«Կանանց ներգրավվածությունը զինված ուժեր կառողջացնի բանակի մթնոլորտը»
«Կանանց ներգրավվածությունը զինված ուժեր իրականացվում է բանակում բարեփոխումների ծրագրերի շրջանակներում և կանայք կներգրավվեն հայկական զինված ուժեր փուլերով»,- Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում իգական սեռի ներկայացուցիչների ընդունելության իրականացման վերաբերյալ որոշմանը,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ մինչ այս պահը ՀՀ ԶՈւ-երում չկար այդպիսի փորձ, որ աղջիկները և կանայք ստանան մասնագիտական զինվորական կրթություն:
«Նախատեսում ենք, որ այս բարեփոխումը կօգնի բանակում ավելի առողջ մթնոլորտի ձևավորմանը, գենդերային հավասարության կբերի և կհանգեցնի նրան, որ շատ զինվորականներ այլ աչքերով կնայեն զինծառայությանը»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:
Խոսնակը նշեց, որ ՀՀ ԶՈւ-երում այս բարեփոխումները իրականացվում են համաշխարհային փորձին համահունչ և այդպիսի բարեփոխումները զինված ուժերում կրելու են շարունակական բնույթ:
«Կան շատ պետություններ, որտեղ կանայք ներգրավված են եղել սպայական կազմում և մասնակցել են մարտական գործողություններին: Այստեղ կա Գերմանիայի, ԱՄՆ-ի, Իսրայելի փորձը: Մենք ուսումնասիրում ենք բոլոր երկրների փորձը և վերցնելով լավագույնը` ներդրում ենք մեր զինված ուժերում»,- ասաց բանախոսը:
Ա. Հովհաննիսյանը հավելեց, որ այսօր շատ հրապուրիչ է և ցանկալի, որ կանայք ներգրավված լինեն կապի ոլորտում, ՀՕՊ-ի, հետախուզության ոլորտում, ինչպես նաև ՀՀ ԶՈւ-երի այլ ստորաբաժանումներում:
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 1-ին գլխի 4-րդ հոդվածի 3-րդ կետը հայտարարել է 2013/2014 ուսումնական տարում իգական սեռի ներկայացուցիչների ընդունելություն ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում։
Ընդունելությունը կատարվելու է ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ և ՀՀ ՊՆ մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտ։
Աղբյուրը` Panorama.am
Դիտումների քանակը` 6746