«Կին առաջնորդ» ֆորումը ԱԳՆ շենքի վաճառքի դեմ հայտարարություն է տարածել

 

Վաղը` մարտի 5-ին տեղի կունենա Կառավարության թիվ 2 մասնաշենքի կամ որ առավել հայտնի է  Արտաքին գործերի նախարարության շենքի վաճառքը: «Կին առաջնորդ»  ֆորումի  համակարգող խորհուրդն այսօր հայտարարություն է տարածել, որտեղ այդ գործարքը որակում են որպես ազգային և պետական շահերի դավաճանություն և պահանջում են չեղյալ հայտարարել այն:

 

Հիշեցնենք, որ Կառավարական թիվ 2 շենքում տեղակայված են ՀՀ արտաքին գործերի, տարածքային կառավարման, էներգետիկայի նախարարությունները: Աճուրդի մեկնարկային գինը՝ 51 մլն 270 հազար 840 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է: Աճուրդը կանցկացվի դասական (գնի ավելացման) եղանակով:

 

«Կին առաջնորդ»  ֆորումի  հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Ուզում ենք հիշեցնել, որ «Հանրապետության հրապարակը» այդպես է կոչվում այնտեղ գտնվող պետական հաստատությունների և ոչ թե տուրիստական կենտրոնների նպատակով: Ստիպված ենք նշել, որ պետական գործիչներից պահանջվում է պետական մտածողություն, ազգային արժանապատվություն և ոչ թե առևտրականի հմտություններ: Պետականաշինությունը բիզնես ծրագիր չէ և վաճառականի հոգեբանությամբ մարդիկ այնտեղ  անելիք  չունեն:     Մենք  ահազանգում ենք և պահանջում ենք չեղյալ հայտարարել  Արտաքին գործերի նախարարության շենքի  աճուրդի  ամոթաբեր գործարքը, որը դժվար է այլ կերպ որակել, քան  ազգային և պետական շահերի դավաճանություն», -ասված է հայտարարության մեջ:

 

Ինչո՞ւ հայտարարությունը տարածվեց աճուրդի նախօրեին, ուշացած չէ՞ արդյոք: WomenNet.am-ի հետ զրույցում «Կին առաջնորդ»  ֆորումի  համակարգող խորհրդի անդամ Կարինե Հակոբյանն ասաց, որ ինքն ամենտարբեր հարթակներում մի քանի ամիս է` բարձրաձայնում է այս խնդրի մասին:

 

«Սա «Կին առաջնորդ» ֆորումի հայտարարությունն է` որպես վերջին ահազանգ: Դեռ ուշ չէ, աճուրդը վաղն է: Հաշվի առնելով առկա հասարակական-քաղաքական իրավիճակը, իշխանությունները պետք է հասկանան, որ իրավիճակը սրել պետք չէ: Հնարավոր չէ, որ իշխանության ու ժողովրդի շահերն այդքան հակասեն: Թող հաշվի առնեն ևս մի կարծիք, չնայած Հայաստանում չես գտնի մի մարդ, որ ԱԳՆ շենքի աճուրդի վերաբերյալ այլ կարծիք ունենա: Ասողին լսող է պետք»,- ասաց Կ. Հակոբյանը:

 

Ֆորումի խորհրդի անդամը հույս ունի, որ կառավասրությունը  հետ կկանգնի ԱԳՆ շենքը վաճառելու մտքից: «Այդ աստիճան չի կարելի արհամարհել ժողովրդի կարծիքը: Հրապարակը կոչվում է` Հանրապետության Հրապարակ, դա նշանակում է, որ մեր պետական խորհրդանիշները, հաստատությունները դնում ենք կենտրոնում, չենք տանում ծայրամսեր, դա պատահական չէ: Դրանով որոշվում է վերաբերմունքը, ինչն ենք մենք ավելի կարևորում` մեր պետականությունը, թե տուրզիմը, թե մեզ գնահատում ենք որպես սպառող, սպասարկող, ծառայող ժողովուրդ»,-ասաց Հակոբյանը, հույս հայտնելով, որ պատասխանատվության պահը այդ գործարքի համար չի ուշանա :

 

Հիշեցնենք, որ 2012թ. հոկտեմբերի 4-ին Կառավարության որոշմամբ Կառավարական թիվ 2 մասնաշենք հասցեում գտնվող 14,241.9 քառ. մետր մակերեսով շենք, շինությունները և դրանց սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասի պետական բաժնեմասն ուղղակի վաճառքի ձևով օտարվել էր «Տանգո» ՓԲԸ-ին, որը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: Սակայն  դրանից հետո Կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը հայտարարեց, որ  շենքը կվաճառվի աճուրդով`  վաճառքն ավելի թափանցիկ կազմակերպելու նպատակով:

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 3667

Գլխավոր էջ