«Ընտանեկան բռնությունը միայն կանանց խնդիրը չէ…»

 

Ակցիա կառավարության շենքի առջև

 

Այսօր «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ներկայացուցիչները ակցիա էին կազմակերպել Կառավարության շենքի մոտ ` պահանջելով,  որ ընդունվի  «Ընտանեկան բռնության մասին» օրենքը, որը  , ինչպես հայտնի է, դեռևս այս տարվա  փետրվարին մերժվել էր կառավարության կողմից: Կառավարությունը  նպատակահարմար չի գտել հավանություն տալ «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծին, առաջարկելով  ներառել   օրինագծում  ներկայացված մեխանիզմները այլ օրենքներում, մասնավորապես  Քրեական, Քրեադատավարական, Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում:

 

« Մեր նպատակն է, ոչ միայն պահանջել, որ օրենքն ընդունվի, այլ հիշեցնել կառավարությանը, որ նա այս հարցում շատ ու շատ ուշացել է, որովհետև ինչ գործադիրը ձգձգում է կամ էլ առհասարակ մերժում օրենքի ընդունումը, բազմաթիվ կանայք կան, ովքեր տառապում են ընտանիքներում ու սպանվում ընտանեկան բռնության հետևանքով: Մենք ուզում ենք նաև  հիշեցնենք կառավարությանը, որ այն ունի  միջազգային պարտավորություններ այս օրենքի հետ կապված և որ ժամանակն է իրականացնել այդ պարտավորությունները», –  WomenNet.am-ին ասաց կոալիցիայի անդամ, «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպությունից Աննա Նիկողոսյանը:

 

Նրա  դիտարկմամբ,  խոսքը այն օրենքի  մասին է, որը դեռ 2006-ից մշակվել է և որի վրա աշխատել են ոչ միայն տեղական հասարակական  կազմակերպություններ, այլև միջազգային փորձագետներ, ինչի մասին կառավարությունն էլ տեղեկացված է եղել:

 

Նրա խոսքով,  մեր օրենսդրությունում չկան այդ դրույթներն ու մեխանիզմները, որոնք թույլ կտային  ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց  իրենց  ավելի պաշտպանված զգալ, դրա համար էլ կոալիցիայի անդամ կազմակերպությունները  պնդում են, որ դրանք հստակեցվեն  առանձին  «Ընտանեկան բռնության մասին» օրենքով: Պրակտիկան ցույց է տվել , որ այլ օրենքներում ղետեղված դրույթները, ըստ էության,  չեն աշխատում եւ թույլ չեն տալիս  պաշտպանել ընտանեկան զոհ դարցած կանանց:

 

Նշենք, որ «Ընդդեմ կանանց բռնության» կոալիցիան նաև «Ընդունե՛ք «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքը հիմա» կոչի տակ  ստորագրահավաք էր կազմակերպել և դրա տակ ստացված 1500 ստորագրությունները  բաց նամակի  հետ միասին կհանձնվեն  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ու  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:

«ՀՀ կառավարության որոշումն ապացուցում է, որ չկա հստակ պատկերացում ընտանեկան բռնության մասին, որովհետև գենդերային կամ ատելության հիմքով բռնությունները եզակի են և չեն տեղավորվում քրեական կամ քաղաքացիական պատասխանտվության շրջանակներում: Օրենքի նախագծի ընդունումը հետաձգելով, մենք կորցնում ենք շատ թանկարժեք ժամանակ և անմեղ մարդկանց բազմաթիվ կյանքեր, ինչպես նաև ծանրացվում է կառավարության վրա դրված բեռը, որովհետև ընտանեկան բռնությունը հանրային  առողջության և տնտեսության հետ կապված լուրջ խնդիր է»,-ասված է երկրի առաջին ու երրորդ դեմքին ուղղված բաց նամակում:

 

Ակցիայի մասնակից «Կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն» հկ-ի  ղեկավար Սուսաննա Վարդանյանն էլ նշեց, որ իհարկե օրենքի առկայության դեպքում էլ ոչ ոք  չի կարող երաշխավորել, որ Հայաստանում կվերանա ընտանեկան բռնություն երևույթը, քանի որ աշխարհի բոլոր երկրներում, ցավոք, այդ հիմնախնդիրը գոյություն ունի: Սակայն այն, որ օրենքի  ընդունումը կբերի դեպքերի նվազման ինքնին հասկանալի է, քանի որ հստակ պատժի գիտակցումը իր գործը միշտ էլ արել է:

 

 

«Խնդիրը նրանում է, որ օրենք ունենալով, մենք կկարողանանք պաշտպանել կանանց: Իսկ որքան շատ կանայք պաշտպանված լինեն ընտանեկան բռնությունից, այնքան արագ հնարավոր կլինի հասնել մի իրավիճակի, երբ բռնության դեպքերը հայ ընտանիքներում կնվազեն»,- հայտարարեց Սուսաննա Վարդանյանը:

 

Ակցիայի մասնակիցների ձեռքին պաստառներ էին` «Վերջ կանանց նկատմամբ բռնությանը», «Ընտանեկան բռնության օրենքի ընդունումը ոչ թե պահանջ է, այլ պարտավորություն», «Ամուր ընտանիք ` առանց բռնության» և այլ գրություններով: Իսկ մեկն էլ վիճակագրություն էր պարունակում, համաձայն որի միայն անցած տարի` 2012-ին 5 կին մահացել է ընտանեկան բռնության հետևանքով` առանց մայրական խնամքի թողնելով 12 մանկահասակ երեխա, իսկ գրանցված ընտանեկան բռնության 766 դեպքից 621-ը կատարվել է կանանց հանդեպ:

«Ընտանեկան բռնությունը միայն կանանց խնդիրը չէ. այն ազգային և մարդու իրավունքների խնդիր է… Հայաստանի կառավարությունը ստորագրել է մի շարք միջազգային կոնվենցիաներ, որոնցով նա պարտավորվում է ընդունել ընտանեկան բռնության մասին օրենքը, պաշտպանել կանանց իրավունքները: Չընդունելով այս կարևոր օրենսդրությունը՝ կառավարությունը հայերին և ամբողջ աշխարհին ուղարկում է շատ կարևոր հաղորդագրություն, որ այն չի կատարի իր պարտավորությունները և որ ընտանեկան բռնության կանխարգելումը այն համարում է ցածր կարևորության խնդիր»,- ասված է «Ընդունե՛ք «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքը հիմա» ստորագրահավաքի տեքստում….

 

Էնզելա Մակարյան

Դիտումների քանակը` 4149

Գլխավոր էջ