«Խոսքի ազատությունը լավ բան է, բայց այն չեղյալ չի անում հարգանքը զրուցակցի հանդեպ»
Մի խումբ ակտիվիստներ փորձ են արել տապալել դիտորների ասուլիսը
ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդների այսօր հրավիրած ասուլիսը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ընդմիջվեց մի խումբ ակտիվիստների ակցիայի պատճառով։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար Հայդի Թալիավինիի ելույթից հետո մի քանի մարդ սրահում սկսեցին բղավել, սուլել, բացականչել. «Մենք ենք այս երկրի տերը, թույլ տվեք մենք գնահատական տանք այս ամենին»:
Այնուհետև ակտիվիստները մոտեցան ամբիոնին և փակելով ելույթ ունեցողների տեսադաշտը ներկայացրեցին իրենց բողոքը:
Մասնավորապես, ակտիվիստներից մի աղջիկ տեքստ է կարդացել, որում նշվում էր, թե երեկ կայացած ընտրություններն անցել են խախտումներով և եվրոպացի դիտորդներն իրավունք չունեն հաստատել այդ ընտրությունների արդյունքները: Անվտանգության աշխատակիցները փորձում էին հեռացնել աղջկան, սակայն նրանց չի հաջողվել դա, քանի որ վերջինիս կողմնակիցները շրջապատել են նրան և թույլ չեն տվել դուրս հանել:
Դիտորդական առաքելության ներկայացուցիչները դուրս են եկել սրահից` հայտարարելով ընդմիջում: Ակցիայի մասնակիցները նաև վանկարկում էին «Go home» (Գնացեք տուն): Լրագրողների հարցին, թե ովքե՞ր են, նրանք ասել են, թե Հայաստանի քաղաքացիներ են, որոնք եվրոպացի դիտորդներից պահանջում են հեռանալ Հայաստանից, քանի որ իրենց ներկայությամբ լեգիտիմացնում են այս ընտրությունները։ Ավելի ուշ պարզվեց, որ ակցիան կազմակերպվել էր «Բեկում» ժողովրդավարության աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ:
Դիտորդների ասուլիսը հնարավոր է եղել վերսկսել մեկ ժամ անց:
Մեկնաբանելով այս միջադեպը ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Քարեն Վոլդսեթը նշել է, որ խոսքի ազատությունը լավ բան է, բայց այն չեղյալ չի համարում հարգանքը զրուցակցին հանդեպ: «Լավ կլիներ, որ մեզ մատչելի լեզվով պարզաբանեին, թե ինչումն է բանը»,-ասել է նա, հավելելով, որ դիտորդները կցանկանային հանդիպել այդ ակցիայի մասնակիցների հետ:
Դիտումների քանակը` 3669