«Իմ հայրենիքս է, իմ լեզուս է… Հոս կմնանք». երեք կնոջ պատմություն

Թալինը, Մայդան եւ Անժելան  – այն  հազարավոր սիրիահայ կանանցից են,  ում   ընտանիքներին պատերազմն ստիպեց   լքել իրենց ծննդավայրը, ամբողջ կյանքի ընթացքում ստեղծած տուն-տեղը թողնել ու բռնել արտագաղթի ճամփան:  Շատերի նման   ընտրեցին  Հայաստանը ու հաստատվելով,  ինչպես իրենք են ասում,  հայրենիքում,  փորձեցին զրոյից սկսել և իրենց  ապրուստը  ստեղծել …

Թալին.

Ասում են՝ «համով ձեռք ունեմ»…

 

Թալին Թանաշյանն ամուսնու եւ երկու դստեր հետ արդեն երեք տարի է Հալեպից տեղափոխվել է Հայաստան: Երիտասարդ կինը պատմում է, որ պատերազմը 2-3 ամիս էր, որ սկսվել էր, հրթիռն ընկել է հենց իրենց տան առջև ու իրենց տան եղած-չեղածը պայթեցրել: Լքելով Հալեպը, Թալինի ընտանիքը չի կարողացել իր հետ որեւէ բան բերել՝ գոնե կենցաղային առաջին անհրաժեշտության իրերը:Հայաստանում բնակության առաջին վեց ամիսներին որեւէ աշխատանք ամուսիններով չէին կարողանում գտնել, իսկ ապրելու, տան վարձը վճարելու համար աշխատանք ու եկամուտ էր հարկավոր: Սիրիահայ կնոջ խոսքերով ամուսինը համակարգիչներ նորոգելու լավ վարպետ է, Հալեպում էլ էր այդ գործով զբաղվում, այստեղ հաստատվելուց որոշ ժամանակ անց ամուսինը գտավ իր մասնագիտությամբ աշխատանք, սակայն ընտանիքի ապրուստը բավարար կերպով ապահովելու համար միայն ամուսնու վաստակածը քիչ էր:

 

«Հետո Հայաստան եկան ու մեզի հետ են հիմա ապրում մայրիկս եւ սկեսրայրս: Հետո էլ Հալեպից մեր ձմեռվա ապրանքները ուղարկեցին,երեխեքս անմիջապես, էստեղ գալուն պեսդպրոց տեղավորվեցան, ու էդպես կամաց-կամաց տեղավորվեցանք»,-պատմում է Թալինը: Քանի որ ամուսնուն օգնող ձեռք էր հարկավոր, ընտանիքը փոքր չէ, ծախսերը շատ են, եկամուտը՝ քիչ, Թալինն անընդհատ աշխատանք էր փնտրում: Ասում են՝ «համով ձեռք ունի», և այդ շնորհի միջոցով էլ նա կարողացավ և՛ մարդկանց համեղ կերակրել, և՛ գումար վաստակել:

 

Արդեն 1.5 ամիս է Թալինն իր սեփական փոքրիկ գործն ունի.իր վարձակալած բնակարանում լահմաջո, քյուֆթա, խմորեղեն է պատրաստում ու վաճառում:

 

Ծանոթներից իմացել է, որ «Հայկական կարմիր խաչ» ընկերությունը ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի / ՄԱԿ ՓԳՀ/ ֆինանսավորմամբ Հալեպից տեղահանված սիրիահայերին աջակցություն է տրամադրում, հայտ է ներկայացրել, որի արդյունքում ստացել է աշխատանքային գործիքներ իր փոքրիկ բիզնեսն սկսելու համար:

 

«Ընդհանուր 500 դոլարի ապրանք տվեցին՝ մի հատ փուռ, սառնարան, մի հատ էլ մսաղաց: Խորհուրդ տվեցին  տարածք  վարձակալել, որ այնտեղ գործը անեմ: Բայց դե վարձը թանկ է, չեմ կարող  համ տան վարձ, համ էլ տարածքի վարձ տալ: Տանս մեջ երկու ծերեր կան, երկու փոքր երեխեք, ես ինչպե՞ս կարող եմ անոնց թողնել ու առավոտից իրիկուն արտադրամասում ըլլալ, դրությանս մեջ մտան, համոզվեցին, հաստատեցին հայտը»,-պատմում է Թալինը:

