«Թող մեր ջահելները հասնեն մեր տարիքին ու դեռ անցնեն»…
«Եթե Արգելից եկել-հասել եմ Երևան փառատոնին մասնակցելու, ուրեմն ուժս տեղն է», – ասում է 78-ամյա Ռազմիկ Ավետիսյանը, ով իր կնոջ՝ 70-ամյա Սուսաննայի հետ միասին եկել են մայրաքաղաք՝ «Գյուղական կյանքի և ավանդույթների» փառատոնին մասնակցելու համար: Ծանոթացանք, երբ իրենց տաղավարի շուրջ հավաքված մարդկանց բացատրում էին, որ իրենց աճեցրած բնամթերքները էկոլոգիապես մաքուր են: Եվ իրոք, գյուղմթերքների տեսքը հաստատում էր ասվածը. նրանց տաղավարում ցուցադրվող վարունգը, լոլիկը, սմբուկն ու բրոկոլին, լոբին ու դդումը իրենց ախորժալի տեսքով գրավում էին գնորդներին:
– Ամբողջ կյանքս հողի հետ կռիվ եմ տվել, քար ու քռից բերիի հողամաս եմ ստեղծել, աճեցրած մթերքով ու պտղատու ծառերի բերքով մեծ գերդաստանս պահել եմ: Վեց երեխա ունեմ, բոլորին ամուսնացրել եմ, այսօր ես ու կինս ապրում ենք կրտսեր որդուս ընտանիքի հետ: 7 շունչ ենք, պիտի աշխատենք , որ ապրենք,- պատմում է ժպտադեմ Ռազմիկ պապը:
Դժվարությունների մասին չի հիշում, ու՞մ պիտի զարմացնի, դժվարությունը մարդու համար է, կարող ես, աշխատի, ապրի:
– «Էս տարիքի մարդ եմ, դեռ պարտքով հաց կամ այլ մթերք չեմ վերցրել խանութից, հողից մեջքս միայն քնելու ժամանակ է ուղղվել: Երևի հողն էլ ինձ ուժ է տալիս»:
Ռազմիկ պապի համար ապրելն ու աշխատելը հեշտ չի եղել: Շատ անգամ կարկուտն ու անձրևը կամ թե վնասատու միջատները սրբել-տարել են դառը քրիտինքով վաստակած բերքը, բայց չի ընկճվել ու դեռ որդիներին էլ հուսադրել է, ոչինչ, եկող տարի լավ կլինի: Հողի հետ կռիվ էր տալիս պապերի ու հորից սովորած մեթոդներով, դա էր տեսել, դա` սովորել, մինչև որ վերջին 1-2 տարիներին «Մարդկային արժանապատվություն և խաղաղություն» հիմնադրամի հետ համատեղ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրերից մեկի շրջանակում կազմակերպած դասընթացների ժամանակ Արգել համայնքի բնակիչներին ծանոթացրին ժամանակակից գյուղատնտեսական գիտելիքներին, միրգ-բանջարեղեն աճեցնելու հմտություններին: Արդյունավետ այգեգործական տեխնոլոգիաների ու օրգանական պարարտանյութերի ճիշտ կիրառման արդյունքում երկու-երեք անգամ բարձրացավ հողի բերքատվությունը, իսկ հետո իրենց համար անհայտ բրոկոլին դարձավ նրանց ճաշի սեղանի ամենասիրելի մթերքը:
Ռազմիկ պապի ամենամեծ աջակիցը նրա կյանքի ուղեկիցն է` Սուսաննա Ավետիսյանը, ով մեր զրույցի ողջ ընթացքում համեստորեն լռում էր:
– Էհ, ինչ խոսեմ, ամուսնուս օգնել եմ ուժերիս ներածին չափ: Երբ եկան գյուղ ու մեզ սովորեցրին, թե ինչպես ճիշտ մշակել հողը, ես էլ սովորեցի: Մարդիկ կային, որ դժգոհում էին, թե, բա որ մեր պապերը առանց գիտելիքի են մշակել, չեն ապրե՞լ: Բայց, եթե կարելի է ավելի լավ մշակել, ինչու՞ չանել: Ես էլ բրոկոլի, գարոխ ու լոբի եմ աճեցնում` առանց քիմիական պարարտանյութերի, բավականին բերք ենք ստանում ու անպայման չունևոր հարևաններին բաժին եմ հասցնում: Չեմ կարող գիշերը քնել, երբ գիտեմ, որ հարևանիս մատղաշ երեխեքը սոված են գիշերում,- ասում է Սուսաննա Ավետիսյանը:
Ամուսիններն աշխատելուց չեն հոգնում, դեռ ավելին, որոշել են ծրագիրն իրականացնող եվրոպական կազմակերպությունից 100 կիլոգրամ կարտոֆիլի սերմ խնդրել, մրգատու ծառերի տեսականին ավելացնել:
– Երբ իմացանք, որ գյուղմթերքների փառատոն է անցկացվում, ամուսինս որոշեց, որ մենք էլ մասնակցենք, սակայն ոտքս կոտրել էի, դժվարությամբ էի քայլում: Բայց նա պնդեց, որ իր հետ ես էլ մասնակցեմ փառատոնին: Դժվարությամբ, բայց համաձայնվեցի,-պատմում է Սուսաննա մայրիկը:
Իհարկե, 50 տարի շարունակ նեղ ու լայն օրերի ուղեկցին մենակ չէր կարող թողնել, նրան օգնել, աջակցել էր պետք, ինչպես եղել է ողջ կյանքի ընթացքում: Ախր տարեց են, կարող էին մնալ տանը, իսկ իրենց փոխարեն տղան ու հարսը կամ թե թոռները կգային:
– Իրենց հերթն էլ կգա, իսկ մենք ումի՞ց ենք պակաս, համ էլ առիթ է, մարդամեջ ենք դուրս եկել, թե չէ, հողից աչք չենք բացում,-ասում է Ռազմիկ պապը,-էսքան ջահելներ որ տեսնում եմ, սիրտս ուրախությունից թունդ ա առնում: Աստված խաղաղություն տա մեր երկրին, հաջողություն ու երջանկություն մեր ջահելներին, թող նրանք էլ հասնեն մեր տարիքին ու դեռ անցնեն, թող հացառատ լինեն բոլորի օջախները,-ասաց Ռազմիկ պապն ու անցավ իր առևտրին:
Հրաժեշտին ասաց, հոկտեմբերին նշելու են իրենց ոսկե հարսանիքը ու որ հրավիրում է նաև մեզ մասնակից դառնլու իրենց ուրախությանը…
Անուշ Ներսիսյան
Դիտումների քանակը` 3743