«Էությամբ լավատես եմ, ունեմ նաև հումորի մեծ զգացում, որն ինձ օգնում է չհուսալքվելու»

«Ագաթ» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Գրիգորյանի հետ ծանոթացանք «Կանանց իրավունքների զարգացման ասոցիացիայի» գլոբալ համաժողովի ժամանակ: Կարինեն չափազանց ոգևորված էր այն փաստով, որ համաժողովին ներկա էին մեծ թվով հաշմանդամություն ունեցող կանայք, ինչը նման մասշտաբով անցկացվող հավաքներում հազվադեպ է:

 

Կարինեի հետ զրույցը «բոլորի համար հավասար հասարակության» խնդիրների մասին է, թեպետ իր անձնական պատմությունը այդ գաղափարի իրականացման օրինակ է:

 

– Մասնագիտությամբ տնտեսագետ եմ,  կրթություն ստանալու իմ ամենակարևոր խթանը և հաջողության գրավականը եղել է ընտանիքս Ծնողներս մանկավարժ լինելով մեծ ներդրում են ունեցել իմ կրթության գործում և միշտ խրախուսել են, որ կյանքում առաջ գնամ: Դա իմ մեծ բախտավորությունն է:  Անշուշտ, եղել են պահեր, երբ հուսահատվել եմ: Ծնված օրվանից ես ևս բախվել եմ բազում արգելքների, խոչընդոտների և անարդարությունների: Ամեն ինչ ինձ համար շատ ավելի դժվար կլիներ, եթե իմ կողքին չլինեին հարազատներս, ընկերներս, ովքեր, հավատալով իմ ուժերին, միշտ աջակցել ու խրախուսել են ինձ: Շնորհակալ եմ բոլորին: Դրա համար էլ էությամբ լավատես եմ, ունեմ նաև հումորի մեծ զգացում, որն ինձ օգնում է չհուսալքվելու, – ասում է նա:

 

Իր առողջական խնդիրների մասին Կարինեն երբեք չի խոսում, շրջապատի մարդկանց էլ այնպես է տրամադրում իր հետ շփվել, որ նրանք մոռանում են այդ մասին հարցեր տալ:

 

– Թեև հիանալի տիրապետում էի մասնագիտությանս, բայց, չգիտես ինչու, չէի կարողանում աշխատանք գտնել: Գուցե հենց իմ հաշմանդամության պատճառով: Եվ քանի որ էությամբ ակտիվ և նախաձեռնող էի, որոշեցի անցնել կամավորական աշխատանքի, ինչն էլ ապագա հասարակական գործունեությանս համար խթան հանդիսացավ: 8 տարուց ավելի կամավոր եմ եղել, դասավանդել եմ անգլերեն, թարգմանել եմ ծրագրեր: Թեև Գյումրում գործում էին հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող մի շարք կազմակերպություններ, սակայն հաշմանդամություն ունեցող երիտասարդ կանանց խնդիրներով նրանք չէին զբաղվում: Այսպես ստեղծվեց մեր կենտրոնը, որը որոշեցինք անվանել «Ագաթ», քանի որ կազմակերպության շահառու աղջիկներին ու կանանց նմանեցնում ենք ագաթ քարին: Նրանք կազմակերպությանը հաղորդում են ամուր կամքի ուժ և համառություն և յուրահատուկ գեղեցկություն ունեն, ինչպես ագաթը: Մեր կենտրոնն էլ ագաթի նման չափազանց հետաքրքիր բյուրեղ է: Իմ երազանքն էր բարելավել հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների կյանքի որակը, որպեսզի նրանք կարողանան իրենց ապագայի համար ավելի պայքարող լինել:

Այսօր « Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոն»  հասարակական կազմակերպությանը  անդամակցում են 16-ից 35 տարեկան հաշմանդամություն ունեցող երիտասարդներ Շիրակի մարզից: Կազմակերպությունը իրականացնում է տարաբնույթ ծրագրեր` ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանությանը,  սոցիալական ներառմանը, մասնագիտական կողմնորոշմանը, նույնիսկ  միջազգային փոխանակումների փորփ ունի:  Կենտրոնի շահառուներն են Շիրակի մարզի հաշմանդամություն ունեցող 50 կանայք եվ աղջիկներ:

 

Կարինեի դիտարկմամբ` ներկայումս Հայաստանում գրանցված են մոտ 81.900 հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկներ, որոնք հանդիսանում են հասարակության ամենախոցելի խումբը, քանի որ ենթարկվում են կրկնակի խտրականության` որպես կին և հաշմանդամություն ունեցող անձ:

 