 

 

«Կամաց-կամաց աշխատում եմ, այնպես չէ, որ շատ եմ վաճառում, սկիզբը միշտ էլ դժվար է, հարեւաններս գիտեն, որ սարքում եմ, իրենք առնում են իմ պատրաստածը: Հուսով եմ լավ պիտի ըլլա»,-ասում է Թալինը: Նա նույնիսկ ռուսերեն լեզվի դասընթացների է մասնակցել, պատրաստվում է 2-րդ փուլին ևս մասնակցել.Թալինն ասում է, որ Հայաստանում շատ է գործածվում ռուսերենը, նա անգլերեն գիտի, բայց ռուսերեն լեզվի իմացությունը նույնպես անհրաժեշտ է:

 

Բացի օտար լեզվից, Հայաստան տեղահանված սիրիահայ կինը որոշել է նաև մասնակցել դիմահարդարման դասընթացների, ասում է՝ պետք կգա, արհեստ է…  «Ուրիշ տեղ չունեմ գնալու, կռիվը, որ շարունակվեց, հոս կմնանք, երեխաներս սիրում են Հայաստանը, մեր հայրենիքն է»,-ասում է Թալինը:

 

Ի դեպ,  ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան գրասենյակի մտահղացմամբ եւ ֆինանսավորմամբ, Հայկական Կարմիր Խաչի ընկերության կողմից իրականացվող «Ինքնաբավ կեցություն» փախստականների եւ տեղահանված անձանց տեղական ինտեգրումը խթանող ծրագրից օգտվել է  ոչ միայն Թալինը, այլեւ  400 այլ սիրիահայեր, այդ թվում միայն այս տարվա սկզբից  շուրջ 154  սիրիահայ  ընտանիք:

 

Մայդա.

«Կարուձեւ եմ անում, շորեր եմ կարում, ձեւափոխում, հաճախորդներս գոհ են»

Նույն ծրագրից օգտվել է նաեւ սիրիահայ Մայդա Չաուշյանը: Նա պատմում է, որ Հալեպում ապրելու տարիներին մշտապես ծրագրել են ընտանիքով գալ Հայաստան, այստեղ ապրել, բայց միշտ տարբեր պատճառներով չէր ստացվում: Հետո պատերազմը նրանց բերեց Հայաստան: Տիկին Մայդան ասում է, որ Երեւանն իր համար նորություն չէ, մայրաքաղաքն իր համար հարազատ է դարձել շատ տարիներ առաջ, երբ ինքն այստեղ բժշկական համալսարանում ուսանում էր մանկաբուժություն: Հալեպում 30 տարուց ավելի մանկաբույժ աշխատած Մայդան, Երեւանում  իր մասնագիտությամբ աշխատանք չկարողացավ գտնել: Սակայն  մանկաբուժությունից բացի Մայդան  ձեռքի շնորհք ունի, հենց այն էլ օգտագործում է ապրուստի գումար վաստակելու համար: «Կարուձեւ եմ անում, շորեր եմ կարում, ձեւափոխում, հաճախորդներս գոհ են»,-ասում է Մայդան:

 

ՄԱԿ ՓԳՀ-ի ֆինանսավորմամբ եւ «Հայկական կարմիր խաչի» կողմից իրականացվող ծրագրի շնորհիվ կարի մեքենա է ձեռք բերել, եւ հիմա ավելի սիրով ու ոգեւորվածությամբ է աշխատում: 63-ամյա այս կինն ասում է՝ հաճախորդ շատ չունի, բայց հույս ունի, որ կավելալան: Մրցակցությունից չի վախենում. Մայդան ասում է մրցակցության երաշխիքն իր գերազանց աշխատանքն է, որակն է. «Բավական հմուտ եմ, նաեւ վերաբերմունքն է կարեւոր, հիմա պատվերները քիչ են, բայց հուսով եմ իմ աշխատանքը շատերը կսկսեն գնահատել»: Մայդան որդու հետ բնակվում է վարձակալած բնակարանում, ճիշտ է, տղան էլ է աշխատում, բայց դժվար է, իրենց եկամուտի մեծ մասը տան վարձի ու կոմունալ վճարների համար են ծախսում, մնացած գումարով էլ յոլա գնում: Կնոջ պատմելով՝ իրենք էլ, հազարավոր սիրիահայ ընտանիքների պես, չեն կարողացել տան իրերը բերել իրենց հետ. հիմա, ինչպես ասում է Մայդան, փորձում է նվազագույն անհրաժեշտ բաները կամաց-կամաց գնել:

