«Ինձ մենակ իմ էրեխեքն են հետաքրքրում»

 

 

Ընտանեկան բռնության ենթարկված Սոնայի պատմությունը մենք ներկայացրել էինք երկու տարի առաջ (տես՝ «Ես ջենտլմեն չեմ»), այդ ժամանակ Սոնան վերադարձել էր ամուսնու մոտ՝ ընտանիքը փրկելու եւս մեկ հնարավորություն տալով նրան: Սակայն կարճատեւ խաղաղ ընտանեկան կյանքին կրկին հաջորդել էին հոգեւոր ու ֆիզիկական բռնությունները, ինչն այս անգամ վերջնականապես ստիպեց Սոնային լքել ամուսնուն եւ հեռանալ: Իր դժվարությունների եւ խնդիրների մասին պատմում է հենց ինքը՝ ընտանեկան բռնության զոհը:

 

 

«Չգիտեմ էլ՝ ինձ ինչ օգուտ կտա էս ամենը, երեւի թե ավելի շատ պատմում եմ, որ մի քիչ թեթեւանամ: Ես հիմա ինձ շատ միայնակ եմ զգում: Էրեխեքս իմ մոտ չեն, դատարանի որոշմամբ՝ մնացել են հոր մոտ, ծնողներս ու ախպերներս Հայաստանում չեն, ես էլ չեմ կարող նրանց մոտ գնալ, քանի որ էդպես վերջնականապես կկտրվեմ էրեխեքիցս:

 

 

Սկզբից պատմեմ: Մեր ընտանիքը ֆինանսական ծանր վիճակում էր, մենք նույնիսկ տուն չունեինք, ես էլ արդեն հասուն աղջիկ էի, ու բոլորը սպասում էին, թե ես երբ եմ ամուսնանալու: Մեր հարեւանը ինձ ծանոթացրեց իր ընկերոջ տղայի հետ, ասեց, թե լավ ընտանիքի տղա ա, խելոք, աշխատող…ամուսնացա: Ապրում էինք ամուսնուս ծնողների հետ. առաջին մի քանի ամիսը հարաբերությունները լավ էին, բայց հետո սկսվեց դժոխքը:

 

 

Սկեսուրիս դուր չէր գալիս իմ արած ոչ մի բանը, ոչ սարքածս ճաշն էր հավանում, ոչ լվացածս ամանը: Ամեն մանր բան վեճի առիթ էր դառնում, ու միշտ ես էի մեղավոր դուրս գալիս: Ամուսինս էլ միշտ մորն էր պաշտպանում, որովհետեւ սկեսուրս միշտ բողոքում էր ինձնից, իսկ ես ինձ ավելի զուսպ էի պահում, չէի ասում, թե գլխիս ինչ օյիններ էր բերում: Առաջին երեխայի ծնունդից հետո վեճերն ու կռիվները ավելի խորացան, էն աստիճանի, որ արդեն ամուսինս իմ վրա ձեռք էր բարձրացնում:

 

 

Ես լռում էի, միայն մորս հետ էի կիսվում, բայց հորս ու ախպերներիս չէի ասում: Դե, Հայաստանում չէին, ի՞նչ կարող էին անել: Երկրորդ երեխայից հետո վիճակս ավելի ծանրացավ, չէի հասցնում երկու երեխային հետեւել, սկեսուրս աշխատում էր, երբեմն էլ ինձ էր օգնում, բայց ամուսնուս ասում էր, թե կինդ գործ չի անում, սաղ օրը պարապ նստած ա: Ով փոքր էրեխա ունի, գիտի, որ էրեխեքի հետ անհնար ա պարապ նստել: Բայց ամուսնուս համար էլ մոր ասածն օրենք ա, ինքը չէր էլ խորանում, էլի իմ վրա էր ձեռք բարձրացնում: Եղել են դեպքեր, երբ սկեսուր, սկեսրարս էլ էին ինձ խփում:

 

 

Ես մի անգամ ոստիկանություն գնացի, բայց հետո համոզեցին, բողոքս հետ վերցրի: Ես ինչ անում էի, էրեխեքիս խաթր էի անում: Փաստաբանի հետ էլ խորհրդակցեցի: Սրանք որ հասկացան, ես լուրջ եմ տրամադրված, խելոքացան, խնդրեցին, որ տուն վերադառնամ, խոստացան, որ էլ մատով ինձ չեն կպնի: Բայց ինչպես ասում են, կարմիր կովը իր կաշին չի փոխի: Նորից նույն վեճերն ու ծեծը: Արդեն անհնար էր դիմանալ: Արժանապատվությունս էլ թույլ չտվեց, որ մնամ: Ապահարզան պահանջեցի:

 

 

Երեխաներս դատարանում ասեցին, որ ուզում են հոր հետ ապրեն, դատարանն էլ որոշում կայացրեց, որ ավելի լավ է՝ հոր հետ մնան, քանի որ ես էդ պահին ոչ տուն ունեի, ոչ աշխատանք: Մի քանի ամսով գնացի Ռուսաստան՝ ծնողներիս մոտ: Բայց կարոտը խեղդեց, հետ եկա, որ էրեխեքիս մոտ լինեմ: Ծնողներս իմ համար մի փոքր տուն են առել Երեւանից դուրս, հիմա աշխատում եմ, որ կարողանամ ինձ պահեմ ու էրեխեքիս տեսնեմ: Ցուրտ եղանակին չեմ կարողանում հաճախ տեսնեմ էրեխեքիս, որովհետեւ այգի չեմ կարող տանել, իսկ սրճարան տանելու համար էլ հաճախ փողս չի հերիքում: Էրեխեքն էլ արդեն առաջվա պես ջերմ չեն իմ նկատմամբ, երեւի տատն ու պապը իմ դեմ են տրամադրում…

 

 

Չգիտեմ, ինչ պիտի անեմ, ես հիմա իմ էրեխեքի համար եմ ապրում: Մեկ-մեկ որ խորը մտածում եմ, հասկանում եմ, որ էս սաղ խնդիրները նրանից ա, որ հայ ընտանիքները շտապում են աղջկան ամուսնացնելու հարցում: Ինձ ոչ մեկ չասեց ՝ աղջիկ ջան, դու էդ տղային որ չես ճանաչում, ո՞նց ես ամուսնանում: Էնքան դժվարություն ու ցավ, որ ես եմ տեսել, թշնամուս անգամ չեմ ցանկանա: Բայց որ մտածում ես՝ ինչի՞ համար: Մարդիկ ամուսնանում են, որ ընտանիք կազմեն, երջանիկ լինեն, իսկ ես իմ կյանքը խորտակեցի…

 

 

Ես գիտեմ, որ Հայաստանում ամուսնացած-բաժանված կնոջը վատ աչքով են նայում, երկրորդ անգամ շատ քիչ կանայք են ամուսնանում, ես չեմ էլ մտածում դրա մասին, ինձ հիմա իմ էրեխեքն են մենակ հետաքրքրում»:

 

Արման Ղարիբյան

 

Դիտումների քանակը` 3106

Գլխավոր էջ