«Ընտրությունները հարմար առիթ են միասնական պատգամ ձևավորելու»

 

Այսպիսի կարծիք հայտնեց  Կանանց ռեսուրսային կենտրոնի համաղեկավար՝ Լարա Ահարոնյանը պատասխանելով WomenNet.am-ի այն հարցին, թե ինչպիսի պահանջներ են ներկայացնում նախագահի թեկնածուներին կանանց ՀԿ-ները և, մասնավորապես, իրենց կազմակերպությունը :  

 

Այսօր , Լարա  Ահարոնյանի խոսքով,  մեր կենտրոնը  հրատապ է համարում բարձրացնել ընտանեկան բռնության խնդիրը և կոչ է անում կանանց  ու իրավաշտպան կազմակերպություններին համախմբվել այս հարցի շուրջ:

 

–         Վերջերս մերժվեց Ընտանեկան բռնության մասին օրենքի նախագիծը և կարծում եմ, ճիշտ ժամանական է բարձրացնենք այդ հարցը: Սա հարմար առիթ է, քանի որ այն ժամանակն է, որ մեզ պատրաստ են լսել…

 

Կձեւակերպվի արդյո՞ք միասնական  «կանանց օրակարգ» այլ հարցերով: Այս հարցում մեր զրուցակիցը  նախադրյալներ չի տեսնում:

 

–         Որքանով հետևել եմ թեկնածուների նախընտրական ծրագրերին՝ կանանց խնդիրներին վերաբերող որևէ կետ ներառված չէ, կանանց հարցերը  բարձրացված չեն: Ու չեմ կարծում, թե թեկնածուները առհասարակ մտածում են այդ հարցերին անդրադառնալ, ընդամենը իշխանության հասնելու պայքար է գնում: Կարող է պատճառը նաև այն է, որ մենք, որպես կանանց կազմակերպություններ ու քաղաքացիական հասարակության մաս չունենք միասնական պատգամ, հստակ լոբբինգ չենք անում՝ օգտագործելով պատեհ առիթները: Մինչդեռ հիմա, իրոք, հարմար շրջան է. նախագահական ընտրություններ են, երբ պետք է հավաքվեինք և հստակ կետեր դնեինք, թե ինչ ենք ուզում՝ որպես կին ընտրողներ:

 

Իսկ, թե ի՞նչն է խանգարում կանանց կազմակերպություններին միավորվել, Լարա Ահարոնյանը մի շարք խնդիրներ է թվարկում:

 

–         Նախ այն, որ  կազմակերպությունները միաժամանակ տարբեր աշխատանքներ են կատարում, իսկ ռեսուրսներն ու ակտիվիստները քիչ են այն խնդիրների համեմատ, որ փորձում ենք լուծել:  Ժամանակի առումով էլ, շտապ կարիքներ ու պահանջներ կան՝ խտրականության, աղքատության, ընտանեկան բռնության հետ կապված, որոնք չենք կարող մի կողմ դնել  ու լոբբինգով զբաղվել: Մյուս կողմից միասնական լոբբինգի փորձը կարծես թե  չունենք, սա կանանց շարժման պակասից է գալիս, որ կան կանանց հարցերով զբաղվող գուցե եւ շատ ուժեղ ՀԿ-ներ, բայց ըստ էության  չունենք միասնական շարժում:

Լիլիթ Քոչինյան

Դիտումների քանակը` 3639

Գլխավոր էջ