«Լռության հետ դեմ առ դեմ…»
80-ամյա Ամալյա Աբրամովան /Աբրահամյանը/ իրեն «երջանիկ» միայնակ է համարում, ով իր օրը լցնում է անդավաճան ընկեր–ծանոթների հետ հանդիպումներով ու անցյալի հիշողությունները թերթելով: Բայց այնուամենայնիվ ասում է. «Ուր էլ գնամ, վերադառնում եմ տուն, որտեղ լռության հետ մնում եմ դեմ առ դեմ».
– Պապս Նախիջևանի Կզնուտ գյուղից էր, տատս` Ապրակունիսից: Կզնուտում ծնված հայրս միշտ պատմում էր իր ծննդավայրի, բնության, երկու եղբայրների ու երեք քույրերի, իրենց մանկության խաղերի, թանկ ու հարազատ մարդկանց մասին: Ու մի օր էլ, երբ արդեն իմ ընտանիքն ունեի, որոշեցի այցելել Նախիջևան: Այն ինձ համար ուխտագնացություն էր:
1966 թվականին Ամալյան 5-ամյա որդու` Արամի հետ այցելում է Կզնուտ, որը նաև Գարեգին Նժդեհի ծննդավայրն էր: Տեղաբնակ ադրբեջանցիներին հետաքրքրում է օտար, հայ կնոջ այցը, նրանցից մեկը հիշում է իր պապի պատմությունը կզնուտցի աշխատասեր ու բարի հայի`Սահակ պապի գերդաստանի մասին, հետո նա ցույց է տալիս նրա մեծ տունը, որն արդեն դարձել էր դպրոց, իսկ փոքր տան տեղում խանութ էր: Հրաժեշտին ադրբեջանցին Ամալյային իր պապի այգուց վարդի մի տունկ է տալիս, որպես հայրենի հող ու ջրից մի մասունք: Ամալյան վարդի հետ բերում է նաև մի բուռ հող:
Ամալյայի ծնողները Նախիջևանից տեղափոխվում են Վրաստան և հաստատվում Թբիլիսիում, որտեղ էլ 1936 թ. մարտին ծնվում է Ամալյան: Շատ վաղ հասակում նա կորցնում է հորը, մայրն ամուսնանում է մեկ ուրիշի հետ, ու ստացվում է այնպես, որ 3-ամյա աղջնակին որդեգրում է հորեղբայրը: 1941 -1945 թթ-ի պատերազմի տարիները Ամալյան անցկացնում է Խարկովի Սևաշ գյուղում, հորեղբոր կնոջ հայրական տանը: «Գյուղում գերմանացիներ շատ կային, սակայն նրանք իմ հանդեպ բարեհամբույր էին, անգամ գերմաներեն սովորեցրին», -հիշում է Ամալյան: Պատերազմից վերադարձած հորեղբայրը ընտանիքի հետ վերադառնում է Թբիլիսի:
Դպրոցն ավարտելուց հետո Ամալյան մեկնում է Երևան, սովորում Ժդանովի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում, ավարտելուց հետո 2 տարի աշխատում Արմավիրի Մրգաշատ գյուղում որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի, իսկ կարճ ժամանակ անց դասավանդում է Երևանի Օստրովսկու անվան մանկավարժական ուսումնարանում, հետո դառնում ուսումնարանի փոխտնօրեն:
1973 թ-ին Ամալյայի և ամուսնու աշխատանքային գործունեությունը շարունակվում է Գերմանիայի Ցայց քաղաքում, որտեղ Ամալյան դարձյալ դասավանդում է ռուսաց լեզու: Վերադառնում են կրկին Երևան: Հասունացած ու կրթություն ստացած զավակների ամուսնությունից կրկնակի երջանկացած Ամալյայի համար կյանքը հիասքանչ էր ու չէր էլ մտածում, որ գալու է մի օր, երբ ամուսնու մահից հետո Քանաքեռ ԳԷՍ-ում գտնվող իր բնակարանում 1987 թվականից ապրելու էր միայնակ: Որդին` Արամը այսօր ապրում է ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում: Մեկնելուց հետո անցել է 35 տարի, սակայն առ այսօր գժտված է մոր հետ ժառանգության և ունեցվածքի պատճառով, ինչ է թե մայրը իրենից բացի չէր անտեսել նաև դստերն ու մի քանի հարազատների: 35 տարին մի ամբողջ հավիտենականություն է միայնակ ապրող մոր համար, ցավ է ու կսկիծ: Աղջիկն ամուսնացած է և ապրում է Մոսկվայում, ու թեև ամուսնու մահից հետո օտարության մեջ ապրելն էլ ավելի է դժվարացել, այնուհանդերձ հաճախակի զանգերով փորձում է մեղմել Ամալյայի մենակությունն ու եղբոր դաժան անտարբերությունը: Բայց….
