«Իշխանության զգեստապահարանը»

Կին  քաղաքական գործիչներն ու նորաձեւությունը

“Կին քաղաքական գործիչները գտնում են, որ նորաձևության հանդեպ հետաքրքրություն ցուցաբերելը իրենց կողմից որպես թուլություն կդիտվի :  Չէ որ նրանք ավելի կարևոր գործեր ունեն»« – ասում է Ռոբ Յանգը՝ անցյալ տարի լույս տեսած «Իշխանության հագուստը. կին  քաղաքական գործիչներն ու նորաձեւությունը»/ «Power dressing: First Ladies, Women Politicians and fashion» գրքի հեղինակը: Իր գրքում ֆեշն լրագրողը պատմում է այն մասին, թե ինչպես է հագուստն ազդում կին քաղաքական գործիչների և առաջին տիկնանց կարիերայի վրա: Յանգը անդրադառնում է 50 գործող և նախկին կին նախագահների, վարչապետերի, թագավորական կանանց կերպարներին ավելի քան 30 երկրներում, այդ թվում այնպիսի գործիչների, ինչպիսիք են Միշել Օբաման, Կարլա Բրունի-Սարկոզին, Անգելա Մերկելը և գրեթե սրբապատկերներ հանդիսացող `Էվա Պերոնը, Իմելդա Մարկոսը, Մարգարետ Թետչերը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ռոբ Յանգի ռուսական ՄԱԳ եւ ամերիկյան «Ֆորբս»  ամսագրերին  տված  հարցազրույցներից հատվածներ :

 

                             

«Ես չէի էլ փորձում, չէի ուզում լինել օբյեկտիվ»

 

Ինչո՞ւ եք այսպիսի վիճահարույց թեմա ընտրել: Բավականին դժվար է լինել օբյեկտիվ քաղաքականության և նորաձևության մեջ միաժամանակ:

–       Ինքներդ գիտեք, որ օբյեկտիվություն գոյություն չունի: Դա առասպել է: Մեզ դուր է գալիս ինքներս մեզ ասել. «Ես փորձում էի, բայց…» Իմ պարագայում ես չեմ փորձել, չեմ ուզել լինել օբյեկտիվ: Ընդհանրապես գրագրության և լրագրության մեջ ինչքան շատ ես անհանգստանում, այնքան վատ արդյունք ես ստանում: Գրքի թեման ընտրելիս ես հասկանում էի, որ այն ամենաանվտանգը չէ: Երբ ես կապ էի հաստատում այն կանանց հետ, ում մասին գրում էի, ավելի ճիշտ նրանց ներկայացուցիչների հետ, նրանք բառացիորեն կախում էին լսափողը: Նորաձևության բնագավառից որոշ մարդիկ, ում ես կցանկանայի ներգրավել որպես մեկնաբաններ, նույնպես հրաժարվեցին: Նրանք վախենում էին: Դա ինձ ճնշում էր, բայց միևնույն ժամանակ նաև ոգեշնչում էր, թեման ավելի հետաքրքիր էր դարձնում: Ես հասկանում էի, որ այն արդիական է և արձագանք կառաջացնի: Չէ որ ես նկարագրել եմ այն երկու մշակույթների, երկու աշխարհների հանգույցը, որոնք շատերի կարծիքով ոչ մի ընդհանրություն չունեն. քաղաքականություն և նորաձևություն: Ես մտածեցի, որ սա կարևոր թեմա է, քանի որ մարդիկ վախենում էին դրանից:

 

 

Ի վերջո, Ձեզ հաջողվե՞ց խոսել գրքում ներկայացված հերոսուհիներից որևէ մեկի հետ:

 

 

