«Ժամանակակից ստրկության» զոհերը

Ողջ աշխարհում թրաֆիքինգի զոհերի 70% կանայք և աղջիկներ են, ընդ որում  յուրաքանչյուր երեքից մեկը երեխա է,  – տեղեկացնում է  վերջերս հրապարակված  ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կողմից (UNODC) 2014 թ. գլոբալ զեկույցը:  

 

Ըստ  զեկույցի, երեխաների դեմ թրաֆիքինգն ավելի է աճել:  «Ցավոք, զեկույցը ցույց է տալիս, որ չկա աշխարհում որևէ վայր, որտեղ երեխաները, կանայք և տղամարդիկ ապահով լինեն թրաֆիքինգից», – ասում է  UNODC – ի գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովը:

 

«UNODC – ին զեկուցած պաշտոնական տվյալները ներկայացնում են միայն այն, ինչ հայտնաբերվել է ազգային իշխանությունների կողմից: ակնհայտ է, որ ժամանակակից ստրկության պատկերը  շատ ավելի վատ է»:

 

Իրավիճակը հատկապես վատ է կանանց և աղջիկների համար: Ըստ զեկույցի աղջիկները կազմում են զոհերի յուրաքանչյուր երեքից երկուսը: Եվ կանանց հետ միասին նրանք կազմում են ամբողջ աշխարհի թրաֆիքինգի զոհերի 70%:

 

Որոշ տարածաշրջաններում, ինչպիսիք են Աֆրիկան և Միջին Արևելքը, երեխաների թրաֆիքինգը լուրջ մտահոգություն առաջացնող խնդիր է, որտեղ երեխաները կազմում են ընդհանուր զոհերի 62%:

 

Հարկադիր աշխատանքի թրաֆիքինգը, այդ թվում արտադրության և շինարարության ոլորտներում, տնային աշխատանքում և տեքստիլ արտադրությունում, նույնպես աստիճանաբար աճել է վերջին 5 տարիների ընթացքում: Հարկադիր աշխատանքի թրաֆիքինգի բացահայտված զոհերի 35% կանայք են: Թրաֆիքինգ իրականացնեղների Ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են՝  72%:

 

Սակայն ոչ մի երկիր անձեռնմխելի չէ, կան առնվազն 152 ծագման երկրներ և 124 երկրներ, որոնք տուժել են թրաֆիքինգից:

 

«Սա պետք է փոխվի Յուրաքանչյուր երկիր պետք է ընդունի ՄԱԿ-ի Անդրազգային հանցավորության դեմ կոնվենցիան և արձանագրությունը, և պարտավորվել լիարժեք կերպով իրականացնելու բոլոր համապատասխան դրույթները», – – ընդգծում է  Մ. Ֆեդոտովը:

 

Շատ հաճախ թրաֆիքինգը տեղի է ունենում ազգային սահմանների ներսում, նույն տարածաշրջանի շրջանակում: Ըստ զեկույցի, թրաֆիքինգի հիմնական հոսքերը միջտարածաշրջանային են, և զոհերի առնվազն 10-ից 6 թրաֆիքինգի է ենթարկվել հենց այդ սահմաններում: Միջմայրցամաքային թրաֆիքինգը հիմնականում բնորոշ  է հարուստ երկրների համար:

 

Մասնագետները նշում են, որ  կան տարածաշրջանային յուրահատկություններ , օրիինակ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում զոհերը հիմնականում ենթարկվում են սեռական շահագործման, մինչդեռ Արևելյան Ասիայում և Խաղաղօվկիանոսյան շրջանում՝ հարկադիր աշխատանքի: Ամերիկաներում երկու տեսակն էլ հավասարապես դրսևորվում է:

 

 

Զեկույցում նաև ընդգծվում է, որ անպատժելիությունը շարունակում է մնալ լուրջ խնդիր, և վերջին 10 տարիների ընթացքում չի եղել նկատելի  աճ գլոբալ քրեական արդարադատության առումով այս հանցագործության համար:

 

«Նույնիսկ եթե շատ երկրներում թրաֆիքինգը  քրեականացվի, շատ մարդիկ միեւնույն է  ապրում են այնպիսի երկրներում, որտեղ գործում են  օրենքներ, որոնք չեն համապատասխանում միջազգային չափանիշներին եւ չեն կարող ապահովել  նրանց այնպիսի լիարժեք պաշտպանություն, ինչպիսին է թրաֆիքինգի դեմ պայքարի արձանագրությունը»:

 

Զեկույցին  ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ.

