«Ի՞նչ կապ ունի, որ նա չի իմ մաման, նա է ինձ մեծացրել, չէ՞»…
«Ես չեմ ամաչում, որ ասում են` դու մանկատան երեխա ես… Ամաչելու չի, երբ սիրող մայր ունես ու քույր-եղբայրներ, դրանից լավ բան չկա: Ի՞նչ կապ ունի, որ նա չի իմ մաման, նա է ինձ մեծացրել, չէ՞: Ու սիրում ա ինձ»,- ասում է Քրիստինեն, ով մինչև 14 տարեկանը ապրել ու դաստիարակվել է «SOS մանկական գյուղ»-ում : Նրա SOS –մայրիկը Գայանեն մանկական գյուղում է 2003-ից: Չի սիրում պատմել, թե ինչ է եղել իր կյանքում դրանից առաջ, միայն նշում է, որ երբ գյուղը նոր բացվեց` 1988-ի երկրաշարժից հետո, նրանց առաջարկել էին այստեղ աշխատանքի անցնել: Հետո էլ ինքն իրեն ուղղում է`ի՞նչ աշխատանք, եթե դու շաբաթը վեց օր, 24 ժամ երեխաների հետ ես: Դա արդեն աշխատանք չէ, այլ կյանք»…
Բժշկական քոլեջի ուսանող այսօր արդեն 18-ամյա Քրիստինեն մեզ պատմում է , որ ամեն հարմար առիթի դեպքում շտապում է տուն ու ամեն անգամ տեսնելով մորն ու քույր-եղբայրներին հասկանում, որ թեև ճակատագիրն իր հետ շատ դաժան վարվեց, բայց և ամեն բան կարող էր էլ ավելի վատ լինել: Վեց տարեկանում Քրիստինեն կորցրել է ծնողներին ու, ասում է, եթե նույն ճակատագիրը իրեն չբերեր «SOS մանկական գյուղ», ապա հայտնի չէ, թե ինչ ապագա կունենար նա.
«Բա Իլոնան ինչո՞ւ չեկավ»,- Քրիստինեին գրկելով ու համբուրելով հետաքրքրվում է նրա SOS –մայրիկը Գայանեն` հարցնելով մյուս «դստեր» մասին: «SOS» գյուղի տրամաբանության համաձայն` երեխաները ապրում են առանձին բնակարաններում եւ առանձին ընտանիքներով, յուրաքանչյուրում՝ մինչև 14 տարեկան 6-7 երեխա, որոնց մասին հոգ է տանում «SOS-մայրը»: Հետաքրքիրն այն է, որ երեխաների խնամքի ընտանեկան այս մոդելում միայն մեկ խնամող ծնող է լինում` մայր: Միակ պայմանը, որ դրվում է այս կանանց առջև, սեփական ընտանիք-երեխաների բացակայությունն է:
«Ապրել եմ այստեղ մինչև 15 տարեկան, հետո տեղափոխվել եմ երիտասարդական տուն, որը մեր կազմակերպությանն է ու գտնվում է Երևանում: Ես շատ գոհ եմ, անկեղծ եմ ասում, որովհետև եթե ես այստեղ չլինեի, ես նույնիսկ չգիտեմ, թե իմ հետ ինչ կլիներ»,- մոր ձեռքը ոչ մի րոպե բաց չթողնելով պատմում է Քրիստինեն: Հետո արդեն, երբ մայրը գնաց խոհանոց՝ ողջ տնով մեկ համեղ բուրմունք տարածող ճաշը ստուգելու համար, Քրիստինեն խոստովանեց` «ես իմ մամային շատ եմ սիրում».
