում  սեռի հիման վրա աբորտի պատճառով» պաստառները:

 

Ակցիայի մասնակիցների թվում կային նաեւ տղաներ, որոնք  պայքարում են ընդդեմ կանանց նկատմամբ բռնության:  Երիտասարդներից  մեկի պաստառի գրառումը  հիշեցնում էր, որ Հայաստանը մինչ օրս չունի «Ընտանեկան բռնության մասին» օրենք, մինչդեռ վիճակագրությունն անողոք է. «ՀՀ ոստիկանության տվյալների համաձայն 2012թ-ին գրանցվել է ընտանիքում բռնության 766 դեպք, 5 կին մահացել է` թողնելով 12 մանկահասակ երեխա»….

Ակտիվիստների միակ հորդորը հասարակությանը` ծաղիկներ նվիրելու  փոխարեն կանանց իրավունքները պաշտպանեք, նրանց միայն մեկ օր նվերներով սիրաշահելու  փոխարեն ողջ տարին հարգեք կանանց ու մի մոռացեք, որ նրանք նույնպես հասարակության լիիրավ անդամն են ու պարտավոր չեն բարդույթավորված անձանց դրսևորումների զոհ դառնալ. «Կին եմ, մարդ եմ, ազատ եմ, ԼԻԱՐԺԵՔ ԵՄ»…..

 

 

Նշենք, որ «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունը ծրագրել է անցկացնել մի շարք միջոցառումներ այսպես կոչված «կանանց միամսյակի»  շրջանակում՝ շարունակելով հանրության ուշադրությունը գրավել  նշված խնդիրների վրա:

 

Էնզելա Մակարյան

Լուսանկարները՝

Լիլիթ Քոչինյանի

 

 

Տեսահոլովակը՝ Epress.am

 

 

Դիտումների քանակը` 5820

Գլխավոր էջ