–       Ոչ: Բանը նրանում է, որ`գրեթե ոչ: Ինձ հաջողվեց խոսել միայն մեկ կին քաղաքական գործչի հետ: Նա Ռեբիյա Կադիրն էր ` Չինաստանի արևմուտքում ույղուրների համայնքի ներկայացուցիչը: Առևտրային գործարքների շնորհիվ նա միլիարդատեր դարձավ և զբաղեցնում էր բարձր պաշտոններ Չինաստանի Ժողովրդական Հանրապետոթյան կառավարությունում: Այժմ նա գտնվում է Վաշինգթոնում, ըստ էության աքսորի մեջ` կորցնելով իշխանությունն ու փողերը: Եվ նա միակն էր, ով խոսեց ինձ հետ, քանի որ այլևս կորցնելու ոչինչ չուներ: Աշխարհի ամենահզոր երկրներից մեկը իր մահն է ցանկանում:

 


Իսկ միթե՞ մնացած կին քաղաքական գործիչները չէին կարող  հանդիպել Ձեզ հետ և ընտրել այն հարցերը, որոնց կցանկանային պատասխանել:

 

–       Հենց խնդիրն էլ նրանում է, որ` ոչ: Չէ որ քաղաքականության մեջ ընդունված է կարծել, որ նորաձևությունը մի մակերեսային, անլուրջ, հիմար  բան է` հիմար մարդկանց համար: Պետք է հասկանալ և այն, որ իմ գրքի հերոսուհիները շատ մեծ կախվածության մեջ են ինչպես ընտրողներից, այնպես էլ սեռի և ֆեմինիզմի հետ կապված հարցերից: Ընդունված է նորաձևությունը համարել զուտ կանացի գործ, իսկ կին քաղաքական գործիչները չեն ցանկանում ուշադրություն հրավիրել իրենց` հենց իգական սեռին պատկանելու փաստի վրա: Նրանք կարծում են, որ նորաձևության հանդեպ հետաքրքրություն ցուցաբերելը իրենց կողմից որպես թուլություն կդիտվի: Չէ որ նրանք ավելի կարևոր անելիքներ ունեն: Ես շատ լավ հասկանում եմ բոլոր այդ պատճառները: Սակայն ամենակարևորն այն է, որ իմ գրքով ես ցանկանում էի օգնել: Ես գիտեմ, որ թվում է, թե հիմար գաղափար է: Ես ցանկանում էի ազատել նրանց այս բանտից: Ես ուզում էի ցույց տալ, որ կարելի է կրել ավելի ազատ զգեստներ, մշակել ավելի յուրահատուկ ոճ, որ պարտադիր չէ խստորեն հետևել այն կանոններին, որոնք գոյություն են ունեցել երկար տարիներ: Վերջիվերջո, նրանցից շատերը դեռևս այդ կանոնների գերին են: Գրքի հիմնական խնդիրներից մեկը սա էր . «Արդյոք դա անհրաժեշտ էր», և «Փոխվում է արդյոք նրանց ոճը»: Եվ, այո, շատ կին-քաղաքական գործիչների մոտ առաջընթաց է նկատվում:

 

Իսկ դուք կցանկանայի՞ք աշխատել նրանցից որևէ մեկի հետ որպես խորհրդատու կամ ոճաբան:

 

–       Ոչ, ես ընդհանրապես չեմ ուզում որևէ ընդհանուր բան ունենալ նման բաների հետ: Դա բնավ չի հանդիսացել գիրք գրելուս պատճառը, և նույնիսկ հիմա չեմ ցանկանում այդ մասին մտածել: Ինձ համար այս գիրքն ընդհանրապես փակում է քաղաքականության և նորաձևության թեման: Ես չեմ պատրաստվում լինել փորձագետ այս բնագավառում, վարել բլոգ և այլն: Ես մշակեցի այս թեման և հետո պարզապես դուրս նետեցի այն իմ գլխից: Միգուցե դա այնքան էլ խելամիտ արարք չէ, բայց հաստատ այն չէ, ինչով ես կցանկանայի զբաղվել հետագայում: Ինձ համար նաև շատ կարևոր է, որ մարդիկ հասկանան շարժառիթները: Ես նորաձևության քննադատ չեմ, և բնավ չէի պատրաստվում քննադատել այդ կանանց. «Դուք ավելի լավ է սա հագնեք, դադարեք այսպես հագնվել»: Դա այնքան պրիմիտիվ է: Եվ եթե ես հիմա սկսեի աշխատել որպես ոճաբան, ապա իմ գիքը կկորցներ իր ողջ արժեքը:

