«Կինը» հայկական ֆիլմը` լավագույների ցանկում/ վիդեո

Բանակ մեկնող տղայի մոր մասին պատմող` Արշակ Զաքարյանի հեղինակային կարճամետրաժ ֆիլմը ներկայացվել է Լեհաստանում անցկացվող «Zoom Zblizenia» միջազգային փառատոնում:

 

Հայկական ֆիլմն ընդգրկվել է 114 լավագույների ցանկում և կմասնակցի փառատոնի վերջնական մրցանակային փուլին: Ֆիլմում հայ կնոջ` որդու, ամուսնու, եղբոր նկատմամբ սերը պարտվում է հայրենիքի հանդեպ տածած սիրուն:

 

Ռեժիսորի խոսքով՝ այդպիսի կանայք մեր մեջ շատ են, ու հայ ազգը հենց դրանով է տարբերվում շատ այլ ազգերից. «Եղան կանայք, ովքեր պատերազմում կորցրեցին իրենց ամուսիններին, բայց այդ դժվարությունն իրենց ուսերին վերցրած` մեծացրեցին ու ճիշտ դաստիարակություն տվեցին իրենց որդիներին»: Հենց այս միտքն էլ առաջին պատճառն է եղել նկարահանելու ֆիլմ՝ իսկական հայ կնոջ մասին ու ներկայացնելու ամբողջ աշխարհին, որ հենց սա է հայ կինը:

 

Ստեղծագործական խմբից տեղեկացնում են, որ ֆիլմում օգտագործել են զոհված ազատամարտիկների անձնական իրեր, իսկ որոշ դերեր մարմնավորել են Արցախյան պատերազմի մասնակիցներ: Դերերում խաղում են Զառա Հակոբյանը, Տիգրան Բլբուլյանը, Վարդան Ավանեսյանը, Կարեն Հովհաննիսյանը, Հենրիկ Սահակյանը, Վլադիմիր Առաքելյանը և Տիգրան Հարությունյանը: Բեմադրող օպերատոր Դավիթ Հարությունյանն է, մոնտաժը կատարել է  Վիգեն Միքայելյանը:

 

 

Փառատոնի պաշտոնական էջից http://www.zoomfestival.pl/pods_news/1767 տեղեկանում ենք, որ փառատոնի նպատակն է ֆիլմերի լեզվով ցույց տալ մշակույթների տարբերությունը, նպաստել գաղափարների ազատությանը և ազատ ֆիլմարվեստի զարգացմանն ու տարածմանը: Փառատոնին կարող են մասնակցել խաղարկային, փաստագրական ու այլ տիպի ֆիլմեր, չկան նաև թեմաների սահմանփակումներ: Տարեցտարի մեծանում է մասնակիցների թիվն ու ընդլայնվում աշխարհագրությունը: Փառատոնը կանցկացվի փետրվարի 19-24-ը:

 

Հ. Կարապետյան

 

 

Դիտումների քանակը` 7152

Գլխավոր էջ