«Ինձ համար իսկապես պատիվ է աշխատել հայոց բանակում»
5 երեխաների մայրը համատեղում է աշխատանքն ու ընտանեկան հոգսերը
«Ես ուժեղ կին եմ, երբեք չեն հանձնվում»,- ինքն իրեն այսպես է բնութագրում 43-ամյա Արուսյակ Սարգսյանը: Նա սեփական կենսագրությամբ եւս մեկ անգամ ապացուցում է, որ նպատակասլաց կնոջ համար չկան անհաղթահարելի խնդիրներ: Տիկին Արուսյակը ներկայումս աշխատում է ՀՀ զինված ուժերում, օրվա մեծ մասն անցկացնում է աշխատավայրում, ասում է, որ շատ է սիրում իր աշխատանքն ու հպարտությամբ է կրում զինվորական համազգեստը. «Երբ աշխատանքից տուն եմ գնում, չեմ շտապում վրայիցս հանել համազգեստը, երեխաներս անգամ զարմանում են: Ինձ համար իսկապես պատիվ է աշխատել հայոց բանակում»:
Արուսյակ Սարգսյանը զինված ուժերում աշխատանքի է անցել միայն վերջերս, երբ արդեն տատիկ էր դարձել. «Ես կարծում եմ, որ չկա մի այնպիսի ոլորտ, որտեղ կինը չի կարող մուտք գործել: Սեռն էական չէ, ամեն ինչ կախված է մարդու անհատական հատկանիշներից: Ես հինգ երեխաների մայր եմ, ունեմ նաեւ թոռնիկ, բայց ես նաեւ պիտի աշխատեմ: Ամուսինս դեմ չէր, որ աշխատեի զորամասում, նա ամեն հարցում վստահում է ինձ»: Արուսյակ Սարգսյանը հեշտությամբ է համատեղում աշխատանքն ու ընտանեկան հոգսերը՝ աշխատասիրության եւ կազմակերպվածության շնորհիվ: «Ամեն երեկո ես պլանավորում եմ, թե ինչ պետք է անեմ վաղը, դրա շնորհիվ ոչ ընտանիքս է տուժում, ոչ աշխատանքս: Ես բավականին ուշ եմ քնում եւ առավոտյան վաղ եմ արթնանում, որպեսզի ամեն ինչ հասցնեմ»,- սա է ակտիվ կնոջ հաջողության գրավականը:
Արուսյակ Սարգսյանը ծնվել եւ մեծացել է Երեւանում, 13 տարի պարարվեստի դպրոց է հաճախել, սակայն ժամանակավորապես հրաժարվել է պարից ամուսնության պատճառով: «Ես Եղեգնաձոր եմ հարս գնացել, այնտեղ մեկ տարի աշխատել եմ որպես պարուսույց, ունեի իմ պարի խումբը, իմ աշխատանքը շատ էի սիրում, բայց նաեւ շատ էի ուզում երեխաներ ունենալ…ես հինգ երեխաներիս էլ գիտակցաբար եմ լույս աշխարհ բերել, որպեսզի նրանք շենացնեն մեր հայրենիքը»,- ասում է բազմազավակ մայրը: Արուսյակ Սարգսյանը հիշում է, որ իր եղբայրերն ու հայրը բավականին խիստ են եղել իր նկատմամբ, տան միակ աղջկան մշտապես ուշադրության կենտրոնում են պահել: Հետագայում իր դուստրերին Արուսյակն, ինչպես ինքն է նշում, «ավելի ազատ, բայցեւ հայեցի դաստիարակություն է տվել»:
2001 թվականից Արուսյակն իր ընտանիքով տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատագրված տարածք՝ Եղեգնուտ գյուղ, աշխատել է տեղի դպրոցում որպես երգի եւ աշխատանքի ուսուցման ուսուցչուհի, հետագայում համալրել է ՀՀ զինված ուժերի շարքերը՝ որպես գործավարուհի: «Մեր ընտանիքը շատ է կապված բանակին, տղաներիցս մեկը պայմանագրային, մյուսն էլ ժամկետային զինծառայողներ են, երկուսն էլ ունեն հաջողություններ, ես հպարտանում եմ նրանցով եւ կարող եմ ասել, որ երջանիկ մայր եմ»,- նշում է Արուսյակը: Նրա գտնում է, որ ուժեղ ու ինքնվստահ կնոջը չի սազում «տղամարդ-կին» արտահայտությունը, քանի որ ուժեղ լինելը ոչ մի կերպ չի հակասում կանացիությանը: «Այսքան զբաղվածության հետ միասին ես երբեք չեմ մոռանում, որ ես կին եմ եւ ոչ մի դեպքում չեմ կորցնում իմ կանացիությունը»,- ժպիտով ավելացնում է երիտասարդ տատիկը:
Արման Ղարիբյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Աղջիկների մուտքը ռազմական հաստատություններ՝ բանակի բարեփոխումների մի մասն է
Հայ կանայք բանակում. կողմ եւ դեմ
«Անժելիկան տղես ա. պիտի ծառայի»…
Դրա մասին կարող են երազել ոչ միայն «իսկական տղամարդիկ»…
Նրանք բանակի մասին մանկուց են երազել…
«Աղջիկներն իրենց օրինակով կարող են ապացուցել, որ խաղաղ պայմաններում բանակում զոհ չի կարող լինել»…
Կանայք աշխարհի բանակներում և մարտի դաշտում
Ղարաբաղյան պատերազմի կանացի դեմքը
Դիտումների քանակը` 5437