 

«Ամենադժվարն այն էր, որ մենք հարկադրված, ամեն ինչ թողեցինք ու եկանք Երեւան, ամուսինս դեռ Սիրիայում է, այնտեղ ապահով վայրում է, աշխատում է, այստեղ աշխատանք չկար նրա համար, բայց քանի որ հարկադրաբար եկած ենք, պիտի հարմարվենք: Ցավով եմ տեսնում՝ որքան հայ մարդ է գնում Հայաստանից, դա շատ վատ բան է: Մենք կմնանք, չենք գնա»,-ասում է Մայդան: Իսկ եթե Հալեպում խաղաղություն լինի, ապա ինչպես Մայդան է ասում, կգնա Սիրիա, բայց անպայման Հայաստան վերադառնալու մտադրությամբ:

 

Անժելա.

«Պատվերները շատ չեն, բայց յոլա գնում ենք»:

 

 

Սիրիահայ Անժելա Մարկոսյանն իր մեծ ընտանիքի հոգսերը հոգալու համար տանը հայկական խոհանոցի որոշ ուտեստներ է պատրաստում, ու վաճառում: Տիկին Անժելայի խոսքով՝ ով մեկ անգամ կերել է իր պատրաստած ուտեստները՝ « համը մնացել է բերանը». հիմա իրեն տոլմա, քյուֆթա, անուշեղեններ են պատվիրում, ասում է, «պատվերները շատ չեն, բայց յոլա գնում ենք»:

 

Տիկին Անժելայի խոսքերով 2012թ.-ի օգոստոսին յոթ հոգուց բաղկացած ընտանիքով եկան Հայաստան, էլի շատերի պես, ամբողջ ունեցվածքը թողնելով Հալեպում. «Մի տարի էր, ինչ պատերազմը սկսվել էր, մենք էլ թողեցինք եկանք, այստեղ շատ դժվարություններ ունեցանք, էնդեղից չենք կըրցածուց բան մը վաճառել, դատարկեկանք: Հալեպում թագավորական ապրուստ ունեինք, ամուսնուս գործը շատ լավ էր, քանի տուներ, ավտոներ, շատ բան մը ունեինք, գյուղին մեջը վիլլա ունեինք, ամեն բան մեր ձեռքիցը գնաց, ան մարդիկը գրոհեցին,մեջն են ապրում: Հիմա ամուսինս չի կըրնա աշխատի,սրտի պրոբլեմ ունի,ստենտավորում ունի, երկու երակ  փակ ունի»:

 

Անժելան ասում է, երբ եկան Հայաստան, ոչինչ չունեին, անգամ ձմեռային հագուստ.իրենց այդ ժամանակ օգնության ձեռք են մեկնել ԱՄՆ-ում բնակվող հարազատները, առանց այդ օգնության, չի պատկերացնում թե ինչ կլիներ իրենց վիճակը:  Հիմա հազիվ կարողանում են տան վարձի գումարը հասցնել…

 

«ՄԱԿ ՓԳՀ-ի  ծրագրով «Առաքելություն Հայաստանից»  օգնություն ստացանք, Կարմիր Խաչից, բայց գիտեք, մեծ ընտանիքն է մերը, չի բավարարել, տղաս կաշխատե, բայց նա իր ընտանիքի ծախսը կանե: 60-70հազար դրամի դեղահաբ ենք օգնություն ստանում: Ես ճնշում, շաքար ունիմ, դեղեր եմ ընդունում,բայց ապարատ մը չունեմ, որ չափիմ շաքարս, որ չի բարձրանա, վաստակած գումարս չի հերիքի, որ առնեմ»:

 

