«Ընտրությունները Տորունիքում խաղաղ են անցնում»…
Սյունիքի մարզի Տորունիք համայնքում սպասվող ՏԻՄ ընտրությունների է անդրադարձել «Հետք»-ի լրագրող Սուսաննա Շահնազարյանը: Հիշեցնենք, որ այստեղ երկու կին թեկնածու են առաջադրվել համայնքապետի պաշտոնին՝ համայնքի գորշող ղեկավար Անահիտ Հակոբյանն ու անկուսակցական Մարգարիտա Գրիգորյանը:
… Համայնքի ղեկավար Անահիտ Հակոբյանի խոսքով` նախորդ ընտրությունների փորձը վկայում է, որ իրենց գյուղում ընտրությունները «խաղաղ են» անցնում, – գրում է «Հետքը»: Գյուղապետի կարծիքով ընտրությունների բնականոն ընթացքի համար խոչընդոտ չի անգամ այն հանգամանքը, որ 86 ընտրողների մի մասը բնակվում է Սիսիանում, Բռնակոթում, Նժդեհում, Ախլաթյանում: «Բոլորին բերելու եմ»,- ինքնավստահ տոնով ասում է համայնքի ղեկավարը, ով համայնքապետի համար երրորդ անգամ է առաջադրել իր թեկնածությունը: Նա պատմում է, որ առաջին անգամ համայնքի ղեկավար ընտրվելուց հետո պաշտոնավարման ընթացքում «մատը մատին չի խփել»: «Անընդհատ նամակներ էի գրում տարբեր կառույցների, մարդկանց, անգամ Երեւանի քաղաքապետին եմ դիմել, խնդրելով ինչ-որ կերպ օգնել համայնքին, բայց որեւէ արձագանք չեմ ստացել»,- ասում է Ա. Հակոբյանը եւ շարունակում, որ երկրորդ ընտրաշրջանում սկսել են բյուջեի խնայողությունից, նվազագույն աշխատավարձ են սահմանել չորս հոգանոց աշխատակազմի համար եւ խնայված միջոցների հաշվին կարողացել են գյուղում գիշերային լուսավորություն անցկացնել, չնայած 700 մետր հոսանքալարի համար դեռեւս ստիպված են գումարներ որոնել:
860 հազար դրամ սեփական եկամուտ ունեցող համայնքի բյուջեի յուրաքանչյուր լուման անգամ, ըստ համայնքապետի, պիտի արդյունավետ օգտագործվի: «Միայն այդ միջոցով է հնարավոր համայնքում որեւէ խնդիր լուծել»,- համոզված է համայնքի ղեկավարը, ում կարծիքով նաեւ պիտի հաշվի առնեն, որ գյուղի հիմնական բնակիչները փախստականներ են, ովքեր քաղաքային բնակավայրից են տեղափոխվել Տորունիք եւ այդ առումով ավելի շատ են խնդիրները, որպեսզի նրանք կարողանան հարմարվել գյուղի կենցաղին: «Իհարկե, ձեռք մեկնողներ էլ կան, օրինակ, խմելու ջրի խնդիրը լուծվել է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ, տարբեր ծրագրեր է իրականացնում նաեւ «Ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպությունը, որը 30 մեղվաընտանիք է տրամադրել գյուղի բնակիչներին, խոստումներ էլ կան, սակայն մեր հիմնական հույսը մնում է տեղական բյուջեն, որի սեփական եկամուտներն անցյալ տարի ապահովել են 82%-ով»,- ասում է Անահիտը:
Հողի հարկի հավաքագրման ցածր ցուցանիշ ունենալու պատճառը համայնքապետի կարծիքով, կապված է ժամանակ առ ժամանակ կառավարության կողմից իրականացվող ապառքների համար արտոնությունների սահմանման հետ, որի արդյունքում անգամ նրանք, ովքեր նախկինում պարտաճանաչ վճարում էին հարկերը, սկսում են սպասել նոր արտոնության: Համայնքի ղեկավարը կարեւորում է նաեւ արոտների ջրարբիացման, մասնավորապես, խմոցների տեղադրման հարցը, քանի որ 31 տնտեսություն, 133 բնակիչ ունեցող գյուղում 290 խոշոր եղջերավոր անասուն կա եւ զարգացման միտումներ կան, կարծես թե կարգավորվում է կաթի իրացման հարցը: Կաթի վերամշակման տարբեր ընկերություններ իրենք են տեղում կազմակերպում մթերումը: «Նպատակներ շատ ունեմ, հենց դրա համար էլ առաջադրվել եմ երրորդ անգամ»,- ասում է գործող համայնքապետը: Նա չի բացառում, որ համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրված մյուս թեկնածուն` Մարգարիտա Գրիգորյանը, կարող է հաղթել իրեն, մանավանդ, որ նա տեղաբնակ է:
