Ինչու՞ է կինը քաղաքական պաշտոնում որպես շեղում ընկալվում. հետազոտության արդյունքներ
Կին քաղաքական գործիչները ավելի շատ են բախվում հասարակության մերժողական կամ թերահավատ վերաբերմունքին, հասարակությունը նրանց նկառմամբ ավելի խստապահանջ է, նրանց սխալները ավելի ակտիվ ու խիստ են քննադատվում, նրանց անձնական կյանքը ավելի խորն է զննվում: Այս փաստը հերթական անգամ գտավ իր հաստատումը «Կանանց կողմից քաղաքական իրավունքների իրացման հիմնախնդիրները ՀՀ-ում» ուսումնասիրության ընթացքում, որը վերջերս ներկայացրեց սոցիոլոգ Գայանե Ղազարյանը «Եվրասիա համագործակցություն հիմնադրամ»-ում: Հիշեցնենք, որ Գայանե Ղազարյանը առաջադրվել էր Երևանի ավագանու ընտրություններին ՀԱԿ-ի համամասնական ցուցակով:
Հետազոտության շրջանակներում հարցման են ենթարկվել 25 հոգի՝ 12 տղամարդ և 13 կին, որոնք քաղաքական գործունեություն են ծավալում ընտրովի կամ նշանակովի պաշտոնում կամ էլ քաղաքական ասպարեզ են մուտք գործել իրենց նախաձեռնությամբ, այդ թվում հասարակական ակտիվություն ցուցաբերելով: Հարցվողների մեծ մասը Երևանից են: Ընդհանուր առմամբ ուսումնասիրությանը մասնակցել են և’ ընդդիմադիր, և’ իշխանամետ, և’ դատական, և’ ԶԼՄ-ների դաշտի ներկայացուցիչներ:
Հետազոտության նպատակն էր բացահայտել և վերլուծել կանանց և տղամարդկանց կողմից քաղաքական իրավունքների իրացման հարցում առաջ եկող հիմնախնդիրները և, մասնավորապես, գենդերային խտրականության դրսևորումները կանանց հանդեպ:
Բացահայտումները առավել քան հետաքրքրական ու անկեղծ էին: Թեպետ , ինչպես նշեց Գայանե Ղազարյանը, առավել անկեղծ էին ընտրովի պաշտոններ զբաղեցնող հարցվածները և շատ ավելի ավելի դժվարությամբ են գնացել շփման և զուսպ էին իրենց գնահատականներում նրանք, ովքեր նշանակովի պաշտոններ էին զբաղեցնում:
Ներկայացնելով հարցման արդյունքները որոշակի դիրք զբաղեցնող կանանց ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ Գայանե Ղազարյանը նշեց, որ , ընդհանուր առմամբ հարցված կանանց համար նորմալ է, երբ ամուսինը դեմ է, ավելին նա պետք է դեմ լինի, այսինքն` նա ունի այդ իրավունքը: Դիրք զբաղեցնող բոլոր կանայք այդ պաշտոնին են, որովհետև ամուսինը «ըմբռնումով է մոտեցել», «չի խոչընդոտել», «թույլատրել է» և այլն: Ամուսնացած կանայք հիմնականում շնորհակալություն են հայտնել իրենց ամուսիններին աջակցության համար: Իսկ ամուսնալուծված կանանց դեպքում ի հայտ է եկել այն հանգամանքը, որ ամուսինը դեմ է եղել կնոջ նման ընտրությանը, բայց կինը կամք է դրսևորել: Ինչ վերաբերում է այն կանանց, որոնք կարիերան սկսել են հայրական ընտանիքում, ապա այս դեպքում հիմնական դեմ հանդես եկողները մայրերն են եղել, իսկ աջակցություն կանայք ստացել են հայրերից:
«Տղամարդկանց կողմից դիրք զբաղեցնելը ընդունելի փաստ է և որևէ հարց չի առաջացնում, իսկ կանանց կողմից այդ նույնը ընկալվում է հետևյալ կերպ` ամուսինը այսպես թե այնպես պետք է խոչընդոտի և եթե դա չի արվում, ապա դա բացառություն է, հրաշք է և այլն: Այսինքն տղամարդկանց կողմից նորմա է, որ իրենց կինը պետք է համաձայն լինի, կանանց կողմից նորմա է, որ իրենց ամուսինը պետք է անհամաձայն լինի և երկուսի կողմից էլ հակառակը ընկալվում է զարմանքով»,- նշեց բանախոսը` ավելացնելով, որ սա ցույց է տալիս, որ կնոջ կողմից ինչ-որ դիրք զբաղեցնելը ընկալվում է որպես շեղում ընդհանուր պատկերացումներից: Այս գործոնը, նրա խոսքով, ավելի արտահայտված է 45 տարեկանից բարձր կին գործիչների դեպքում: Նրանց շրջանում ոմանք մեծ նվաճում են համարել, օրինակ, այն, որ չեն կատարում «թերթ կարդացող ամուսնուն մի բաժակ ջուր» մատակարարելու պարտականությունը, երբ գալիս են տուն՝ աշխատանքից հոգնած:
Գործունեությունը բարդացնող գործոնների շարքում հարցված կանայք նշում էին այն փաստը, որ ԶԼՄ-ներում կին գործչին անդրադարձը ոչ այնքան նրա աշխատանքային գործունեության կտրվածքով է արվում, այլ անձնական կյանքին կամ ուղղակի կին լինելու համատեքստում: Կին քաղաքական գործիչների հետ հարցազրույցներում առաջին հերթին խոսվում է այն բանից, թե կինը ինչպես է համատեղում աշխատանքը տնային գործերի հետ: Հարցվածներից ոմանք, օրինակ, պնդել են, որ ԶԼՄ-ները գրում են, իբր կինը ակտիվ գործունեությամբ է զբաղվում, եթե միայն «մարդաթող» է կամ «չբավարարված»: Կարծիք է հնչել նաև, որ «քաղաքականությամբ տարված կանանց անհնար է պատկերացնել անկողնում» (?!) …
«Հասարակությունը մեծ ուշադրություն է դարձնում` կին գործիչը իր ընտանեկան պարտականությունները կատարում է, թե չի կատարում, կին գործիչների անձնական, ինտիմ կյանքը մշտապես ուշադրության կենտրոնում է: Կին գործիչների աշխատանքային թերացումների հանդեպ անհանդուրժողականությունը ավելի մեծ է, իսկ սայթաքումները ավելի խիստ քննադատության են ենթարկվում», – նշեց Գ.Ղազարյանը` ընդգծելով, որ «կին գործիչների թերացումները միշտ ընդհանրացվում են, օրինակ ասում են՝ «կինը չի կարող լինել» պատգամավոր, գյուղապետ, նախագահ…
«Մինչդեռ եթե տղամարդուն քննադատում են ու ասում են , որ այսինչ-այսինչյանը շատ վատն է, և որուէ մտքով անգամ չի անցնում հայտարարել, որ տղամարդը չի կարող լինել նախագահ, պատգամավոր կամ էլ գյուղապետ», – նկատեց սոցիոլոգը:
Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, կին գործիչներին գնահատելու դեպքում հասարակությունը հենվում է սեռային չափման վրա, իսկ տղամարդկանց դեպքում գնահատվում է անձը: Այստեղից էլ կանայք հաճախ գերպատասխանատվություն են զգում իրենց գործունեությունը գերազանց իրականացնելու առումով, քանի որ նրանք էլ են մտածում , որ իրենց անհաջողությունը կարող է «խայտառակել» բոլոր կանանց և հիմնավորել առանց այն էլ գոյություն ունեցող կարծրատիպերը:
Սոցիոլոգը նաև նշեց, որ կին գործիչների գործունեության գնահատումը կատարվում է կանացիության պրիզմայով՝ կանացի է, թե կանացիությունը կորցրել է: Եվ եթե, շարունակեց սոցիոլոգը, կինը կանացիությունը պահպանել է, ապա իր գործունեության հանդեպ հանդուրժողականությունը մեծ է:
Ուսումնասիրության արդյունքները ներկայացնելուց հետո Գայանե Ղազարյանը խոսեց առաջարկների մասին, որոնք կարող են շտկել իրավիճակը: Նրա խոսքով, նախադեպերը թուլացնում են կարծրատիպերը, այդ իսկ պատճառով հարկավոր է աշխատել նախադեպերի վրա, նաև անհրաժեշտ է ԶԼՄ-ների դիրքորոշումը փոխել կին քաղաքական գործիչների հանդեպ, չէր խանգարի բարձրացնել կանանց սոլիդարության մակարդակը և այլն:
Նշենք, որ հետազոտությունը կատարվել է կանանց և ժողովրդավարության աջակցության «Շահխաթուն» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ:
Էնզելա Մակարյան
Կարդացեք նաև թեմայի առնչությամբ մեր կայքում.
Խորհրդարանական եւ ՏԻՄ ընտրություններ. կանանց մասնակցության դասերը
Ինչու՞ են կանայք խուսափում քաղաքական պայքարից
«Կանանց կոնսոլիդացիայի խնդիր ունենք հայ հասարակությունում»/վիդեո
Լարիսա Ալավերդյան. «Կանանց մուտքով է երկիրը փոխվելու»…
Լիլիթ Գալստյան. Մրցունակ, կիրթ կինը ունակ չէ խաղալ Հայաստանում առկա քաղաքական խաղի կանոններով»:
Հայաստանի կանայք կուսակցություններում և ՀԿ-ներում
Գեւորգ Պողոսյան. «Որ չասեն, տեսա՞ք, կին է, բա ի՞նչ էիք ուզում»
Դիտումների քանակը` 3968