– Բազմաթիվ օրինակներ ունենք, երբ վերաբերմունքը տղաների և աղջիկների նկատմամբ տարբեր է: Ունենք դեպքեր, երբ ծնողները տանն են պահում իրենց հաշմանդամություն ունեցող աղջիկներին: Վերջերս Հայաստանում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կրթական համակարգից դուրս մնացած հաշմանդամություն ունեցող աղջիկների թիվը անհամեմատ մեծ է նույն խնդիրներն ունեցող տղաների թվից: Ինչ վերաբերում է զբաղվածությանը, ապա հաշմանդամություն ունեցող տղամարդը ավելի համարձակ է և կարող է դիմել որոշակի ֆիզիկական կամ մտավոր աշխատանք կատարելու համար: Մինչդեռ հաշմանդամություն ունեցող կանայք շատ ավելի ինքնամփոփ են ու մերժված հասարակության կողմից: Նրանք ավելի շատ են ամաչում իրենց կարգավիճակից և դրա համար չեն կարողանում աշխատանք գտնել: Մեր հասարակությունը դեռ պատրաստ և ի վիճակը չէ բոլորին հավասար ընկալելու, այդ թվում` պատրաստ չէ նաև գնահատելու հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների ներուժը, նրանց հոգևոր և մտավոր հարուստ ներաշխարհը, և շատ հաճախ դատողություններ և եզրահանգումներ է անում` ելնելով վերջիններիս ֆիզիկական կարգավիճակից: Այս ամենը կաշկանդում է հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկներին, և քանի որ նրանք չեն խրախուսվում շրջապատի կողմից, մեծ մասամբ չեն պայքարում իրենց իրավունքների իրացման համար և չեն կարողանում կյանքում իրենց տեղը գտնել: Նույնիսկ ընտանիք կազմելու պարագայում տարբերությունն ընդգծվում է նրանով, որ եթե տղամարդը կարող է ընտրություն կատարել, ապա կինը` ոչ: Սակայն արդեն կան բավականին նկատելի փոփոխություններ, և Հայաստանում կան հաշմանդամություն ունեցող խիզախ երիտասարդ կին առաջնորդներ, ովքեր պաշտպանում են ոչ միայն իրենց, այլ իրենց նման կանանց շահերը:

Նշենք, որ «Ագաթն» առաջիններից մեկն էր, որ բարձրաձայնեց` հաշմանդամություն ունեցող կանայք լիարժեք կյանքով ապրելու, մայրանալու իրավունք ունեն:

 

– Մեր կազմակերպությունը դեռ 2013 թվականից սկսեց իրականացնել ծրագրեր, որոնց նպատակն էր նպաստել հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների վերարտադրողական առողջության հետ կապված իրավունքների իրացմանը: Անկեղծ ասած` արձագանքները տարաբնույթ են եղել: Մեզ նույնիսկ քննադատել են, թե իբր մենք Հայաստանում անբարոյականություն ենք քարոզում: Սակայն մենք չենք հուսալքվել, հավատացել ենք գաղափարին, քանի որ մեր շահառուների և գործընկերների հետ անկեղծ զրույցները վկայում էին, թե ինչքան կարևոր և տեղին է մեր նախաձեռնությունը: Ի դեպ, արդեն հինգ տարի է, ինչ  «Ագաթ»-ին անդամակցում են ոչ միայն հաշմանդամություն  ունեցող աղջիկները, այլև տղաները: Մի շարք ծանոթունթյունների շրջանակներում ունեցել ենք երջանիկ ամուսնություններ: Նրանց թվում են լսողության խնդիրներ ունեցող Արշալույսն ու Մեսրոպը: Նրանք այսօր ունեն երկու երեխա, ովքեր չունեն լսողության խնդիրներ և հաղորդակցվում են թե՛ ժեստերի լեզվով, թե՛ բառերով…

 

Բոլորովին վերջերս  «Ագաթ» ՀԿ-ն  դիմել էր Գյումրու  քաղաքապետարան հողամաս տրամադրելու խնդրանքով` ներառական հրապարակ կառուցելու համար: Գյումրու ավագանին հաստատել ու անհատույց օգտագործման համար հողամաս էր տրամադրել Գյումրու Բաղրամյան փողոցի հարևանությամբ: Աշխատանքներն արդեն նկատելի են: դակլինի առաջին ներառական խաղահրապարակը Գյումրիում:

 

Լուսանակարները՝

Կարինե Գրիգորյանի անձնական արխիվից եւ «Ագաթ» ՀԿ-ի

 

Դիտումների քանակը` 4965

Գլխավոր էջ