«Կանանց կոնսոլիդացիայի խնդիր ունենք հայ հասարակությունում»/ վիդեո

«Այսօր կուսակցություններում կանանց ներկայացվածությունը զգալի է` 30-60%, սակայն նրանց ազդեցությունը` մինիմալ: Ստեղծվել են կանանց խորհուրդներ, բայց նրանք հիմնականում  բարեգործությամբ են զբաղված և ոչ թե կանանց քաղաքականապես հասու դարձնելու, նաև չեն օգնում քաղաքական սոցիալիզացման հարցում: Այսպիսի կարծիք հայտնեց գենդերային հարցերով  փորձագետ Լիլիթ Զաքարյանը վերջերս կայացած  ԱԺ ընտրություններում կանանց մասնակցության մասին  քննարկման ընթացքում: Քննարկումը կազմակերպվել էր Օքսֆամի եւ «Կովկաս» հասարագիտական հետազոտությունների  կենտրոնի  նախաձեռնությամբ:

 

–         Այսօր կուսակցությունները շատ դեպքերում զսպաշապիկ են դարձել կանանց համար, քանի որ կա կուսակցական դիսցիպլինա, և նույնիսկ եթե  նրանց նկատմամբ  անարդարության դեպքում նրանք միևնույն է չեն կարողանում իրենց կուսակցության ներսում կոտրել այն: Չեն կարողանում, քանի որ կանանց դիրքերը թույլ են այդ կուսակցություններում, ասում է Լիլիթ Զաքարյանը, հղում կատարելով հարցի վերաբերյալ մի շարք հետազոտությունների վրա:

 

Ներկայցնելով անցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իր դիտարկումները փորձագետն առանձնացրեց մի շարք  խնդիրներ: Օրինակ, տարբեր կուսակցությունների անդամների հետ շփումները  ինչպես նախորդ, այնպես էլ  այս ընտրությունների ընթացքում ցույց տվեցին, որ նրանք շատ դեպքերում տեղեկացված չեն գենդերային հիմնախնդիրներին վերաբերող պետական որոշումներին:

 

–         Անգամ վիճակը չփոխվեց, երբ 2010 թ. ընդունվեց գենդերային քաղաքականության պետական հայեցակարգը: Շատերը նույնիսկ չգիտեին դրա մասին: Չգիտեին, որ 2011-ին կառավարությունը ռազմավարական ծրագիր է հաստատել այդ ուղղությամբ 2011-2015 թթ համար:

 

Խոսելով կանանց ՀԿ-ների և կին թեկնածուների համագործակցության մասին` Լիլիթ Զաքարյանը առանձնացրեց մեխանիզմների բացակայության խնդիրը:

 

–         Կին-թեկնածուներից ոմանք ընտրություններից հետո դժգոհություն հայտնեցին, որ կանանց ՀԿ-ները իրենց չեն օգնել ընտրապայքարում, սակայն խնդիրը երևի թե  նրանում է, որ նման աջակցություն ցուցաբերելու մեխանիզմներ մեզանում չկան: Գուցե կան առանձին հաջողված կամ չհաջողված օրինակներ , բայց մեխանիզմներ, որոնց շրջանակներում կանանց կազմակերպությունները՝ հավատարիմ մնալով հկ-սեկտորի  օրենքով ամրագրված առաքելությանը,  կարողանային աջակցել կին պատգամավորության թեկնածուներին դեռևս չկան: Անշուշտ հաջողված օրինակ էր այն, ինչ արվեց «Կինը և քաղաքականությունը» թերթում և Womennet.am կայքում, չէի էլ պատկերացնում, որ ավելին կարելի էր անել՝ կին թեկնածուներին գովազդելու և հասարակության ուշադրությունը կանանց մասնակցության խնդրին հրավիրելու առումով:

 

Փորձագետը մատնանշեց ևս մեկ խնդիր, դա կանանց կոնսոլիդացիայի պակասն է հայ հասարակությունում:

 

–         Կանանց կոնսոլիդացիան շատ թույլ է, և դրանով է բացատրվում նաև այն, որ չնայած ժուռնալիստիկան ֆեմինիզացված մասնագիտություն է, բայց այս հարցում և’ կանանց ՀԿ-ները և’ կին ժուռնալիստները և’ կուսակցությունների անդամ կանայք չեն կարողանում միմյանց հետ լուրջ համագործակցել:

 

Պատճառն էլ , իր կարծիքով  այն է, որ  կանանց հարցը ժամանակին բարձրացվել է հայ տղամարդկանց կողմից, և ոչ թե հասունացել է  ֆեմինիստական շարժման արդյունքում:

 

–         Ի դեպ, հիշենք նաև, որ կանանց հարցը  բարձրացվեց է 19-րդ դարի 2-րդ կեսին մի նպատակով` հայ հասարակությունը դուրս բերել այն իրավիճակից, որում նա գտնվում էր: Եվ ես համաձայն եմ այն տեսակետի հետ, որ առանց կանանց մասնակցության  չի կարող լինել ժողովրդավարություն: Այսօր էլ կանայք պետք են` երկիրը և քաղաքականությունը փոխելու համար…

 

 

Լիլիթ Քոչինյան

 

 

 

 

 

Կարդացեք  նաև   քննարկման այլ մանրամասներ  մեր կայքում.

 

Լիլիթ Գալստյան. «Մրցունակ, կիրթ կինը ունակ չէ խաղալ Հայաստանում առկա քաղաքական խաղի կանոններով»:

 

Լարիսա Ալավերդյան. «Կանանց մուտքով է երկիրը փոխվելու»…

 

Հայաստանի կանայք կուսակցություններում և ՀԿ-ներում

 

Ինչու՞ են կանայք խուսափում քաղաքական պայքարից

 

Մարգարիտա Հակոբյան. «Գենդերային հավասարությունը սկսվում է հենց Ազգային ժողովում»/վիդեո

 

 

Դիտումների քանակը` 4697

Գլխավոր էջ