 

Ի՞նչ եք կարծում կին-քաղաքական գործիչների` նորաձևության վրա ունեցած ազդեցության մասին: Բավարար է այն, երբ որևէ իշխանուհի կամ նախագահի կին հագնի որևէ զգեստ, և այն անմիջապես ցանկանան գնել միլիոնավոր կանայք:

 

–       Դա շատ ծիծաղելի է, այնպես չէ: Դա ուղղակի զավեշտ է: Բայց դա մեր celebrity-մշակույթի մի մասն է կազմում: Մենք ինքներս ենք նրանց դարձնում խենթ սպառողներ: Դիտեք հեռուստացույց, կարդացեք ամսագրեր. սա իսկական ուղեցույց է: Մենք իսկապես պարտադրում ենք մեր ընթերցողներին կրկնօրինակել ինչ-որ մեկի ոճը: Այս թեման ինձ նաև հետաքրքրում է իմ գրքի լույսի ներքո: Վերջիվերջո, կին-քաղաքական գործիչները կարող են միլիոնավոր մարդկանց ճաշակ ձևավորել: Բայց անձամբ ես չեմ հասկանում` ինչու են մարդիկ ցանկանում կրկնօրինակել ինչ-որ մեկին:

 

Լավ կլիներ, որ կին-քաղաքական գործիչները, օգտագործելով իրենց ազդեցությունը լայն հասարակության վրա, թելադրեին ավելի չափավոր սպառում և ավելի գիտակից վարքագիծ նորաձևության բնագավառում: Դա կօգներ լուծել որոշ խնդիրներ:

 

–       Միգուցե նրանք ուզում էին դառնալ լավ օրինակ, բայց մասնավոր զրույցի ընթացքում կասեն, որ եթե իրենք համարձակվեն միևնույն զգեստով մի քանի անգամ ներկայանան, ապա անշուշտ քննադատության կենթարկվեն: Ճիշտ այնպես, ինչպես քննադատում են չափազանց շատ հագուստ ունենալու պարագայում: Ամեն դեպքում նրանք պարտվող են այս խաղում: Կանանց ավելի խիստ են դատում:

 

«Կանայք օգտագործում են իրենց ոճի գործոնը` որպես  քաղաքական ուժ»

 

Ձեր գրքում  ասվում է, որ վերջին 5 տարիների ընթացքում  մենք ականատեսն ենք եղել այն լուրջ փոփոխությունների,  որոնք տեղի ունեցել քաղաքական դաշտում կանանց հագնվելու հետ կապված:

 

–       Կարծում եմ` ժամանակակից կին քաղաքական գործիչների քաջության, վստահության և  երբեմն չմտածվածության արդյունքում նրանք օգտագործում են նորաձևությունը ամենատարբեր ձևերով, օրինակ Գաբրիելա Պաուլին Գերմանիայից, Միչելա Վիտտորիա Բրամբիլլան Իտալիայից, Քվենտին Բրիսը Ավստրալիայից, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն և Ռաչիդա Դատին Ֆրանսիայից: Միացյալ Նահանգները և Միացյալ Թագավորությունը այս առումով ավելի պուրիտանական են, սակայն շնորհիվ գլոբալիզացիայի, ես կարծում եմ, որ  միջազգային պատնեշներ հաղթահարող կանայք կարծես թե մրցավազքի են դուրս եկել Ամերիկայի կոնգրեսի որոշ կին- անդամների և Բրիտանիայի պատգամավորների հետ: Հիմա էլ գալիս են կրտսեր սերնդի ներկայացուցիչները, ովքեր նույնիսկ ավելի համարձակ են, քան իրենց նախորդողները: Օրինակ, Գերմանիայի քաղաքական գործիչ Ագնես Մալցակը: Նա իր դեղնակարմիր մազերով, մշակված գոթական դիմահարդարմամբ և քթի ու շուրթի պիրսինգով, կարծես կամուրջ է հանդիսանում նոր սերնդի հիփփիների և Էմոների միջև: Բայց 2009-ին, երբ նա ընդամենը 24 տարեկան էր, ընտրվեց Գերմանիայի խորհրդարանում, և ոչ որպես էքսցենտրիկ թեկնածու: Եվ, իհարկե, հասարակությունը մեծ շոկ ապրեց այդ ամենից:

 

Կարող ենք ակնկալել գրքի  երկրորդ հատորը, որը կլինի վերլուծություն տղամարդկանց հագուստի վերաբերյալ:

 

–       Շատ հետաքրքիր կլիներ: Բայց  կան կոնկրետ խնդիրներ, որոնք հատկապես կանանց հետ են կապված:  Առաջինը, այնքան շատ անհավասարություններ և երկակի ստանդարտներ կան, որոնց հետ ազդեցիկ կանայք բախվում են ամեն առավոտ զգեստապահարանը բացելիս և հագնվելիս: Մյուս գլխավոր պատճառն այն է, որ կին-քաղաքական գործիչների «ոճային պատմությունները» առավել հետաքրքիր են, քան տղամարդկանց պատմությունները, քանի որ կին-քաղաքական գործիչների հանդերձարանները ավելի բազմազան, բազմիմաստ և հակասական են այնպիսի գերզգայուն ասպարեզի համար, ինչպիսին է քաղաքականությունը: Բայց եթե ես գրելու լինեի տղամարդկանց հագնվելաոճի մասին գիրք, ես կանդրադառնայի շատերին: Առավել մեծ հետաքրքրություն կներկայացնեն շքեղ հագնված կամ կովբոյական ոճով հագնված տղամարդիկ, ինչպիսիք են ամերիկյան Կոնգրեսի անդամներ Չարլզ Ռենգելը և Քեն Սալազարը, և Վլադիմիր Պուտինի նման տղամարդիկ, ովքեր հաճախ աշխատանքից դուրս հագնում են ոչ պաշտոնական հագուստ` հասարակության վրա տպավորություն գործելու նպատակով: Մյուսները, ովքեր որոշակի հետաքրքրություն կառաջացնեն, Բրազիլիայի նախկին նախագահ Լուլա դա Սիլվայի նմանակներն են, ովքեր համադրում են «սովորական հագուստը»  խիստ ոճի կոստյումի հետ, կամ էլ շատ էլէգանտ արտաքինով տղամարդիկ, ինչպիսին է Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզան: Մի խոսքով, բավականին հետաքրքրաշարժ նյութ կա:

 

Եվ, վերջապես, մեր օրերում ինչպիսի նկարագիր կտաք  «իշխանության ներկայացուցիչների հագնվելաոճին»:

 

–       Գիտեք, չնայած այն բանին, որ իմ կյանքի վերջին երկու տարիների ընթացքում ամբողջովին ընկղմված եմ եղել այս ամենի մեջ, միևնույն է, դեռևս շատ դժվարանում եմ պատասխանել այդ հարցին: Այնքանով, ինչքանով ես եմ հասկանում, համենայն դեպս այս համատեքստում, կանայք օգտագործում են իրենց ոճի գործոնը` որպես իրենց քաղաքական ուժը, ժողովրդականությունը և ստատուսը մեծապես բարձրացնելու մի միջոց: Այս գրքի վերնագրում ես որոշ չափով օգտագործում եմ «իշխանական հագուստ» արտահայտությունը որպես փոխաբերություն: Խոսքը միայն 80-ականների էսթետիկայի մասին չէ, ինչպես բոլորս ենք կարծում: Խոսքն այն մասին է, թե ինչպես են այդ կանայք հաջողության հասել կամ, հակառակը, ձախողել, օգտագործելով իրենց իսկ կերտած կերպարները կարիերայում:

 

 

 

http://www.forbes.com/sites/raquellaneri/2011/09/09/power-dressing-a-conversation-about-politics-and-fashion-with-robb-young/

Դիտումների քանակը` 9519

Գլխավոր էջ