«Լեզվի կտրածը» չի լավանում…

 

 

… Անունս Նելլի է, 29 տարեկան եմ: Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո ծնողներիս հորդորով ամուսնացա, առանց պատկերացում կազմելու թե ինչ բան է ամուսնությունը:Պատճառներից մեկն այն էր, որ խեղճ մայրս մտածում էր, որ այլևս հնարավորություն չի լինի, քանի որ հայրս հարբեցող էր, մենք էլ գյուղում էինք ապրում, յուրաքանչյուր ոք ով ամուսնության նպատակով գալիս էր, առաջինը հեթին ընտանիքիս բարոյական և սոցիալական ուրվագծին ծանոթանալու միտումով, հայկական ավանդական ձևով, հետաքրքրվում էր առաջին իսկ պատահած գյուղացուց: Եվ այսպես, ընտրության հնարավորություն չունեի, և հետո խելացի տղա էր երևում, ասում էին աշխատասեր է, լավ ընտանիք կպահի, մի խոսքով ամուսնացա:

 

Ամուսնությունից մեկ ամիս չանցած հասկացա, որ մեր բնավորությունները տարբեր են, նա չափազանց հանգիստ բնավորություն ունի, ես` առավել ակտիվ: Տարաձայնությունները արմատավորվեցին հենց այս տարբերության հողի վրա: Ոչ մի ջերմություն, ոչ մի քնքուշ խոսք, օր օրի ավելի էինք հեռվանում: Ամիսներ անց արդեն նկատելի ձևով օտարացել էինք, ոչ ոք չկար որ կարողանայի խոսել, պատմել խնդրիս մասին, որևէ ելք գտնել անելանելի իրավիճակից դուրս գալու և ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար: Հարևան հասկացողությունը մեր ընտանիքում չէր ընդունվում, թույլ չէր տալիս անգամ խանութ գնալ, պատուհանից դուրս նայել:

 

Շքեղ կյանքով չէինք ապրում, ոչ էլ սոված էինք մնում: Պահանջկոտ չեմ եղել, բավարարվում էի եղածով: Երջանիկ լինելու համար ինձ ընտանեկան անդորրն արդեն իսկ բավական էր: Բայց չկար, չկար ոչ՛ սպասված տաք ընտանիքը, ոչ՛ սեր, ոչ՛ գումար: Սրանք այն նախադրյալներն էին, որոնք սպասելիք վիճաբանությունների ազդանշանն էին տալիս: Հղի էի, շատ էի հուզվում ամեն մի չնչին առիթից: Մի անգամ տուն եկավ և սկսեց վիրավորել, հայհոյում էր անխնա, առանց առիթի, բայց դե ակնհայտ էր, որ պատճառն այն էր , որ ընտանիք պահելու համար նրան կրթութուն էր հարկավոր, մշտական աշխատանք, որը անշուշտ նա չուներ: ՉԷր ծեծում, միայն հայհոյում էր, անվանում «տավարի ցավ, անասուն», բայց ինչպես ասում են «լեզվի կտրածը» չի լավանում` ի հակադրություն «սրի կտրածի»:

 

Մի օր, առավոտյան արթնացավ և սկսեց անարգել, անվանել անբարոյական, մեկնելով իր պահվածքը հետևյալ կերպ.-«Երազ եմ տեսել, մի երիտասարդի հետ գրկախառնված էիր, դու ինձ դավաճանում ես, անբարոյական»:  Այսպես արդեն 7 տարի, ես ապրում եմ նրա հետ մի հարկի տակ, նվաստացած և առհամարված կացության մեջ: Երկու երեխա ունեմ, որոնք մեծանում են մի ընտանիքում, որտեղ հայհոյանքներից և վեճերից բացի ոչինչ չեն տեսնում: Շատ հաճախ` կրկնող առօրյաից փախչելու համար, գնում եմ ծնողներիս տուն, այնինչ այնտեղ ավելի սարսափելի դրություն  է:

 

 

Հայրս հարբեցող է, օրերով խմում է և պառկում անկողնում: Իր կյանքի պատմության մեջ երևի 4 անգամ է աշխատել, վաստակածն էլ վատնել է խմելու վրա: Խեղճ մայրս տղամարդու աշխատանք է անում: Առավոտյան գնում է դաշտ, աշխատում մինչ հետմիջօրե: Գալիս է, հոգնած, թրջված հագուստով: Աշխատած գումարն էլ 5.000 դրամ, որի կեսը հորս ծախսերը հոգալու համար է, մյուս կեսն էլ կոմունալ ծախսերի: Մայրս մի կին է, ով արդեն 30 տարի է ինչ ապրում է այսպիսի նսեմացված կյանքով, արհամարված և քամահարված:Երբեք չեմ լսել, որ հայրս մի քնքուշ, հարգալից խոսք ասի: Ճիշտ է մորս և իմ խնդիրները իրենց տարբերություններն ունեն, բայց երկուսս էլ ապրում ենք բռնության մեջ:

 

 

Շատ եմ մտածել ամուսնուցս բաժանվելու մասին, բայց երեխաներիս պահելու համար ֆինանսական ոչ մի աջակից չունեմ, անգամ մասնագիտություն չունեմ, որ կարողանամ աշխատել, գոյս պահել: Արդեն  8 տարի է ինչ այս կացության մեջ եմ, ամուսնուս համար բոլորովին մեկ է… ապակիացած հայացք, ներշնչում և արտաշնչում և լրիվ անտարբերություն այն բանի հանդեպ, որ ուզած վարկյանին այդ էլ կարող է դադարել ընդմիշտ…

 

Լիանա Սարգսյան

 

Դիտումների քանակը` 3194

Գլխավոր էջ