«Թուրքիայում հայ կանանց սպանություններն ու բռնությունները կարող են ձնագնդի էֆեկտ ստանալ»

Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում Ստամբուլի Սամաթիա հայկական թաղամասում հարձակման է ենթարկել 4 հայ կին, սեփական բնակարանում դաժանորեն սպանվել է 84-ամյա հայուհի Մարիցա Քյուչուքը: Կնոջ մարմնի վրա հայտնաբերվել էր դանակի 8 հարված: Անցած տարվա դեկտեմբեր ամսին կրկին Սամաթիայում 87-ամյա մեկ այլ հայ կին էր դաժան ծեծի ենթարվել և կորցրել տեսողությունը: Հունվարի 10-ին Ստամբուլում իր տանը սպանված է հայտնաբերվել հայկական «Արամյան» դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Իլքեր Շահինը:

 

Վերջին «թարմ» դեպքը մի քանի օր առաջ էր. հունվարի 25-ին  Ստամբուլում հերթական հարձակումն է կատարվել հայուհու դեմ: Կինը շատ չի տուժել և հարազատները որոշել են չդիմել ոստիկանություն: Այս դեպքերը բողոքի ալիք են բարձրացրել Ստամբուլում: Անգամ թուրքերը պահանջում են վերջ տալ այլատյացության հողի վրա կատարված սպանություններին ու բռնություններին: «Հայ հարևանիս չդիպչես» նաև նման գրությամբ ցուցապաստառներով են մարդիկ դուրս գալիս փողոց:

 

Հայ կանանց նկատմամբ իրականացված հարձակումների առնչությամբ Ֆաթիհի համայնքապետ Մուսթաֆա Դեմիրը այցելել է Սբ Գևորգ հայկական եկեղեցի: Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ նա իր ցավակցությունն է հայտնել  հայկական համայնքի ներկայացուցիչներին, ասել, որ իրենք խստորեն դատապարտում են հայերի նկատմամբ իրականացված այդ հարձակումները և համբերություն է մաղթել տուժածների հարազատներին:

 

 

Բռնության թիրախ դառնում են հիմնականում տարեց հայուհիները: Ստամբուլում հայկական և թուրքական հասարակական կազմակերպությունների նախաձեռնած ակցիային միացել են նաև այլ ազգային և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Հունվարի 28-ի ակցիայի շրջանակում նրա մասնակիցները ծաղիկներ են դրել այն տան մոտ, որտեղ անցած ամիս սպանվել է 84-ամյա հայուհին:

 

Թուրքական «Ազատություն և համերաշխություն» կուսակցության նախկին նախագահ Սերրի Սյուրեյա Օնդերն ասել է, որ կքննարկի հայերի հանդեպ բռնությունների հարցը Թուրքիայի Ներքին գործերի նախարարի հետ առաջիկա հանդիպման ժամանակ:

 

Թուրքիայում կատարվող դեպքերին Հայաստանից պաշտոնական որևէ արձագանք դեռ չի եղել: «Հայ արիների միաբանությունն» այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ իր բողոքն է հայտնում հայերի հանդեպ թուրքական հերթական վտանգավոր ծրագրերի իրագործման դեմ, և պահանջում է Հայաստանի իշխանություններից անհապաղ միջոցներ ձեռնարկել թուրքահայության իրական պաշտպանությանն համար:

 

«Մենք չենք զարմանում արդեն, որ հայ-թուրքական արձանագրությունները մոգոնած միջազգային հանրություն կոչվածը ևս պապանձվել է ու չի միջամտում: Հիմա նորի՞ց բարեկամության և հարևանության սին քարոզ են սկսելու»,-ասված է հայտարարության մեջ:

 

Թուրքագետ Արտակ Շաքարյանի խոսքով, հայ կանանց նկատմամբ բռնությունները Թուրքիայում նոր բան չեն: Դրանք իրականցվում են սկսած նախորդ դարի 40-ական թվականներից սկսած:

 

«Այդ ժամանակ նման դեպքեր ու սպանություններ շատ եղան: Պարզապես պետք է հասկանալ, որ ինտերնետն ու գլոբալիզացիան իրենցն ասում են: Անցյալում ոստիկանությունը լռում էր, թերթերն ու հեռուստատեսությունը չէին ասում այդ մասին, սպանության մասին իմանում էր նեղ հարևանական շրջապատը: Այսօր շնորհիվ ինտերնետի, նման լոււրերը կոծկել հնարավոր չէ»,-ասաց թուրքագետը, հիշեցնելով, որ Ստամբուլում ապրող հայերը միշտ էլ պատանդ են եղել թուրքերի ձեռքին:

 

Շաքարյանը հայ կանանց նկատմամբ բռնությունների ակտիվացումը կապում է Ցեղասպանության 100-րդ տարելիցի նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքներով: Սակայն մի քանի հանգամանք ևս կա:

 

