«Իմ քաղաքացիական դիրքորոշումը ձևավորվել է բլոգոսֆերայում»…

 «Այնպես ստացվեց, որ ես  առաջիններից մեկն էի  այս  ոլորտից, ով պատգամավորության թեկնածու դարձավ և, հետևաբար,  բոլոր կոները թափվեցին իմ գլխին…», – ասում է հայտնի բլոգեր Իզաբելլա Աբգարյանը,  ով ընդգրկվել է  ԺառանգությունևԱզատ դեմոկրատներկուսակցությունների միասնական ընտրական ցուցակում  իններորդ տեղում:  Այս փաստը, ի դեպ,  արժանացավ ոչ միանշանակ գնահատականի վիրտուալ և ոչ միայն վիրտուալ հասարակության կողմից:   Անձամբ Իզաբելլան շատ մարտական է տրամադրված, և WomenNet.amի հարցերին պատասխանելիս ասաց,  որ արձագանքել կուսակցության կողմից արված համագործակցության առաջարկին, բայց  իններորդ տեղն անսպասելի էր իր համար. «Ես գիտեի, որ կլինեմ ցուցակներում, սակայն թե ինչ դիրքերում, իմացա միայն հրապարակման օրը»:

Այս նորությունը առանձին դեպքերում առաջացրեց վրդովմունք և զարմանք, սակայն, ավելի հաճախ `դրական արձագանքներ ստացավ… Իզաբելլան, ով սոցիալական ցանցերում iza1976 նիկով է հանդես գալիս,  իր էջում գրեց.  «Իմ անունը նախընտրական ցուցակներում հայտնվելու օրվանից սկսած ես անընդհատ լսում եմ հետևյալ հարցը. «Իսկ ովքե՞ր են բլոգերները», «Երբվանի՞ց են սկսել բլոգերներին ընդգրկել քաղաքականության մեջ», և այլն: Ինձ նույնիսկ առաջարկեցին փոխարինել «անկուսակցական, բլոգեր» ձևակերպումը «ֆրանսերենի թարգմանիչ, դասախոս» ձևակերպմամբ, ինչին ես չհամաձայնեցի, քանի որ  կարծում եմ ՝  իմ քաղաքացիական դիրքորոշման ձևավորումը տեղի է ունեցել հենց բլոգային տարածքում»: Ավելին, կասկած անգամ չունեմ, որ կան շատ ավելի արժանի բլոգերներ, ովքեր իրենց վերլուծական կարողություններով և իրականության պատկերացմամբ կհաղթեն շատ ու շատ պատգամավորների: Ուղղակի այնպես ստացվեց, որ առաջինը ես պատգամավոր դառնալու առաջարկ ստացա »…

 

Այնուամենայնիվ, ինչու՞ որոշեցիք մտնել քաղաքականություն: Ո՞րն էր պատգամավոր դառնալու հիմնական դրդապատճառը:  

Ապաքաղաքական երբեք չեմ եղել, չնայած կուսակցական չեմ:  Դեռ ուսանողական տարիներից սկսած զբաղվել եմ սինխրոն թարգմանությամբ, ուսումնասիրել եմ ոչ միայն հայկական, այլև միջազգային քաղաքական իրադրությունը: Ավելին, լավ ծանոթ եմ իրավական դաշտին, քանի որ իրավաբանական լեզվի մասնագետ եմ: Այդ իսկ պատճառով, ստանալով առաջարկ «Ժառանգություն» կուսակցությունից, շատ ուրախացա, որ նոր հորիզոններ են բացվում  կուտակված փորձի և գիտելիքների, նպատակաուղղված պայքարի և այն գաղափարների իրականացման համար, որոնք մինչ այդ մնում էին իմ բլոգում: Այնպիսի զգացողություն էր, որ ես գոռում եմ, բայց իմ ձայնը լսելի չէր: Այժմ ես հնարավորություն կունենամ ձայնս հասարակությանը հասցնել ավելի բարձր հարթակից:

 

Ո՞րն է լինելու Ձեր առաքելությունը խորհրդարանում:

Իմ առաքելությունը իմ գործունեության շարունակությունն է, բայց արդեն նոր հզորությամբ: Առաջին հերթին պաշտպանելու եմ քաղաքացիների իրավունքները` փորձելով դեպի լավը փոխել այն իրականությունը, ուր  նրանք այսօր հայտնվել են: Կշարունակեմ ներգրավված լինել այն ոլորտներում, որտեղ արդեն իսկ փորձ և անհրաժեշտ գիտելիքներ ունեմ` սոցիալական խնդիրներ, կրթություն, բնապահպանություն, միջազգային հարաբերություններ: Ընդհանուր առմամբ, սատարելով Ժառանգության ծրագրերին, համոզված եմ, որ կկարողանամ որակական նոր փոփոխություններ մտցնել մեր այսօրվա իրականության մեջ:

 

– Ինչպիսի՞ն են Ձեր սպասելիքները ընտրությունների արդյունքներից:

– Նախևառաջ, իմ սպասելիքները կապված են ընտրությունների թափանցիկության հետ: Երկրորդը, իհարկե հավատում եմ «Ժառանգության» հաղթանակին:  Շատ եմ ուզում, որ այս անգամ խորհրդարանում հայտնվեն մարդիկ, ովքեր եկել են ԱՇԽԱՏԵԼՈՒ, ներկայացնելու քաղաքացիների, այլ ոչ թե մարդկանց որոշակի կատեգորիայի   շահերը: Հենց դրանից է կախված, թե որքանով արդյունավետ կլինի մեր օրենսդիր մարմինը: Կանանց ավելի լայն ներկայացվածությունը Ազգային Ժողովում, կարծում եմ, միայն օգուտ կլինի: Համոզված եմ, որ կանայք առավել մեծ պատասխանատվությամբ են մոտենում իրենց պարտականություններին, ինչպես նաև ընդունակ են տեսնել այն ամենը, ինչ տղամարդիկ չեն տեսնում (թող տղամարդիկ չնեղանան):

 

Ի դեպ, Իզաբելլան դիմել էր իր գործընկերներին խնդրանքով. «Ինձ պետք են 10-15 վստահված անձինք, ովքեր ընտրությունների օրը ստանալով համապատասխան մանդատը` ընտրական տեղամասերում կվերահսկեն քվեարկության և քվեաթերթիկների հաշվառման գործընթացները: Հաշվի առնելով այն փաստը, որ ես ներկայացնում եմ քաղաքացիական ոլորտը, այդ մարդիկ, իմ պատկերացմամբ, նույնպես պետք է լինեն անկուսակցական: Սակայն ինձ համար ամենակարևորն այն է, որ նրանք լինեն ՑԱՆՑԻՑ»: Ներկա պահին ես ունեմ երեք վստահված անձ, երկուսը OpenArmenia ֆորումից են (մարդիկ, ում հետ երկար ճանապարհ եմ անցել` սկսած ծառատունկից մինչև հիվանդներին և անապահով ընտանիքներին օգնություն տրամադրելը) և մեկ ֆեյսբուքյան ընկեր, ում համար ընտրությունների թափանցիկությունն ու արդարացիությունը սկզբունքորեն կարևոր է: Ակնկալում եմ Ձեր աջակցությունը: Օգնե՜ք վերահսկել ընտրությունների ընթացքը»:

Շատերը  արդեն իսկ ցանկություն են հայտնել օգնել պոտենցիալ պատգամավորին…

 

Զրուցեց՝ Աննա Սաթյանը

Դիտումների քանակը` 5404

Գլխավոր էջ