«Երջանկություն է, երբ մարդը իր սիրած գործով է զբաղվում»…

Ակնաշենի մռայլ եղանակն ու համատարած մոխրագույնը  մեկ ակնթարթում փոխվեց, երբ մտանք տիկին Հայկանուշի ընդարձակ ջերմոցը:  Չորս կողմը կանաչ էր, ու արդեն կարմրին էին տալիս մեծ ու առողջ լոլիկները…

 

 

Ինչպե՞ս  խնամել ջերմոցը,  ճիշտ պարարտացնել այն, ո՞ր սերմն է վաղահաս բերք տալիս կամ էլ  ո՞րն է ամենաբերքառատը …. Ակնաշեն գյուղի ֆերմեր Հայկանուշ Ենոքյանի բջջայինը երբեք չի լռում: Ծանոթ ու անծանոթ մարդկանց միշտ պատրաստ է լսել ու իր խորհուրդներով օգնել տիկին Հայկուշը: Եվ ինչպես ինքն է ասում, հակառակ դեպքում` գիշերը քունս չի տանի:

 

 

Իսկ սեփական ֆերման ունի ստեղծման  իր պատմությունը.

 

 

– Սովետի փլուզումից հետո, ինչպես բոլորը, այնպես և ես, սկսեցի մտածել, թե ինչպես կարող եմ պահել իմ  ընտանիքը: Այդ տարներին հավաքեցի իմ բոլոր գումարները և համակարգիչ գնեցի ու քանի որ ինձ շատ էին հետաքրքրում սերմերը, շուտով  գտա ամենամեծ կազմակերպությունը, որը սերմ է արտադրում.- պատմում է տիկին Հայկանուշը, ով դառնում արտասահմանյան սերմեր ներկրող առաջին անհատներից մեկը: Աստիճանաբար բիզնեսը ընդլայնվում է: Այսօր Հայկուշ Ենոքյանը ունի նաև իր սերմերի խանութը և հանդիսանում է Հոլանդիայից “Սեմինիս” սերմեր ներկրող միակ պաշտոնական ներկայացուցիչը:

 

 

Հաջողության իր բանաձը վստահությունն է, որը ձեռք է բերվել ամեն օր:

 

– Տղաս ասում է` դու ոչ մի անգամ չես խաբում: Եթե ես գիտեմ, որ այս նոր սերմի տեսակը ավելի լավն է, ես չեմ կարող չասել այդ մասին սերմ գնողին: Ճիշտ է, ինքը կգա, կգնի իր ուզածը ու կգնա, բայց նա անպայման պետք է իմանա, որ կա ավելի լավը: Արդյունքում` լավերը տանում են,- ժպիտով ասում է տիկին Հայկուշը, բայց և հավելում,- միևնույնն է, էլի ես օգտվում եմ, ճիշտ է չիրացված սերմերը կորուստ են ինձ համար,  բայց  մարդիկ  այդ նոր սերմերի շնորհիվ ավելի լավ բերք են ստանում, ավելի շատ են վստահում մեզ,  գործս էլ  շարունակում է:

 

 

Սերմերից  հետո, հերթը սեփական ֆերմայինն էր, որտեղ և տիկին Հայկանուշը անձամբ սկսեց փորձարկել սերմերի լավ ու վատ լինելը, չափել աճն ու բերքատվությունը:

 

Ակնաշենի մռայլ եղանակն ու համատարած մոխրագույնը  մեկ ակնթարթում փոխվեց, երբ մտանք տիկին Հայկանուշի ընդարձակ ջերմոցը:  Չորս կողմը կանաչ էր, ու արդեն կարմրին էին տալիս մեծ ու առողջ լոլիկները:

 

 

 

-Առաջ, երբ այլ ջերմոցներին էինք տալիս սերմերը, ամբողջ ամիս սպասում էի, որ տեսնեի, թե ինչ արդյունքներ են ստացվել: Գնում էի, պարզելու, թե որն է ավելի լավ բերք տվել, պարզվում էր, մի անգամ խառնել են սերմերն իրար, մի ուրիշ անգամ` մեկ այլ պատճառով չկարողացան ցտույգ պատասխան տալ…