 

Թրաֆիքինգի դեմ պայքարը Հայաստանում

 

Հայաստանում թրաֆիքինգի մասին սկսեցին խոսել 2002-ից, երբ Ամերիկայի Միացյալ նահանգների Պետքարտուղարության «Աշխարհում թրաֆիքինգի իրավիճակի մասին» տարեկան զեկույցում Հայաստանն ընդգրկվեց 3-րդ կարգի երկրների շարքում, որտեղ ընդգրկվում են թրաֆիքինգին ուշադրություն չդարձնող և կանխարգելիչ միջոցառումներ չընդգրկող երկրները: Հենց  այդ ժամանակ էլ  Հայաստանում սկսեց գործել  Թրաֆիքինգի դեմ պայքարի միջգերատեսչական խորհուրդը, որի կազմում ընդգրկված են ՀՀ Արտաքին գործերի նախարարության, ՀՀ Դատախազության, ՀՀ Ոստիկանության, պետական և այլ գերատեսչությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: 2003-ին ՀՀ Քրեական օրենսգրքում ավելացվեց նոր՝ 132 հոդվածը «Մարդկանց առևտուրը» վերնագրով, որում փորձ կատարվեց հստակեցնել «Թրաֆիքինգ» հանցագործության սահմանումը և խիստ պատժաչափեր (5-15 տարվա ազատազրկում)  նախատեսել այդ հանցատեսակի համար:

 

2008-ին  ընդունվեց նաև թրաֆիքինգի ենթարկված զոհերի ազգային ուղղորդման կարգը, իսկ 2013թ. ընդունված չորրորդ «Ազգային ծրագրի» շրջանակներում նախատեսված է բարեփոխումներ իրականացնել զոհերի նույնացման և աջակցության ուղղությամբ:

 

Այս  գործողությունների  արդյունքում Հայաստանն այսօր  տարածաշրջանի միակ երկիրն է, որն ընդգրկված է ԱՄՆ պետքարտուղարության զեկույցի առաջին խմբում, որտեղ ներկայացված երկրները լավագույնս են իրականացնում թրաֆիքինգի դեմ տարվող աշխատանքները :  Նշենք, որ աշխարհի 190-ից ավելի երկրներից  ընդամենը 31 երկիր է դասվել առաջին խմբին:

 

Ըստ վերլուծությունների Հայաստանը հանդիսանում է թրաֆիքինգի սկզբնաղբյուր երկիր (ելքի երկիր), սակայն վերջին տարիներին արձանագրվել են դեպքեր, երբ Հայաստանը հանդիսացել է նաև որպես վերջնակետ (նպատակակետ) և տարանցիկ երկիր: Հայաստանյան պրակտիկայում թրաֆիքինգի ամենատարածված ձևը սեռական շահագործումն է: Կան նաև աշխատանքային թրաֆիքինգի դեպքեր, ինչպես նաև անչափահասների թրաֆիքինգ, որի դեպքում երեխաներին ստիպում են զբաղվել մուրացկանությամբ:

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության  տվյալներով  վերջին երկու տարվա ընթացքում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով 28 մարդ դատապարտվել է: Զոհերի ամենատարածված տարիքը՝ մոտ 41 տոկոս, 30-49 տարեկանի միջակայքն է, իսկ ամենաքիչը՝ 16-18 տարեկան՝ 13 տոկոս: Նրանց ճնշող մեծամասնությունը՝ 97 տոկոսը, չի աշխատել, 69 տոկոսն ունեցել է միջնակարգ կրթություն: Բարձրագույն կրթություն ունի մոտ 5 տոկոսը, աշխատել է՝ 3 տոկոսը:

 

Նշենք, որ Աշխատանքի միջազգային կազմակերպության 2012-ի գնահատականներով աշխարհում թրաֆիքինգի 19.5-22.3 միլիոն զոհ կա: (ԱՄԿ-ն աշխատանքային շահագործումը հավասարեցնում է աշխատանքային թրաֆիքինգի հետ): ՄԱԿ-ի տվյալներով` ամեն տարի 700 հազար կին, երեխա ու տղամարդ ենթարկվում են թրաֆիքինգի: Տարբեր գնահատականներով՝ մարդկանց վաճառքով զբաղվող հանցագործ խմբավորումները տարեկան 7-13 միլիարդ դոլարի եկամուտ են ստանում:

Դիտումների քանակը` 5573

Գլխավոր էջ