«Ուզում եմ հիշեցնել, որ վերջին սպանությունները նախորդ տարվա սպանությունների շարքի շարունակությունն են»,-ասաց Շաքարյանն ու հիշեցրեց, որ 2012-ի ապրիլի 24-ին թուրքական բանակում սպանվեց հայազգի Սևակը: Նա համոզված է, որ բոլոր սպանություններն ու բռնությունները կատարվում են ազգային պատկանելության հողի վրա:

 

«Վերջին բռնությունները ունեն մի ձեռագիր` հարձակումներ տարեց կանանց վրա: Թուրքերը փորձում են ասել, թե դա մի հգոու ձեռքի գործ է, բայց փաստերն այլ բան են ասում: Գոնե մի դեպքում հանցագործները եղել են չորսը, մեքենայով: Այստեղ արդեն կազմակերպվածության մասին է խոսում»,-նկատեց մասնագետը:

Շաքարյանը համոզված է, որ սրանք պատահական սպանություններ չեն: «Ի՞նչն է մեզ այդ մասին հուշում: Նախ նրանցից մեկի կրծքին խաչ է փորագրվել դանակով: Դրանից բացի, զոհերից մի քանիսին հասցեագրել են հակահայկական արտահայտություններ»,-ասաց թուրքագետը:

 

Նա հայ կանանց նկատմամբ բռնությունները կապում է նաև այդ երկրում սպասվելիք ընտրություններով: «Թուրքիայում այսօր կա թուրքեր և քուրդեր համերաշխություն գնալու պրոցես: Սա մի կողմից լավ է Էրդողանի համար, քանի որ նա քրդական ձայներ կստանա, մյուս կողմից էլ վատ է, քանի որ սկսում է ազգայանականների ձայները կորցնել: Ուստի հակահայկականության սադրանքները ազգայանական ֆոն են բերում այդ երկրին, փորձելով դրան տալ կրոնական ֆոն: Այսօր Թուրքիայում զարգանում է հակաքրիստոնեկան ազգայնականությունը, ինչի վառ արտահայտությունը տարեց հայ կանանց սպանություններն են»,-ասաց Շաքարյանը:

 

Նրա խոսքով, եթե նույնիսկ փաստեր չկան, թե դա պետության պատվերով է իրականացվում, ապա հստակ կարելի է ասել, որ դրանք կատարվում են պետության թողտվությամբ: Շաքարյանի ենթադրությամբ, դա երիտասարդ նորելուկ ազգայնական խմբերի ձեռքի գործն է:

 

«Տարեց կանանց վրա հարձակումները խոսում են անփորձ լինելու մասին, որովհետև տարեց կանայք ամենաանպաշտպան, դիմադրություն ցույց տալ չկարողացող մարդիկ են: Սա հնարավոր է ձնագնդի էֆեկտ ստանա: Եթե պետությունը շարունակի չպաշտպանել, ապա թիրախային խումբտ կարող է ընդլայնվել: Իսկ տարեց կանանցից հետո առավել անպաշտպան խումբը Հայաստանից ապօրինի աշխատող զանգվածն է, որոնք ըստ էության որևէ կերպ պաշտպանված չեն: Նրանք անձնագիր էլ չունեն, նույնիսկ վախենում են դիմել ոստիկանություն»,-ասաց Շաքարյանը:

Ինչ վերաբերում է Թուրքիայում կազմակերպվող բողոքի ակցիաներին, ապա Շաքարյանը հակված է հավատալու դրանց անկեղծությանը:

 

«Եթե նայենք, թե ովքեր են հանուն հայերի դուրս գալիս փողոց, ապա կտեսնենք, որնրանք հակակառավարական տրամադրություններ ունեցող մարդիկ են, իսկ հայկական հարցը շատ լավ առիթ է կոնսոլիդացնելու, ցույց տալու, թե ազգայնականները ինչ վատն են»,-ասաց Ա. Շաքարյանը:

 

Ինչ վերաբերում է միջազգային հանրության ու Հայաստանի արձագանքին, ապա թուրքագետը կոչ է անում բռնության դեպքերի մասին բարձրաձայնել բոլոր լեզուներով, ամեն ինչ անել, որ միջազգային կշիռ ունեցող լրատվամիջոցներն անդրադառնան խնդրին:
«Միայն սա կդրդի Ստամբուլի իշխանություններին ավելի մեծ պաշտպանության տակ վերցնել հայերին: Նույնիսկ այսքան բռնություններից հետո որևէ հատուկ պաշտպանական միջոցներ չեն կիրառվում հայկական թաղամսում, ինչպես Հրանտ Դինքի դեպքում էր, որը բազում սպառնալից նամակներ էր ստանում, սակայն այդպես էլ ոստիկանական խումբ չկցվեց նրան` պաշտպանելու Դինքի անվտանգությունը»,-ասաց նա:

 

Հ. Կարապետյան

 

Լուսանկարում՝

Ստամբուլում տեղի է ունեցել բողոքի զանգվածային ակցիա տարեց հայերի վրա հաճախակի դարձած հարձակումների դեմ:

 

 

Դիտումների քանակը` 6300

Գլխավոր էջ