Չնայած դժվարություններին, տիկին Անժելան ասում է, որ չի ուզում Հայաստանից հեռանալ, թեեւ Եվրոպայում ազգականներ ունի, բայց ասում է, միտք չունի մեկնելու. «Իմհայրենիքս է, իմ լեզուս է, ավել լեզու չենք գիդեր, որ եվրոպաներ գնանք: Հոս կմնանք»:

 

Նելլի Բաբայան

 

Լուսանկարները՝  

Հայկական Կարմիր խաչի  միջոցառումներից ՝  սիրիահայերին  աջակցության ծրագրերով 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Հայաստանը Հալեպեն ավելի սիրեցինք». երկու ընտանիքի պատմություն

«Արհեստը դիպլոմ ունեցողին էլ կկերակրե»

«Չենք պատրաստվում ձեռքերը ծալած նստել».սիրիահայ կանայք նոր մասնագիտական ուսուցում են անցնում

«Ավազե ամրոցներն» օգնում են մոռանալ պատերազմը

«Հանգիստ ենք, որ մեր հայրենիքում ենք, այլ տեղ չենք ուզում գնալ»…

«Մենք կպայքարինք, որ Հայաստանի մեջ ոտքի կենանք …». Երեւանում «Հալեպի շուկա» է բացվել

«Ինձ համար Հայաստանը տրանզիտ չէ, կա իրոք ցանկություն, ապրել և աշխատել հայրենիքում»…

Ֆուտբոլը միավորում է բոլորին/ վիդեո

«Արևիկ-Հայաստան»-ը բացել է դռները Սիրիայից եկած հաշմանդամություն ունեցող երեխաների համար

«Նույնիսկ մեկ անձը, ով ստիպված է փախչել, շատ է»…

Փախստականների չորրորդ սերունդը. մեկդարյա պատմություն ունեցող լուսանկարների ցուցադրություն

Զարուհի Բաբայանը և նրա խաղաղության փոքրիկ դեսպանները

«Էստեղ ամենալավը, որ խաղաղ է, պատերազմ չէ». երեխաները նկարում են «Իմ հին-նոր Երևանը»

«Իմ հին-նոր տուն Երևան» ֆոռտոռեպորտաժ

«Մենք պետք է կարողանանք գրկաբաց ընդունել նրանց»

«Պատերազմը մեր հիմքը քանդեց…» . մի ընտանիքի պատմություն

«Պատերազմը սկսում են տղամարդիկ, իսկ կանայք երկար տարիներ կրում են դրա հետեւանքները»

«Հուսահատվել, նշնակում էր մատնվել անգործության»

Սիրիահայ եւ տեղացի կին ձեռներեցներն էքսպո ցուցահանդեսում

«Նոր կյանք , նոր տեղում, նոր էջից…, միայն թե հիշողություններն են խեղդում»

Սիրիացի փախստականների թիվը գերազանցում է չորս միլիոնը – ՄԱԿ ՓԳՀ

ՄԱԿ-ը կոչ է անում պաշտպանել հակամարտություններից եւ աղետներից փախած կանանց ու աղջիկներին

«Պատերազմը միակ բանն է, որ նրանք տեսել են իրենց կյանքում»…

Պատերազմների գինը . 14 տրիլիոն դոլար եւ 200 հազար մարդկային կյանք մեկ տարում

«Պատմե՛ք ձեր ընկերներին». Փախստականների Համաշխարհային օրվան ընդառաջ

Փախստականների եւ տեղահանվածների թիվն աշխարհում 60 միլիոնի է հասել / վիդեո

ՄԱԿ ՓԳՀ-ն զգուշացնում է. փախստականների և տեղահանված անձանց թիվն աճում է աննախադեպ տեմպերով

Երեք քույրերի պատմություն / տեսանյութ

Ապրել դժվար կյանքով, սակայն խաղաղության մեջ/ տեսանյութ

Այսօր Փախստականների համաշխարհային օրն է

«Որոշ երկրներ փակում են իրենց դռները ապաստան հայցող մարդկանց առջև»

Միջերկրյածովյան ճգնաժամ. փախստականների և միգրանտների ամենաբարձր թիվն է գրանցվել

Նույնիսկ մեկ անձը, ով ստիպված է փախչել,շատ է / վիդեոշարք

 

 

 

Դիտումների քանակը` 5223

Գլխավոր էջ