«Իմ սիրելի ողջեր ու մեռածներ, ես կպատմեմ աշխարհին ձեր պատմությունը»…

 

 

«Իմ միակ զենքը տեսախցիկն է։ Նրա հետ եմ մտել  պատերազմ, նրա հետ էլ դուրս կգամ։ Այո, 1995-ի մայիսին ինձ տվեցին Ղարաբաղյան պատերազմի գնդապետի վկայական եւ նվիրեցին «բերետտա»։ Սակայն դա ինձ համար միայն հուշանվեր է, յուրօրինակ էկզոտիկա»,  –  ասում է բուլղարացի լրագրող Ցվետանա Պասկալեւան, ով  անցավ Ղարաբաղյան պատերազմի ճանապարհներով, որպեսզի պատմի  աշխարհին ողջ ճշմարտությունը նրա մասին: Իսկ  պատերազմից հետո մնաց Հայաստանում,  ինչպես ինքն է ասում, Ղարաբաղի անկախությանը սպասելու։

 

«Ես Ղարաբաղի իմ բոլոր ողջ ու զոհված ընկերներին խոսք եմ տվել, որ կմնամ, կտեսնեմ նրա ազատությունն ու անկախությունը ու դրանով իսկ  կդնեմ վերջին կետը իմ խրոնիկայում »…

 

Հայոց բանակի հիմնադրման 20-ամյակի առիթով հրավիրված ասուլիսին Ցվետանա Պասկալևան տեղեկացրեց, որ  փետրվարի 16-ին կսկսի համաշխարհային շրջայց և կներկայացնի իր 7 ֆիլմերից բաղկացած «Ղարաբաղի վերքերը»  ֆիլմաշարը, որի նպատակն է աշխարհին ներկայացնել ղարաբաղյան պատերազմի մասին իրականությունը:

 

Շրջայցը կմեկնարկի հեղինակի հայրենքից՝ Բուլղարիայից, ապա արդեն ֆիլմերը կցուցադրվեն նաև Հունաստանում, Ֆրանսիայում, Ռուսատանում և այլ երկրներում:

 

 

«Ես բախտ եմ ունեցել կենդանի մնալ այդ ծանր պայմաններում, տեսնել մարտի դաշտում ձեր հերոսներին: Իմ հիշողության մեջ հերոսների մի ամբողջ պատկերասրահ կա, ում մասին, ցավոք, երիտասարդ սերունդը շատ քիչ բան գիտի», – ասաց  Պասկալևան, հավելելով, որ փորձել է իր ֆիլմերի միջոցով պահպանել նրանց կերպարները, որպեսզի մարդիկ նրանց հիշեն:

 

 

« Այդ հերոսներին պետք է ճանաչել և նրանց օրինակով պետք է դաստիարակվեն նոր սերունդները: Ես հպարտ եմ, որ ինձ վստահում էին, որ ինձ հաջողվեց պատերազմի տարիներին գտնվել նրանց կողքին, նկարահանել և ստեղծել այդ ֆիլմերը, որոնք այսօր  հավերժացնում են նրանց հիշատակը», – նշեց Պասկալևան:

 

 

«Ես դժվար եմ անցել այս ուղին, այն քարքարոտ էր ու փշոտ: Զրկվեցի ուսումից, հեռացա իմ հայրենիքից, բայց չեմ զղջում: Սա իմ տունն է: Երբ մեկ ամսով մեկնում եմ Հայաստանից, կարծես որբացած լինեմ: Ես հերոս տղաների գերեզմաններին երդվել եմ, որ կնկարահանեմ այս ֆիլմերը, և  հիմա իմ խոստմանը տեր եմ կանգնել»,-  եզրափակեց  նա:

Դիտումների քանակը` 5348

Գլխավոր էջ