«Կանայք և աղջիկները` աղետներին դիմակայելու տեսանելի և անտեսանելի ուժը»
Այդ խորագրի ներքո է անցնում այս տարվա Աղետների նվազեցման միջազգային օրը:
Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի բակում այսօր առավոտյան կանայք ու աղջիկները շատ էին: Օրվա հերոսները նրանք էին: Պետք է իրականացվեր սցենար` նվիրված Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան: «Մենք ուզում ենք, որ արտակարգ իրավիճակների դեպքում կանայք տղամարդկանց սպասելու փոխարեն արագ գործեն», – սա էր թերեւս օրվա խորհուրդը, որը լիովին համապատասխանում էր ՄԱԿ-ի կողմից այս տարի առաջարկված խորագրին:
Եվ այսպես սցենարը. աղետի հետևանքով ուսումնական հաստատության մուտքերն ու աստիճանները փլուզվել են: Ներսում մնացածների թվում աղջիկներ կան: Կան նաև վնասվածք ստացածներ: Դեպքի վայր հասած փրկարարները տեղում են: Նրանց հրահագները լսելով` աղջիկները պարաններով պետք է հաղթահարեն 4-րդ հարկի բարձրությունը: Վիրավորներին սպասում է աղջիկների մեկ այլ խումբ` շտապ օգնություն ցուցաբերելու:
Ակադեմիայի ցածր կուրսի ուսանողները հաղթահարում են դժվարությունը, արժանանում ակադեմիայի ղեկավարության գովասանքներին ու ծափահարություններին: Սցենարի իրականացմանը հետևելու համար ակադեմիայի տարածք հասած Խաչատուր Աբովյանի անվան մականավարժական համալսարանի ուսանողներն էլ ոգեշնչված են:
Վիկտորիա Պողոսյանը ակադեմիայի 3-րդ կուրսում է սովորում: Պարանով իջնելուց մի քիչ հուզվեց, մի քանի անգամ մարմնով պատին հարվածեց: Ասում է` սիրում է իր մասնագիտությունը, ծնողներն էլ դեմ չեն եղել, որ աղջիկն այդ մասնագիտությունն ընտրի:
Ակադեմիայի պրոռեկտորը նույնպես կին է: Այստեղ սովորողների 30-40 տոկոսը աղջիկներ են, բարձր առաջադիմություն ցույց տված ուսանողներին աշխատանքի պայմանգիր են առաջարկում, ներառում արդեն փորձառու փրկարարների շարքերը:
Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանն ասում է, որ 30 տարի տարի առաջ դժվար էր խոսել աղետների նվազեցման գործում կանանց ու տղամարդկանց հավասարության մասին: Սակայն այսօր ոչ միայն խոսում են, այլև կանայք արդեն վաղուց գործում են: Ակադեմիայի ռեկտորը այստեղ կարևորում է նաև տեխնիկայի զարգացումը, ինչը ևս հնարավորություն է ընձեռել կանանց փրկարարական աաշխատանքներում ներգրավելու համար:
«Այսօր կանայք և աղջիկները տղամարդկանց հետ կարող են հավասարափես մասնակցել փրկարարական աշխատանքների ինչպես իրականացմանը, այնպես էլ դրանց ղեկավարմանը»,-ասում է Հ. Մաթևոսյանը:
ԱԻՆ-ում ուսումնասիրել են աղետներն ու եկել եզրահանգման. «Փորձը ցույց է տալիս, որ աղետների ժամանակ երեխաները հիմնականում լինում են կանանց կողքին` մայրերի, ուսուցիչների»: Այս առումով նախարարությունում սկսել են լրջորեն մտածել դպրոցներում աղետների ռիսկի նվազեցման ուսուցման շուրջ:
«100-ից ավելի դպրոցականներ Սպիտակի երկրաշարժի ժամանակ զոհվեցին հենց դպրոցի մուտքի մոտ’ չիմանալով երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնները»,-նշում է նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը:
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետազոտական խմբի ներկայացուցիչ Ֆումիկո Կանեկոն նախօրեին նախարարությունում հայտարարել է, որ 2011 թ. Տոհոկու քաղաքում տեղի ունեցած ցունամին ավելի շատ մեծահասակների կյանքեր խլեց, քանի որ երեխաները պատրաստված էին, և տեսնելով, որ ալիքի բարձրությունը գերազանցում է պատվարի բարձրությանը’ հեռացել էին այդ գոտուց, իսկ մեծահասակները, իրենց պաշտպանված զգալով, մնացել էին պատվարի հետևում:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տիգրան Թովմասյանի խոսքով, հայ հասարակությունում ընդունված է, որ աղետների ժամանակ կնոջը ներկայացնեն զոհի, տուժածի կարգավիճակով: Թովմասյանն ասում է, հենց սա պետք է փոխել, ու մեծ ուշադրություն դարձնել աղետների դիմակայման գործում կանանց պատրաստվածության վրա: Այլ երկրներում կանայք արդեն ակտիվորեն ներգրավված են աղետների ռիսկի նվազեցման ու կառավարման համակարգում:
Սակայն, Հայաստանում, կանայք աղետների, դժվարությունների դեպքում օգնության, իրենց փրկելու ակնկալիքով սպասում են տղամարդկանց:
«Շատ կարևոր է, որ կանայք արտակարգ իրավիճականերում կարողանան ճիշտ որոշումներ կայացնել գործելու համար: Մեզ մոտ այնպիսի մտածողություն է արմատավորված, որ տղամարդը կգա սպիտակ ձիով ու իրենց կփրկի: Ու սպասում են: Սա շատ վտանգավոր է հատկապես գյուղական բնակավայրերում, որտեղ տղամարդկանց մեծ մասը դրսում է, արտագնա աշխատանքի: Մենք ուզում ենք, սպասելու փոխարեն կանայք շատ արագ կողմնորոշվեն ու գործեն»,-ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը, հիշեցնելով, որ լավագույն արդյունք լինում է այն դեպքում, երբ մինչ փրկարարների տեղ հասնելը մարդն ինքն է քայլեր ձեռնարկում:
Այսօրվա սցենարի ընթացքում աղջիկների գործողությունները ցույց տվեցին, որ նրանք այստեղ էլ գերազանց կարող են կատարել առաջադրանքը, դիմակայել աղետին, օգնել տուժածին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն էլ օրվա առթիվ հղած իր ուղերձում փայլուն օրինակներ էր մատնանշել, երբ կանայք աշխարհի շատ վայրերում պաշտպանել և վերակառուցել են իրենց համայնքներն ինչպես աղետից առաջ, այնպես էլ դրանից հետո:
Այսօրվա միջոցառման կազմակերպիչներն են` ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան (ՃԿՊԱ), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, «Սեյվ դը չիլդրեն» և «Վորլդ Վիժն» կազմակերպություններն ու Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) ազգային պլատֆորմը։
Հ. Կարապետյան
Լուսանկարները` հեղինակի
Դիտումների քանակը` 4279