«Ինձ փրկեց աղոթքը»

«Կալանավայրում ժամանակն անցնում էր դանդաղ ու միօրինակ: Ուրախանալու կամ տխրելու առիթները շատ չէին, եթե ստացվում էր` տարվա ընթացքում մի քանի անգամ հարազատներն էին այցելում: Բոլորս էլ հարազատներ ունեինք, ամուսին, երեխաներ, բայց երբևէ չեմ տեսել, որ աղջիկներից որևէ մեկի ամուսինը կալանավայր այցելեր»,- հիշում է Եվան: Վերջինիս կյանքը չդասավորվեց այնպես, ինչպես ծրագրում էր պատանեկության տարիներին: Եղեգնաձորի մանկապարտեզներից մեկում դայակ աշխատող Եվան էլ շատերի պես վաղ տարիքում ամուսնացավ:

«Ապրում էինք վարձով, ամուսինս էլեկտրիկ էր աշխատում: Մի կերպ էինք հասցնում, բայց երջանիկ էինք, աշխատում էինք հույսով, որ մի օր հաջողությունը մեր դուռն էլ կթակի»,- պատմում է նա: Բայց երջանկությունը կարճ տևեց, ամուսինը մահացավ, ու Եվան մնաց միայնակ` երկու փոքրիկ երեխաների հետ:

Օգնող չունեի, բարեկաներս մի կերպ իրենց կարիքներն էին հոգում, շատերն էլ խոստում էին տալիս, բայց հաջորդ օրն այն փոշիանում էր: Երբեմն դիմացիս հարևաններն էին օգնում: Կինը չափազանց բարի էր, հաճախ երեխաներին իր մոտ էր թողնում, պետք եղած ժամանակ պարտքով գումար էր տալիս, եթե խողովակի կամ այլ խնդիր էր լինում` ամուսինն օգնում էր: Մտածում էի` բարի մարդիկ են, լավություն են անում, իմ հերթը գա` ես էլ կօգնեմ:

Բայց երևի ինձ վիճակված չէ հանդիպել բարի մարդկանց: Մի անգամ հարևանիս ամուսինն առաջարկել կենակցել, մերժեցի ու խզեցի կապերս այդ ընտանիքի հետ, բայց նա շարունակում էր հետապնդել: Տղամարդկային թասիբն էր վիրավորվել, ինձ նման մեկն իրեն մերժել էր: Մի օր էլ գիշերը ժամը 12-ին դուռը ծեծեց, բացեցի, նա էր` ապտակեց ու հարձակվեց վրաս: Դիմադրությունն անօգուտ էր: Նա սկսեց երեխաների առաջ ինձ բռնաբարել: Չգիտեմ` ինչպես ստացվեց, խոհանոցային դանակը ձեռքս ընկավ ու հարվածեցի որովայնին»,- պատմում է Եվան:
Բարեբախտաբար, հարևանը չմահացավ, բայց Եվան հայտնվեց ճաղերի հետևում: Սպանության փորձի մեղադրանքով Եվան կալանավայրում անցկացրեց 8 տարի: Ասում է` կալանավայրում սանիտարահիգիենիկ պայմանների բացակայության դեպքում էլ փորձում էին պահպանել իրենց կանացիությունը, փորձում չչարանալ, չատել:
«Ինձ փրկեց աղոթքը: Անդադար աղոթում էի, ու այդ կերպ հոգիս հանդարտվում էր: Ներողություն էի խնդրում կատարածիս համար ու Աստծուց խնդրում տեսակցություն երեխաներիս հետ»:
Ցավոք, երեխաների հետ տեսակցությունն ուշանում էր: Եվային միայն քույրն եր այցելում: Հետո պարզեց, որ երեխաներն ապրում են սկեսրոջ հետ ու հրաժարվում են մորն այցելել:
Արդեն 6 տարի Եվան ազատության մեջ է: Երկար ընդմիջումից հետո զավակների հետ հանդիպումը չստացվեց: Որդին` Արտյոմը, ընդհանրապես հրաժարվեց մոր հետ հանդիպելուց, իսկ դուստրը` Լիլիթը, մորը խնդրեց հեռանալ ու իրենց չխայտառակել: Եվան այդպես էլ արեց: Իհարկե, սկզբում փորձեց պատմել, բացատրել, բայց` անօգուտ: Հաարակությունը նրա նմաններին չի ընդունում, թեպետ Եվայի բախտակիցները շատ են, որ կյանքի քառուղիներից մեկում «սայթաքել» են ու ճակատներին կրում են «հանցագործ» բառն ու այն վայելում ամբողջ «քաղցրությամբ»:
Ծանոթների միջնորդությամբ այժմ Եվան մանկապարտեզում հավաքարար է աշխատում: Թեպետ դեռ 40 տարեկան չկա, բայց իր տարիքից շատ ավելի մեծ է երեւում: Արդեն 6 տարի` Եվան երեխաների կյանքին հեռվից է հետևում.Դուստրը շուտով կամուսնանա, որդին կգնա բանակ, ցավոք, այս ամենին Եվան հետևում է հեռվից:
«Չգիտեմ, թե ինչո՞ւ են ինձ արհամարհում: Ո՞րն է իմ մեղքը, ես ընդամենը զոհ եմ, բայց դա քչերն են հասկանում: Հուսամ, որ մի օր երեխաներս կհասկանան, կներեն ու հետ կընդունեն»,- ասում է նա:
Կալանավայրից մնացած միակ սովորությունն այժմ աղոթելն է: Առավոտը Եվան սկսում է «Հայր մեր»-ով, իսկ կիրակի օրերին մասնակցում պատարագին: Աղոթքի վերջում էլ պարտադիր կրկնում`«Աստվա´ծ, պահպանի´ր զավակներիս»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտումների քանակը` 3305

Գլխավոր էջ