«Էս կարկուտը մեր տունը քանդեց, ոչ մի բան էլ չկա` ոչ դեղձ, ոչ ծիրան…»

Արևի վառող շողերի տակ Սարդարապատում ավանդական տոնակատարություն էր` ռազմական շքերթ, նախագահն էր ելույթ ունենում, հետո բարձրաստիճան հյուրերը ծաղիկներ դրեցին մայիսյան ճակատամարտերի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին…. Իսկ նրանք հեռվից լուռ հետևում էին ողջ իրարանցումին ու անընդհատ կրկնում` «երեք ամիս օր ու գիշեր տանջվեցինք, գոնե մեկը նկատեր գեղեցկությունը, ծաղիկները….». Ջեմմա Սիմոնյանն ու ԱնահիտԽաչատրյանը  «Սարդարապատ» հուշահամալիրի աշխատակիցներն են, ում ջանքերի շնորհիվ հուշահամալիրի տարածքը ոչ միայն մայիսի 28-ին, այլև կլոր տարի մաքուր է, գեղեցիկ ու գունեղ` խնամված ծառ ու ծաղիկների շնորհիվ:

 

«Մենք ծաղիկ ենք ցանում, աճացնում, քաղհան ենք անում, հետևում մաքրությանը… ծանր գործ է, բայց ամեն ինչ անում ենք այս տարածքների համար, միայն թե աչք շոյող մաքրություն ու գեղեցկություն լինի»,- WomenNet.am-ին պատմեց տիկին Ջեմման, ով նեղսրտում էր, թե իրեն ոչ ոք չի լուսանկարում, որպեսզի դուստրը, ով Վլադիվոստոկում է, տեսնի նրան ու ուրախանա:

Ասում է, որ իրենց այդ ծանր աշխատանքը անպատասխան չի մնում, մարդիկ անտարբեր չեն և շնորհակալություն են հայտնում կանանցից` հատկապես վարդերի պուրակով զբոսնելուց հետո: Բայց գեղեցիկը, թերևս, այս կանանց կյանքում այսքանով սահմանափակվում է…

 

«Էս կարկուտը մեր տունը քանդեց, ոչ մի բան էլ չկա` ոչ դեղձ, ոչ ծիրան… որն էլ, որ կա, լրիվ փչացած, ծակած, այգիները ոնց որ մանգաղով քաղած լինես: Ահավոր ա, ու ոչ մի բան չունենք էլ»,- առօրյա հոգսերին գումարված նոր խնդրի մասին գրեթե արցունքն աչքերին կիսվեց 5-րդ Սովխոզի բնակիչ, տիկին Ջեմմայի ընկերուհի Անահիտ Խաչատրյանը:

 

Թե տիկին Ջեմման, թե նաև տիկին Անահիտը, ինչպես և շատերը, բանկերից վարկեր ունեն վերցրած` մեկը ընդամենը 400 հազար դրամ, իսկ տիկին Անահիտը, ում ընտանիքում ութ շունչ են և միայն ինքն է աշխատում ` 2 մլն դրամ.

 

«2 մլն վերցրել էինք, որ հողերի համար ինչ-որ բան անեինք, ոչ մի նշանակություն չունեցավ այդքան  տանջանքը` ազոտ առանք սրսկեցինք, վարեցինք, էտեցինք… սաղ փողո տվել ենք դրանք անել, բայց ոչ մի արդյունք: Պետությունից էլ հլա բան չգիտենք, սպասում ենք մի բան ասեն»,- պատմեց նա, ամեն վայրկյան ուսերը ծանր բեռից թոթվելով, կարծես փորձում էր գոնե այդպես ազատվել դրանից…. «Ինչ պիտի անենք չգիտենք»,-միաբերան ասացին կանայք:

 

Հաշվի առնելով նախորդ դառը փորձը, երբ անցած կրկին ուժեղ կարկուտից մի շարք համայնքներ տուժել էին Արմավիրում, սակայն պետությունը, նրանց խոսքով, այդպես էլ ոչինչ չարեց, տիկին Ջեմման ու Անահիտը մեծ հույս չեն էլ փափագում, թե այս անգամ օգնություն կլինի ` «մի քիչ բողկի սերմ տվեցին, մի քիչ լոբի, կուկուռուզ, դրանով  ի՞նչ: Դա ոչ մի բան չի փոխում, իսկ մենք սրանով երեք տարի հետ նահանջեցինք, ոչ թե առաջ գնացինք, այլ հետ…. Խոսում եմ, ու  սիրտս լցվում ա, չեմ կարողանում ասեմ սրտիս եղածը»:

 

Իսկ  որ ամենակարևորն է` գյուղացիները չեն կարողանում հավատալ նրան, որ պետության կողմից տրամադրվող օգնությունը կլինի էական: Բայց վստահ են, որ դա անհրաժեշտ է, քանի որ մարդկանց կյանքը առանց այդ էլ բարդ էր, իսկ հիմա ընդհանրապես` «գլուխներն ուզում են առնեն ու փախնեն».

 

«Ահավոր վիճակ է բոլորի մոտ, շնչից ծանրաբեռնված ենք, մեր ընտանիքում ութը շունչ ենք ու մենակ ես եմ աշխատում: Տունը այգիներով ենք պահում, էն էլ` խնդրեմ, տենց եղավ, էլ ի՞նչ անենք»,- շարունակ նեղսրտում էր տիկին Անահիտը:

 

Արտագաղթը այս ամենից հետո ավելի վստահ իր պայմանները թելադրեց գյուղացիներին` գնալ, հեռանալ հայրենիքից, որպեսզի կարողանաս ոչ միայն ընտանիքդ պահել, այլ խնդիր ևս լուծել` վարկերի տակից դուրս գալ է պետք.

 

 

«Տղաս գնացել է, հարևանս գնացել է, սաղ գնում են:Ով հնարավորություն ունի, ծանոթ-բարեկամ ունի դրսում գնում ա, մնան ի՞նչ անեն… Մենք էլ մնացել ենք,  տեսնենք վերջներս ի՞նչ կլինի` կամ մահ, կամ էլ փրկություն»…..

 

Էնզելա Մակարյան

Դիտումների քանակը` 4261

Գլխավոր էջ