 

 

Տիկին Հայկուշը իր աշխատանքին մոտենում է բծախնդրորեն: Նրան հետաքրքրում է ամեն ինչ: Ջերմոցում կիրառվում են  ժամանակակից բոլոր միջոցները. անցկացված է կաթիլային ոռոգում, փոշոտումն իրականացնում են մեղուները :

 

 

-Առաջ, երբ  հորեղբորս կինը ասում էր, որ հող մշակելիս մեծագույն հաճույք է ստանում, չէի հասկանում նրան, բայց հիմա… իմ մեջ էլ այդ զգացումն առաջացավ,  անընդհատ ջերմոցում քայլում եմ, հետևում աշխատանքներին, ամեն բույսի աճին ու չեմ էլ նկատում, ոնց է անցնում ժամանակը: Երջանկություն է մարդու համար, երբ նա իր սիրած գործով է զբաղվում:

Անմշակ հողակտորների փոխարեն, մեծ ջանքերի շնորհիվ, այսօր մի մեծ տնտեսություն է ստեղծել տիկին Հայկուշը:  Անցկացվել է ոռոգման, ջեռուցման համակարգ, կառուցվել է ջերմոցը: Սկսելով 3000մ2 հողակտորից, այսօր այն գրեթե եռապատկվել է:

 

 

– Գործի մեջ մարդը պետք է մի փոքր հաջողակ էլ լինի: Ճիշտ է անհատական որակները նույնպես շատ կարևոր են: Պետք է կոլեկտիվում քեզ ճիշտ դրսևորես, ամեն բան չէ որ նյութականի վրա է հիմնվում: Եթե աշխատողն իր գործը սիրով չարեց, սիրով չմոտեցավ բույսին, երբեք լավ բերք պետք չէ սպասել: Իրենց աշխատանքին մեծ պատասխանատվությամբ են մոտենում, ես էլ նրանց  սովորեցնում եմ այն ամենը, ինչ գիտեմ. որ տերևը պոկել, երբ պետք է ձեռք չտալ բույսին…, իմ բոլոր աշխատողները պատրաստի գյուղատնտեսներ են:

 

Տիկին Հայկանուշին իր գործում օգնում է նաև կրթությունը. ավարտել է ԵՊՀ-ի քիմիայի ֆակուլտետը.

 

– Երբ կարդում եմ պարարտանյութերի, թունաքիմիկատներ մասին հուշումները, հասկանում եմ ողջ պրոցեսը, հաճախ նաև,  չունենալով համապատասխան նյութը, ալտերնատիվ որևէ բան եմ ավելացնում:

 

 Ակսօր էլ տիկին Հայկանուշը շարունակում է աշխատել իր ջերմոցում, փորձարկել, գտնել ամենալավ սերմի տեսակը ու չդավաճանելով իր պրպտող բնավորությանը` նոր հետաքրքրություններ է իր համար գտնում.

 

-Հիմա սկսել եմ մեղուների մասին գիրք կարդալ: Շատ հետաքրքիր է. ուզում եմ ամեն բան իմանալ նրանց մասին:

 

Ով գիտե, միգուցե այս փոքրիկ հոբբին էլ, վաղը մի նոր բիզնեսի սկիզբ դառնա տիկին Հայկանուշի համար…

 

Լիլիթ Քոչինյան

Երեւան-Ակնաշեն

Տես նաեւ այլ նյութեր այս թեմայի շուրջ մեր կայքում.

  

«Քարից հաց քամող» կին հերոսները

 

«Մայրս միշտ ասում էր` դու ծնվել ես գյուղի համար»…

 

«Ասացի՝ հետները երգում եմ, սիրով են հոգի առնում»…

Դիտումների քանակը` 9259

Գլխավոր էջ