«Լսելի դարձնել կանանց ձայնը». մեկնարկում է 9-րդ “Կին” կինոփառատոնը

Վերաիմաստավորելու կնոջ տեղը և դերը կինոյի միջոցով, ձևավորելու մի նոր հենակետ, որը կնպաստի Հայաստանում կանանց կողմից ստեղծված ֆիլմերի խթանմանը, նոր անունների բացահայտմանը, ինչպես նաև տարբեր ազգերի մշակույթների փոխընկալմանը և փոխըմբռնմանը : Այս նպատակներն է հետապնդում արդեն 9-րդ անգամ Երեւանում  անցկացվող“Կին” միջազգային կինոփառատոնը, որն այս տարի  կանցկացվի դեկտեմբերի 3-7-ին:  Այս անգամ հանդիսատեսի ուշադրությանն են ներկայացվելու 69 ֆիլմեր` 25 երկրներից:

 

“Մենք ցույց ենք տալիս, որ ստեղծագործ կանայք ունեն իրենց աշխարհընկալումը, որ նրանք  կարող են նկարահանել  շատ լուրջ ֆիլմեր եւ բարձրացնել հասարակությանը հուզող լուրջ հիմնախնդիրներ”,-ասում է կինոփառատոնի տնօրեն Մարիամ Օհանյանը :

 

Փառատոնի համակարգող Լինա Հովակիմյանի խոսքով,  նախապատվությունը չի տրվելու միայն կանանց խննդիրները արծարծող ֆիլմերին, փառատոնի ժյուրին գնահատելու է եւ ֆիլմի պրոֆեսիոնալիզմը, եւ անկեղծությունը:

 

“Փառատոնը հնարավորություն է տալիս զգալ ժամանակի շունչը, ձեռքը դնել զարկերակին եւ տեսնել, թե ինչն է հուզում մարդկանց ողջ աշխարհում: Սա մեծ պատուհան է դեպի աշխարհ”,-նշում  է Մարիամ Օհանյան:

 

Փառատոնի ծրագիրն այս տարի բավականին հարուստ է: Ծրագրում ներառված են ֆիլմեր Իսպանիայի, Չիլիից, Պերուից, Չինաստանից:  Ներկայացված են թե կարճամետրաժ, թե վավերագրական ֆիլմեր: Այս տարի փառատոնի մասնակից  ֆիլմերի շարքում ներկայացված է նաեւ արգենտինահայ քույրերի ֆիլմը, որոնք տարիներ առաջ եկել են Հայաստան, այստեղ ֆիլմ նկարահանել եւ այժմ արդեն այն ներկայացվում է փառատոնի դատին:

 

Ամեն տարի փառատոնը կազմակերպում է նաեւ որեւէ  հայտնի կին ռեժիսորի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն, այս տարի ընտրվել է Սյուզան Խարդալյանը: Հանդիսատեսը հնարավորություն կունենա տեսնել  “Տատիկի դաջվածքները” հայտնի ֆիլմը:

 

Փառատոնի ընթացքում ցուցադրվում են նաեւ այլ փառատոնի ծրագրերը: Այս տարի “Կին” փառատոնը կցուցադրի նաեւ ԲԱՖՏԱ-ի կարճամետրաժ ֆիլմերի ընտրանին: Կներկայացվի նաեւ ճապոնական ֆիլմերի “Ասիա” փառատոնի ծրագիր: Փառատոնի հյուրն է նաեւ “Սինեմա Վերիտե” վավերագրական փառատոնի ղեկավար, պարսկուհի Լեյլա Հոսեյնը՝ նա  ընտրելու է հայ ռեժիսորների ֆիլմեր, որոնք կներկայացվի այդ փառատոնում:

 

Տիկնիկային թատրոնի փոքր դահլիճում ամեն օր առավոտյան 11-6-ն ընկած ժամանակահատվածում, կարճ ընդմիջումով կներկայացվեն մրցութային ֆիլմերը, իսկ երեկոյան ժամերին` փառատոնի հյուրերի ֆիլմերը: Փառատոնի մուտքն ազատ է: Ֆիլմերը կցուցադրվեն անգլերեն, ռուսերեն, որոշները` նաեւ հայերեն թարգմանությամբ: Իսկ փառատոնի հեղինակավոր ժյուրին կընտրի “Կին” 9-րդ միջազգային փառատոնի լավագույն ֆիլմը,  կտրվեն նաեւ հատուկ մրցանակ եւ դիպլոմներ: Ժյուրիի կազմում են Զեք Պողոսյանը` (դերասան, գրող, Արգենտինա), Մահվաշ Շեյխոլեսլամի(ռեժիսոր, Իրան), Արծվի Բախչինյան (կինոգետ, Հայաստան), Կարինե Ջանջուղազյան(դերասանուհի, Հայաստան), Արման Չիլինգարյան (ռեժիսոր, Հայաստան)։ Իսկ դեկտեմբերի 7-ին կինոփառատոնի հյուրերի մասնակցությամբ կհրավիրվի կլոր սեղան «Կին ռեժիսորը ժամանակակից իրականության մեջ» թեմայով»:

