«Ծաղիկները հաճելի են, բայց մենք նախընտրում ենք հեղափոխությունը…»

 

«Մարտի 8-ը պայքարո՛ղ, ոչ հարմարվող կնոջ տոնն է, Մարտի 8-ը երթում, այլ ոչ պոդիումի վրա քայլող կնոջ տոնն է,  Մարտի 8-ը իր կյանքը կառուցող, այլ ոչ ուրիշի մատուցած բարիքներից օգտվող կնոջ տոնն է,Մարտի 8-ը տղամարդուն՝ անկախ նրա ֆինանսական հնարավորություններից, սիրող, այլ ոչ որպես փողի տոպրակ դիտարկող կնոջ տոնն է, Մարտի 8-ը ընտրող, այլ ոչ  հնազանդվող կնոջ տոնն է, Մարտի 8-ը՝ իր ժամանակը գիտելիքի, աշխատանքի, այլ ոչ շպարի ու վարսահարդարի մոտ ծախսող կնոջ տոնն է, Մարտի 8-ը՝ իր խնդիրները բարձրաձայնող, այլ ոչ դրանցից փախչող, խուսափող և ամաչող կնոջ տոնն է, Մարտի 8-ը՝ կանանց դեմ բռնության, հանուն իրավահավասարության պայքարի օրն է» …

Ֆեյսբուքյան այս գրառման հեղինակ ՝  Զառա Հովհաննիսյանը  քաղաքացիական մի շարք նախաձեռնությունների անդամ է:  Երիտասարդ ակտիվիստների  այս խումբը նշեց Մարտի 8-ը  միջոցառումների իր ծրագրով՝   «Իշխանությունը տգեղ է», պերֆորմանս Հանրապետության հրապարակի գորգի վրա,  «Համակարգում վիրուս կա»՝ պատմությունների ներկայացում Ազատության հրապարակում եւ  Պարիր, որ փոխես։ Պարում ենք … ակցիայով: Նրանք նաեւ միացան  Կանանց ռեսուրսային կենտրոնի քայլերթին եւ «Հեծանիվ պլյուս» ՀԿ-ի կազմակերպված  հեծանվաերթին:

 

 

Ավարտը դրվեց   Ազատության հրապարակում: Այստեղ հավաքվեցին  օրվա ակցիաների բոլոր  մասնակիցները  կարդացին  «Ֆեմ Մանիֆեստ, Հեղափոխություն Յարս» մանիֆեստը, որով Հայաստանում ծնված, հայաստանյան հասարակության մեջ ապրող ազատ կանայք  պատրաստակամություն են հայտնում իրենց իրավունքները պաշտպանել:

 

Մանիֆեստի տեքստում,  մասնավորապես,  ասված է .

 

«Աղջիկ ծնվելը մեր առաջին հաղթանակն է: Մենք չունենք այլ ընտրություն, քան պայքարելը, որպեսզի ծնվելուց հետո էլ աբորտ չանեն մեզ` մեր ձայնը, մեր մարմինը, մեր մտքերը, մեր կարողությունները, ցանկությունները, պատկերացումները, գործողությունները: Որպեսզի կարողանանք ինքնիրացվել, զարգանալ, կայանալ որպես լիարժեք անհատներ:

 

Մերժում եմ այն համակարգը, որի մեջ ինձ դաստիարակում են և վերաբերվում են որպես ենթարկվող-հնազանդ, տեսակետ չունեցող, անինքնավստահ, հարմարվող, կցորդ:

 

Գիտակցում եմ, որ ապրում եմ պատրիարխալ, սահմանափակող համակարգում, որտեղ ստորադասը ես եմ, որտեղ ես օբյեկտ եմ, ոչ թե սուբյեկտ: Վստահ եմ, որ եթե ինքս չազատագրվեմ, ոչ ոք իմ փոխարեն դա չի անի:

 

Ուզում եմ իմանալ իմ տեսակի պատմությունը: Ուզում եմ ինձ չասեն` գնամ կոֆե դնեմ: Ուզում եմ բարձր ձայն հանել և օրգազմ ապրել սեքսի ժամանակ, առանց անբարոյական պիտակվելու: Ուզում եմ մարմինս իմը լինի, բռնության չենթարկվեմ, իմանամ ինքնապաշտպանվել: Ուզում եմ աշխատել և այն մասնագիտությամբ, որն ինքս կընտրեմ` նաև հոգևորական, զինվորական, վարորդ, վարչապետ:

 

Բարձրաձայնում եմ, որ ազատ եմ` խոսել թե չխոսել և ինչպես արտահայտվել, մասնակցել, թե չմասնակցել, ընդդիմանալ թե համաձայնվել: Անընդհատ բախվում եմ` կնիկ ա` հիմար ա, հիստերիկ ա, բան չի հասկանում, կինը ուր` քաղաքականությունն ուր կարծրատիպերի հետ:

 

Ապրում եմ ոչ իմ տեսակի ստեղծած խաղի կանոններով, որպես ուրիշ, ուրիշի աշխարհում ինձ փնտրելով: Փոխելով ինձ` փոխում եմ աշխարհը:

 

Ընտրում եմ` ինչպիսին լինել` տարբեր թե՞ մեծամասնության նման, ընդունված մոդելից դուրս թե՞ ներս, կույս լինել թե՞ չլինել, ամուսնանալ թե՞ չամուսնանալ, երեխա ունենալ թե՞ չունենալ, ամուսնանալով երեխա ունենալ թե՞ առանց ամուսնանալու: Ընտրում եմ իմ կարգավիճակը, իմ ապրելաձևը, իմ շարժուձևը, հագուկապը, մասնագիտությունը, աշխատանքը, իմ սոցիալական ցանցը: Ընտրում եմ համարձակ լինելը:

 

Գործում եմ տարբերների հետ հավասարի պես. գործում եմ հանուն. այն դաշտերում, որտեղ ավանդաբար պիտի չլինեի` ընտանիքից դուրս, պետությունից դուրս, իշխանությունից դուրս, հասարակական կարծիքից դուրս:

 

Իրացնում եմ իմ մտքերը, մարմնի ցանկությունները, երևակայությունը, երազանքները:

 

Որոշում եմ քննադատել, փոխել, կոտրել, ապրել, պարել, ստեղծել, սիրել:

 

Ստեղծում եմ իմ իրականությունը և հրավիրում եմ ձեզ այն ինձ հետ կիսելու:

 

Առաջարկում եմ առաջարկել բոլոր չառաջարկված առաջարկները:

 

Ինձ սահմանափակելն անհնար է, ես դուրս եմ եկել սահմաններից, ես չափս անցել եմ ու ինձ բռնել էլ չի լինի»:

 

 

Դիտումների քանակը` 4064

Գլխավոր էջ