«Կանայք Հայաստանում. անհայտ «թագուհիներ» փնտրելով
Այս խորագիրն է կրում հանրային դասախոսությունների շարքը, որը նախաձեռնել է Կանանց ռեսուրսային կենտրոնը՝ Հարավային Կովկասում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի (Թբիլիսի) հետ համատեղ:
WomenNet.am- ի հետ զրույցում «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի համահիմնադիր՝ Գոհար Շահնազարյանը նշեց, որ նախաձեռնությունը մեծ հաջողություն է ունեցել Վրաստանում և այժմ իրականացվում է հայասատանյան լսարանի համար՝ հայ փորձագետների ներգրավմամբ:
Ծրագիրը, որը մեկնարկել է սեպտեմբերին ներառում է 6 դասախոսություններ, որոնք ներկայացնում են հայ կանանց հիմնախնդիրները մարդկային կենսագործունեության տարբեր բնագավառներում՝ արվեստ, քաղաքականություն, զանգվածային լրատվամիջոցներ, տնտեսական հարաբերություններ: Դասախոսությունների ընթացքում քննարկվում են նաև ֆեմինիզմի և գենդերային հիմնախնդիրների վերաբերյալ հասարակության շրջանում տարածում գտած թյուր ընկալումները:
-Մեր գլխավոր նպատակներից մեկն այն էր, որ հանրայնացնեինք թեման, ևս մեկ անգամ խոսվեր գենդերային հավասարության մասին, մարդկանց ավելի լայն շերտեր ծանոթանար խնդրին՝ հաշվի առնելով նաև այն, որ հասարակությունում ունենք սխալ պատկերացումներ գենդերային հիմնախնդրի վերաբերյալ, – ասում է Գոհար Շահնազարյանը:
Նրա խոսքով, նախաձեռնությունն առանձնանում է նաև ոլորտային բազմազանությամբ:
– Մեր փորձագետների թվում տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են՝ պատմաբան, ազգագրագետ, տնտեսագետ, արվեստաբան, փորձել ենք նաև դիտարկել ֆեմինիզմի և գենդերային հիմնախնդիրների վերաբերյալ հասարակության շրջանում տարածում գտած թյուր ընկալումները,- նշում է Գոհար Շահնազարյանը և նաև դրանով է պայմանավորում, որ լսարանը շատ բազմազան է, – սկզբում իրականում կար մտահոգություն, որ գուցե նույն լսարանը ունենանք, սակայն արդեն չորրորդ հանդիպումն է և նոր դեմքեր են, շատ բազմազան լսարան:
Գոհար Շահանազարյանի դիտարկմամբ այս նախաձեռնությունը կարող է լավ սկիզբ դառանալ հետագայում՝ տարածաշրջանային նոր համատեղ ծրագրի համար, երբ դասախոսությունների փոխանակում կլինի. հայ մասնագետները կներկայացնեն իրենց հետազոտությունները Վրաստանում, վրացի մասնագետները՝ հայ լսարանի առաջ հանդես կգան:
– Այս ծրագրի նպատակներից էր նաև փորձագետների մի խումբ ձևավորել, որը ռեգիոնալ մակարդակով կկարողանա ներկայացնել գենդերային հարցերը,- ասում է նա:
Ի դեպ, նոյեմբերի 4-ին տեղի ունեցած հանդիպումը նամն համագործակցության օրինակ էր: Բանախոսը՝ փիլիսոփա, Ի. Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանի պրոֆեսոր Թամար Ցխադաձեն է, ով խոսեց ֆեմինիզմի ու ֆեմինիստների մասին: Դասախոսության անվանումն առավել քան ուշագրավ էր. «Ֆեմինիստ լինելու ուղիները. զայրացած կամ գլամուրային ֆեմինիստներ, ձանձրալի ֆեմինիստներ, ֆեմինացիներ»:
Հ.Գ. Բոլոր հանդիպումները տեղի են ունենում երեկոյան ժամերին՝ 18:30-ից մինչև 20:30, Ականաթ սրճարանում, ք. Երևան, Կողբացի 28: Դասախոսությունների լեզուն՝ հայերեն:
Ձեր հարցերը կարող եք ուղղել մեզ՝ նամակ ուղարկելով siranhovhannisyan@ysu.am and/ or gohar@womenofarmenia.org էլեկտրոնային հասցեներին:
Սպասվող դասախոսությունները.
Նոյեմբեր 12՝
“Կանայք և հայաստանյան զանգվածային լրատվամիջոցները”,
Բանախոս՝ Աննա Գևորգյան, իրանագետ
Վայրը՝ Ականաթ Գալերի Սրճարան, Կողբացի 28,
Ժամը՝ 18:30 – 20:30:
Լեզուն՝ հայերեն:
Դեկտեմբեր 2`
“Կանանց արվեստն ընդդեմ ֆեմինիստական արվեստի. Հայաստանի արվեստի պրակտիկաների կատեգորիաները և հակասությունները”,
Բանախոս՝ Սուսաննա Գյուլամիրյան, Արվեստի և մշակութային ուսումնասիրությունների լաբորատորիայի տնօրեն:
Նախորդ դասախոսությունները.
Սեպտեմբեր 17 ` “Միֆեր ֆեմինիզմի “վտանգների” մասին.ֆեմինիզմի ընկալումները հայ հասարակությունում”,
Բանախոս՝ Աննա Ոսկանյան, սոցիալական աշխատանքի փորձագետ,
Հոկտեմբեր 1` “Առկախված ֆեմինիզմ. ինչպես խաչվող հասկացություններն ու տնտեսական շահերը հայ կանանց ազատագրման համար գոյացրին ոչ բարենպաստ միջավայր”, Բանախոս՝ Նվարդ Մանասյան, կրթության ոլորտի փորձագետ,
Հոկտեմբեր 15` “Կանանց շարժումը Հայաստանում”
Բանախոս՝ Անահիտ Հարությունյան, բանասիրական գիտությունների թեկնածու, “Երևելի տիկնանց դարը” գրքի հեղինակ
Հոկտեմբեր 29` “Կանայք հայաստանյան քաղաքականության մեջ և քաղաքական տեքստերում”
Բանախոս՝ Ռուզաննա Ծատուրյան, ազգագրագետ
Նոյեմբերի 4` “Ֆեմինիստ լինելու ուղիները. զայրացած կամ գլամուրային ֆեմինիստներ, ձանձրալի ֆեմինիստներ, ֆեմինացիներ”
Բանախոս՝ Թամար Ցխադաձե
Դիտումների քանակը` 4215