 

Կինոփառատոնի տնօրեն Մարիամ Օհանյանի դիտարկմամբ  տարբեր երկրներում կին կինեմատոգրաֆիստների  խնդիրները տարբեր են:

 

“Եթե մենք համեմատում են Իրանի կանանց կինեմատոգրաֆը Հայաստանի կանանց կինեմատոգրաֆի հետ, ապա կարող են ասել, որ Իրանի դեպքում այն ավելի գիտակցված է եւ կին-ռեժիսորները իրենք շատ ավելի են մտածում իրենց դերի եւ խնդրի մասին եւ անդրադառնում դրան, քան մենք”,-նշում է Մարիամ Օհանյանը:

 

Նրա խոսքով, հայկական կինոյում ավելի հաճախ կանայք եւ աղջիկները խուսափում են կանանց թեմայից. “Այստեղ որոշակի ճնշում կա: Շատ հետաքրքիր է, երբ արտաքնապես թվում է, թե մենք շատ ավելի ազատ ենք, քան պարսկուհիները, սակայն իրականում իրենք ունեն  ավելի մեծ ներքին ազատություն, քան մենք: Նույնիսկ չադրայի տակ գտնվելով իրենք կարող են շատ լուրջ թեմաներ բարձրացնել եւ խոսել այդ մասին, իսկ մեզ մոտ կանայք խուսափում են դրանից”:

 

“Կին” միջազգային 9-րդ կինոփառատոնին ներկայացված հայկական ֆիլմերը, նկատում է նա ,  շատ չեն եւ հիմնականում  ուսանողների աշխատանքներ են.”Իրենք դեռ ազատ են դեռ ինքնուրույն կյանքի հնարավորություն ունեն, հետագայում, երբ ամուսնանում են ինչ -որ գուցե խնդիրներ են առաջանում”:

 

Մարիամ Օհանյանը սա պայմանավորում է հայ կանանց ներքին վախերով եւ կարծրատիպերով.”Կա վախը կին լինելուց, իր ինքնությունից, երբ կնոջը թվում է,  որ լավ,  ուժեղ արվեստագետ դառնալու համար նա պետք է մոռանա իր ինքնությունը”:

 

Նրա խոսքով, կին ռեժիսորների մոտ տարօրինակ, կարծրատիպային ընկալում կա, որ եթե իրենք մասնակցում են կանանց փառատոնին, դրանով որպես արվեստագետ արժեզրկվում են, դա եւս, Մարիամ Օհանյանի խոսքով,  մտավախության արդյունք է, որ կասեն` կանանց մասին ֆիլմ է անում  կանանց կինոփառատոնում:

 

“Կինը հասարակության մեջ պետք է ընկալվի որպես անձ  ոչ թե դիտարկվի որպես իգական սեռի ներկայացուցիչ”,-համոզված է Մարիամ Օհանյանը:

 

Գենդերային հավասարության հասնելու համար, նրա խոսքով, երկուստեք աշխատանք է հարկավոր.”Դա պետք է գա եւ վերեւից` պետությունը պետք է դրան նպաստի եւ նաեւ ներքեւից` կինը պետք է աշխատի իր վրա եւ դառնա ավելի մրցունակ”:

 

Մարիամ Օհանյանի խոսքով, պատահական չէ.  «Այսօր կնոջ ձայնն ավելի ցածր է հնչում,  ավելի քիչ լսելի է: “Կին” փառատոնն այդ ձայներից մեկն է»…

 

Նշենք, որ  «Կին» փառատոնն անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության, ֆրանսիական դեսպանատան եւ Բրիտանական խորհրդի աջակցությամբ:

 

Մարիաննա Ղահրամանյան

Դիտումների քանակը` 4808

Գլխավոր էջ