«Ճիշտ է, ինքը իմ երրորդ մաման է, ես որ եկել եմ այստեղ, տարբեր մամաներ են եղել, հետո փոխվել են ու ինքն իմ վերջին մաման ա: Մամաս շատ լավն ա ու ես իրան իսկապես շատ եմ սիրում…. չնայած շատ չար եմ եղել ու հիմա հասկանում եմ, որ սխալ բաներ եմ արել, բայց մաման էլ ինձ ա շատ սիրում»,- ծիծաղելով շարունակեց նա:
Քրիստինեն պատրաստ է նաև ինքնուրույն կյանքին,որը այդքան էլ մշուշոտ չէ: Կազմակերպությունն իր «երեխաներին» երեք փուլով է մեծացնում` մինչև 14 տարեկան «մանկական գյուղում», 14-18 տարեկան երիտասարդական տանը, իսկ դրանից հետո ևս երեք տարի աջակցում` ուսման վարձ, աշխատանք և այլն, մինչև որ երեխան լիարժեք ինտեգրվի «մեծ կյանքի»: Թեև, Քրիստինեի խոսքով, դրանից հետո էլ կապը ընտանիքների հետ չի կտրվում ու այսօր էլ մեծերը, որ վաղուց սեփական ընտանիքն ու երեխաները ունեն, գալիս են «SOS»: Մի խոսքով, ամեն ինչ այնպես է, ինչպես սովորական ընտանիքներում:
Տիկին Գայանեն մեզ հետ զրույցում նշեց, որ պատկերացում էլ չուներ, թե որքան դժվար է այստեղ: «Ես դպրոցում եմ աշխատել ու թվում էր, թե երեխաների հետ աշխատանքին տիրապետում եմ: Բայց այստեղ ամեն ինչ ավելի բարդ է, քան կարելի է անգամ պատկերացնել, պարզապես այդ բարդության հետ մեկտեղ հասկանում են, որ առանց սրա էլ այլևս ապրել չես կարող»,- ասում է նա:
Երկու տարի առաջ «SOS մանկական գյուղը» կառավարության կողմից որակվեց իբրև «ընտանեկան տիպի մանկատուն», ուր իրացվում է խնամատար ընտանիքի մոդելը.
«Մենք հպարտանում էինք, որ մեզ իբրև մանկատուն չեն որակում, սակայն հիմա արդեն համարվում ենք այդպիսին…. Թեև, իհարկե, անվանումը ոչ մի կապ չունի այն իրականության հետ, որ առկա է այստեղ»,- ասում է տիկին Գայանեն:
Նա համոզված է, որ Հայաստանը կարող էր չունենալ մանկատներ, որովհետև հայի մտածելակերպին ու հոգեբանությանը դա խորթ է: Առավել ևս, որ մերօրյա իրականության մեջ ծնողազուրկ երեխաներ գրեթե չկան: Մանկատան ինստիտուտի վերացնելու համար էլ, տիկին Գայանեի կարծիքով, միայն հարկավոր է մեկ բան, որպեսզի պետությունը օգնի այն ընտանիքներին, որոնք սոցիալական ծանր պայմաններից ելնելով են երեխաներին տալիս խնամքի հաստատություններ:
«Ես կարծում եմ, որ եվրոպական ոչ մի չափանիշ էլ մեզ պետք չէ, որովհետև մեզ մոտ առկա է ամենակարևորը` սերը երեխաների նկատմամբ»…
Նշենք, որ Երեխաների պաշտպանության օրվա առիթով «SOS մանկական գյուղ» էր այցելել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, ում հետ ստորագրվեց նաև համագործակցության հռչակագիր: Կ.Անդրեասյանը կարևորեց հաստատության գործունեությունն ու այն մթնոլորտը, որ առկա է գյուղում և ընդգծեց, որ լինելով երեք երեխայի հայր լավ հասկանում է, ինչ հսկայական գործ են անում SOS- մայրիկները այսքան երեխաներ պահելով ու ըստ էության նվիրելով իրենց կյանքը նրանց:
Անդրադառնալով երեխաների իրավունքների պաշտպանության խնդրին նա ցավով նշեց, որ մեր իրականության մեջ էլ կան դեպքեր, երբ ոտնահարվում են երեխաների իրավունքները` նրանք ենթարկվում են բռնության, սեռական ոտնձգության, սովի են մատնվում և այլն: Նա կոչ արեց՝ հունիսի 1-ին ոչ միայն սեփական երեխաների օրը տոն դարձնել, այլ` հոգ տանել նաեւ առանց ծնողական խնամքի մնացած բոլոր երեխաների համար:
Էնզելա Մակարյան
Դիտումների քանակը` 5243