Մարգարիտան եւս վստահում է իր ուժերին եւ անիմաստ է համարում տարածված այն լուրերը, թե իբր «ընտրություններին իր մասնակցությունը ձեւական բյնույթ է կրում»: Այն հարցին, թե արդյոք չի խանգարո՞ւմ այն հանգամանքը, որ ամուսինը համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարն է եւ ինչպե՞ս է վերաբերվում իր առաջադրմանը, Մարգարիտան պատասխանում է, որ երբեմն պաշտպանում է, երբեմն` դժգոհում: Թեկնածուն քարոզարշավի համար առանձին ռազմավարություն, գրաֆիկ չի կազմել, չի էլ անհանգստանում, որ տեղամասի նիստերն անցկացվում են հենց համայնքի ղեկավարի աշխատասենյակում, «հակառակորդի» մասնակցությամբ, միեւնույն է, ինքը համոզված է որ ելքը ընտրություններն են որոշելու: Նա հետեւում է ընտրական գործընթացներին, գոհ է, որ ընտրողների նախնական ցուցակները օրենքով սահմանված ժամկետում փակցվել են տեսանելի տեղում` գրադարանի պատին: «Ամուսինս էլ է համոզված, որ ես թույլ մրցակից չեմ, գյուղում ինձ գնահատում են, երեւի վախենում է, որ իմ ընտրվելուց հետո աշխատանքը կորցնի», -ծիծաղելով ասում է Մարգարիտան ու մեկ անգամ եւս շեշտում. «Իսկ ինչո՞ւ ոչ ես…»:
Այն, որ համայնքի ղեկավարի ընտրություններում իրական մրցակցություն է լինելու, համոզված են նաեւ ընտրողները: Գյուղի բնակիչներից Սվետայի կարծիքով, թեկնածուները պետք է խոստանան, որ գյուղում մանկապարտեզ կբացվի: Նա չի ժխտում, որ կարող է եւ համայնքը դրա համար փող չունի, բայց էդ արդեն, ըստ նրա, «ընտրվածի խնդիրն է», թե որտեղից միջոցներ գտնի: Սվետայի խոսքով` համայնքի ղեկավարը պիտի մտածի նաեւ գյուղի ճանապարհների բարեկարգման մասին, որովհետեւ ձմռանը գյուղից ելումուտ կարողանում է անել միայն համայնքի ղեկավարը, ով Ախլաթյանում է բնակվում:
Համայնքի ղեկավարից բացի, մարտ 9-ին Տորունիքում կայանալիք Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կընտրվեն նաեւ ավագանու անդամներ: Համայնքի ավագանու 5 անդամներից 3-ը տարբեր ժամանակներում մեկնել են գյուղից, եւ համայնքի ղեկավարը չի թաքցնում, որ քվորումի համար զանգում են ավագանու երրորդ անդամին, հարցնում, կո՞ղմ է նա քննարկվող հարցին, թե` ոչ: «Գորիսի Հարթաշեն գյուղում է ապրում, վստահում է ինձ, մարզխորհրդի նիստի գնալուց տանում եմ, արձանագրությունը ստորագրում է, բա ի՞նչ անեմ»,- ասում է Անահիտը:
Հոդվածը ամբողջությամբ այստեղ.
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Տորունիքում ընտրապայքարի են դուրս եկել միայն կանայք
ՏԻՄ կամ Տղամարդկանց Ինքնակառավարման Մարմիններ
«Ուղղակի ցավում եմ, որ մեր շարքերը համալրվելու փոխարեն, նոսրանում են»…
Տավուշի մարզի միակ կին համայնքապետը չի առաջադրվելու
Կանայք խուսափու՞մ են ավագանիներից
Դիտումների քանակը` 3509