«Կառավարության կողմից սահմանված ծննդյան միանվագ գումարների չափերը տարօրինակ են»

Երեխայի ծննդյան միանվագ գումարների չափերին է անդրադարձ կատարել  Panorama.am –ը  մեջբերելով վերլուծաբան Մովսես Դեմիրճյանի Facebook- ում արված գրառումը.  

 

«Չէ, կեցցե մեր գործադիրը, որ պետության բյուջեից որոշակի գումար օրենքով սահմանում է տրամադրել նորածինների ծնողներին, դա իրականում շատ գովելի է, հատկապես եթե հաշվի առնենք, որ ոչ բոլոր երկրներում նման մոտեցում կա առհասարակ: Բայց, շարունակելով մնալ տրամաբանության շրջանակներում, պետք է նաև փաստել, որ սահմանված չափերը նախ համաչափ չեն, հետո էլ` չեն կարող խթանել երկրում ծնելիության տեմպերը:

 

Նախ, ինչ տրամաբանություն է ընկած առաջին և երկրորդ երեխաների պարագայում տրամադրել նույն 50.000-ական դրամը, իսկ երրորդի դեպքում` միանգամից թռիչք գործել մինչև 1 մլն. դրամ: Սա ծնելիության խթանման հետ կապ ունի, բայց իրականում շատ քիչ, քանի որ մեր երկրում այսօր պրոբլեմատիկ է ոչ թե երրորդ, այլ հենց երկրորդ երեխա ունենալը: Իսկ ժողովրդագրական պատկերի դրական փոփոխություն հնարավոր է երկուսից ավելի երեխաների դեպքում:

 

Հիմա դուք կասեք, որ կառավարությունը հենց երրորդ երեխայի ծնունդն էլ խթանում է այս ծրագրով: Ճիշտ է, խթանում է, բայց… երրորդ երեխան ունենալուց առաջ, ուզես-չուզես, պետք է նախ երկրորդն ունենաս, իսկ հենց ընտանիքում երկրորդ երեխա ունենալը պետության կողմից ֆինանսապես շատ թեթև է խրախուսվում, երրորդից 20 անգամ քիչ չափով, մինչդեռ այդ երկրորդ երեխայի նշանակությունը խիստ մեծ է:

 

Հնարավոր չէր արդյոք երկրորդ երեխայի համար սահմանել 200.000 կամ 300.000 դրամ, իսկ երրորդի ու չորրորդի` 800.000: Չէ, իրականում հնարավոր չէ, քանի որ այդքան գումար պետությունը չունի, իսկ ընդունած օրենքը տպավորություն է ստեղծում, թե պետությունը պատրաստ է աջակցել, եթե դուք պատրաստ եք ունենալ երեք և ավելի երեխա ունենալ: Եվ այդ տպավորությունն իրականությանը համապատասպանում է:

 

Խնդիրը նրանում է, որ ռեսուրսներ ունեցող պետությունն առաջնորդվում է ՆՊԱՏԱԿԱԴՐՈւԹՅԱՆ սկզբունքով, այն է` եթե նպատակ կա իրոք խթանելու ծնելիությունն այնպես, որ այն ազդի ժողովրդագրական իրավիճակի վրա, ապա մեծ ռեսուրսների առկայության դեպքում այդ նպատակը կիրականացվի:

 

Իսկ եթե երկիրը շատ ռեսուրսներ չունի, այն առաջնորդվում է ոչ թե նպատակադրության, այլ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈւԹՅԱՆ սկզբունքով, ինչպես նաև մեր դեպքում է. նպատակահարմար է ծնելիությունը խթանել այնպես, որ քիչ ռեսուրսներ ծախսվեն: Սա, ըստ էության, ոչ թե նպատակային խրախուսում է, այլ իրավիճակային:

 

Հ.Գ. Մի մեծ հարց էլ կա` արտագաղթ անունով: Եթե երկրում չստեղծվեն կյանքի, աշխատանքի և հանգստի լավ պայմաններ և արտագաղթը շարունակվի, ապա կստացվի այնպես, որ, այսօր խրախուսելով ծնելիությունը, պետությունն իրականում մեծացնում է վաղվա արտագաղթի ծավալները:

 

Այսպիսի պարադոքսալ իրավիճակներում է ընթանում մեր և մեր երկրի կյանքը»…

 

Աղբյուրը՝ Panorama.am

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Ամեն ընտանիքում մեկ նոր զավակ, մեկ նոր մանուկ». Խ.Սուքիասյանի առաջարկը

 

Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսման վարձը սեպտեմբերից փոխհատուցվելու է

 

Չաշխատող ծնողների նպաստին կանդրադառնան մեկ տարի հետո

 

Ծնունդների թիվը Հայաստանում նվազում է

 

Կառավարությունը փող չունի չաշխատող մայրերին երեխայի նպաստ տրամադրելու համար

 

Ինչպես խրախուսել բազմազավակությունը

 

Ժողովրդագրական մարտահրավերներ՝ ինչպե՞ս դիմակայել

 

Փորձագետ. «Ծնելիությունը պետք է խթանել երկրորդ երեխայից սկսած »

 

 

Դիտումների քանակը` 4376

Գլխավոր էջ