– Էությամբ ուժեղ եմ, տոկուն, չեմ սիրում ուրիշների մոտ նվնվալ, դեռ նրանց հույս եմ տալիս: Տարիներ շարունակ դասավանդման հետ մեկտեղ եղել եմ էքսկուրսիաների սիրահար, աշակերտներիս հետ հաճախ եմ արշավներ կազմակերպել: Ակտիվ էի նաև Գերմանիայում աշխատած տարիներին,- հիշում է Ամալյան :
1992 թվականից Ամալյան անցել է թոշակի, ստանում է 45 հազար դրամ թոշակ, որը չի բավարարում կոմունալ վարձերի, դեղորայքի ու ապրելու համար: <Փարոս> համակարգի շահառուների ցանկում չեն ընդգրկում, պատճառաբանելով, թե որդի ունի, եղելությունն իմանալուց հետո առաջարկել են դիմել ոստիկանություն, որից հետո իրենք Գլենդելում ապրող որդուն դատարանի միջոցով կստիպեն ամեն ամիս գումար ուղարկել մորը: <Ես կտրականապես մերժեցի նրանց առաջարկը: Ինձ հարկավոր չէ նրա ուղարկած գումարը: Ես իմ գլուխը կպահեմ: Աղջկաս մոտ չեմ ուզում գնալ, այնտեղ նեղվածք է, չեմ ուզում խանգարել նրանց>,-ասում է Ամալյան:
Շաբաթվա 5 օրը Ամալյան օգտվում է բարեգործական ճաշարանից, շնորհակալ է, որ կան բարեգութ մարդիկ: Նոր տարվա կապակցությամն իրեն չեն մոռանում նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի, Հայաստանի աշխատանքի վետերաների միության աշխատակիցները, բոլորից էլ շնորհակալ է:
– Ոտքերի ծանր վիրահատություն եմ տարել , հիանալի հարևաններ ունեմ, նրանք ու ծանոթներս ինձ խնամում էին, օգնում սնունդով մինչև ոտքի կանգնեցի: Տանը երկար չեմ նստում, սիրում եմ քայլել ու ավելի շատ տրանսպորտի գումարը տնտեսելու նպատակով: Երկար տարիներ է, ինչ <Թիֆլիսահայերի միջազգային ակումբ>-ի և <Նախիջևանահայերի հայրենակցական միավորում> ՀԿ-ի վարչության անդամ եմ: Իմ հասակակիցների համար կազմակերպում եմ կինոդիտում, այցելում ենք թատրոն, ցուցահանդես, կազմակերպում հանդիպումներ, ասում-խոսում ենք, օրներս անցնում է: Ուր էլ գնամ, օրվա վերջում իմ տանը մնում եմ լռության հետ դեմ առ դեմ>,-ասում է Ամալյան:
Կարոտից ծնված ցավն անտանելի է, ու որքան էլ Ամալյան այդ ցավը թաքցնի հոգու խորխորատներում, այնուհանդերձ, անկախ իր կամքից այն արտահայտվում է աչքերում, թեև լեզուն շարունակում է օրհնել զավակներին ու մաղթել առողջ ու երջանիկ կյանք: Իսկ ինքն ամուր է, ինքը կդիմակայի մենությանը:
Անուշ Ներսիսյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Տարեցները Կայուն զարգացման օրակարգում
Յուրաքանչյուրիս ապագան՝ այսօրվա տարեցներն են. երկու պատմություն
Արժանապատիվ ծերության սպասելիս
«Չգիտեմ էլ, երկար ապրելը լա՞ վ է, թե՞ վատ»…
Դիտումների քանակը` 3587