«Երկիր ունեք, աշխարհը չունի, ձեր քրտինքը հայրենի, այլ ոչ թե օտարի հողի վրա թափեք»…
Քաղաքացիական կենտրոնները համայնքների «թևերն» են
Այսօր իրենց իրավունքներին իրազեկ քաղաքացիական ակտիվիստներն ու նրանց միավորող շարժումները հզոր ուժ են ոչ միայն Երևանում, այլև հանրապետության հեռավոր մարզերում ու համայնքներում: Դրա վկայությունն են Հայաստանում Օքսֆամի գրասենյակի և «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի միջև համագործակցության արդյունքում Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում ստեղծված քաղաքացիական հինգ կենտրոնները, որոնք նշանակալի դեր են կատարում սոցիալական ոլորտի բարեփոխումների խթանման, սեփական համայնքներում առկա խնդիրների լուծման գործում: Մեղրիում, Կապանում, Եղեգնաձորում, Սիսիանում և Վայքում հաջողությամբ գործող այդ կենտրոնները տրամադրում են իրավաբանական խորհրդատվություն և իրականացնում են շահերի պաշտպանություն ավելի քան 40 գյուղական և քաղաքային համայնքներում:
Քաղաքացիական կենտրոնների հաջողությունների մի յուրատեսակ ստուգատես էր օրերռս Անի Պլազա հյուրանոցում Օքսֆամի և «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Ակտիվ քաղաքացիության 23 տարի» խորագրով միջոցառումը, որին մասնակցում էին Հայաստանի հարավային գյուղական համայնքների ավելի քան երկու տասնյակ ակտիվիստներ:
Ժողովրդավարական հասարակության ձևավորման գործում կարևորելով քաղաքացիական կենտրոնների դերակատարությունը, Օքսֆամ գրասենյակի ղեկավար Մարգարիտա Հակոբյանն ընդգծեց, որ մարդու իրավունքների պաշտպանության գործընթացներում այդ կենտրոնների առկայությունը վճռորոշ է հատկապես գյուղական համայնքներում, որտեղ «կանայք և երիտասարդները համախմբվում են հանուն դրական փոփոխությունների և իրենց համայնքների կայուն զարգացման»: Քաղաքացիական այդ կենտրոնները միջանկյալ օղակ ու կապ են տեղական և մարզային կառավարման մարմինների ու բնակիչների միջև և որոնց օգնությամբ ստեղծված կամավորական խմբերը մշտադիտարկում եմ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը: Արդյունքում դժվար թե համայնքային ծրագրերը ննջեն ղեկավարի աշխատասեղանի գզրոցում:
Մարդու իրավունքների առաջին պաշտպան եւ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի համոզմամբ անհրաժեշտ է, որպեսզի կենտրոնների կամավորական խմբերի կանայք ու երիտասարդները գիտակցեն, որ հարազատ մարզն ու համայնքն իրենց իսկ պատասխանատվության մի մասն է:
-Մենք անցել ենք փոքր հաջողությունների ու հաղթանակների ճանապարհ, ծրագրել ու իրականացրել ենք մեր հնարավորությունները չգերազանցող խնդիրներ` մանկապարտեզի կամ դպրոցի տանիքի վերանորոգում, գետի հունի մաքրում, ճանապարհի մի փոքրիկ հատվածի վերանորոգում, կամավորների ձեռքի աշխատանքների վաճառքից ստացված գումարների խելամիտ բաշխում անապահով ընտանիքների միջև: Սրանք երիտասարդ կամավորներին ոգևորող քայլեր են: Նրանք այլևս չեն մտածում երկիրը լքելու մասին: Ես նրանց ասում եմ. ախր երկիր ունեք, աշխարհը չունի, ձեր քրտինքը հայրենի, այլ ոչ թե օտարի հողի վրա թափեք: Մեր նպատակն է, որպեսզի ամեն մարդ, որտեղ էլ նա ապրի, իր փոքր համակարգում կարողանա հաղթահարել դժվարություններն ու միաժամանակ ձեռք բերի հմտություններ: Պետք է լինի մտքի հեղափոխություն, ու կարծես թե մենք հասել ենք դրան»,-ասում է Լարիսա Ալավերդյանը:
Մտքի հեղափոխությունը թեև դժվարությամբ, սակայն հնարավոր եղավ նաեւ հաղթահարել Հայաստանի հեռավոր ու սահմանամերձ մարզում` Սյունիքում, ուր մարդիկ հետզհետե համոզվեցին, որ իրավական «անգրագիտությունը» առավել խորացնում է իրենց սոցիալական ծանր վիճակը, մինչդեռ «Ընդդեմ իրավական կամայականության» Մեղրու քաղաքացիական կենտրոնի կամավորների իրավական խորհրդատվության ու աջակցության արդյունքում նրանք կարողանում են վերականգնել իրենց խախտված իրավունքները: Սակայն Մեղրու քաղաքացիական կենտրոնի գործունեությունը չի սահմանափակվում սոսկ իրավական խորհրդատվությամբ: Կենտրոնի ղեկավար Ժաննա Հովհաննիսյանի խոսքով անապահով ընտանիքներին բաժանվել են հավի ճտեր, մեղվի փեթակներ, անգամ վերանորոգել են դպրոցի տանիքը:
-Մեր կենտրոնն իրականացնում է ոչ միան Օքսֆամ-ի ծրագրերը: 2010 թվականին ԱՄՆ դեսպանատան կողմից ֆինասավորվող «Պատանի առաջնորդներ»-ի ծրագրի շրջանակում մի քանի համայնքների 13-15 տարեկան պատանիներ ու աղջիկներ ձեռք բերեցին իրավական գիտելիքներ, իսկ մեկ այլ ծրագրով շուրջ 28 աղջիկներ շրջակա տարածքներից հավաքած պլաստմասե տարաներով պատրաստեցին մեծ ծառ և գլոբուս:
Բնապահպանական ծրագրերի իրականացման ակտիվ մասնակից է նաև Վայոց Ձորի մարզի Գոմք համայնքի 11-րդ դասարանի աշակերտուհի Լիլիթ Ստեփանյանը: 2011 թվ. Օգոստոսի 1-ից 7-ը Ջերմուկի «Էկո» ճամբարում անցկացրած ժամանակահատվածում Լիլիթը խորապես ուսումնասիրեց բնապահպանական խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիներն, իսկ որպես գործնական պարապմունք, նա իր հասակակիցների հետ շրջակայքից հավաքած պլաստմասե տարաններից գունագեղ թիթեռնիկներ պատրաստեց ու վաճառեց: Թեև առայժմ որոշված չէ, թե այդ գումարով գնված մեղվի փեթակները որ համայնքի անապահով ընտանիքներին են հատկացնելու, բայց որ բարի գործի գիտակցումից ու մեծահասակների խրախուսանքից ավելի են ոգևորում, դա փաստ է:
Բնապահպանական խնդիրներով մտահոգված է նաև Եղեգնաձորի քաղաքացիական կենտրոնի Արենիի «Ռեսուրս կենտրոն»-ի ակտիվիստ Նորայր Գրիգորյանը: Երևանի պետական համալսարանի շրջանավարտին հաջողվել է Արենու գինու գործարանում աշխատանքը համատեղել հասարակական աշխատանքի հետ: Ի դեպ, երկրորդն ավելի է կարևորում, քանի որ Արենիում անցկացվող ամենամյա Գինու փառատոնի ժամանակ «մի տեսակ ամաչում էր» հասարակական զուգարանների ու աղբամանների բացակայության պատճառով: Այսօր արդեն Նորայրի ու իր ընկերների ջանքերով կազմակերպված դրամահավաքի շնորհիվ աղբամաններն արդեն գնվել ու տեղադրվել են, հասարակական զուգարանների հարցը նույնպես լուծվել է համայնքային բյուջեի հաշվին, լավ է, զբոսաշրջիկների մոտ պարզերես կլինեն:
Ահա, այսպիսին են երիտասարդ ակտիվիստները, ովքեր անշահախնդիր են իրենց մտքերում եւ նախաձեռնություններում, ընդամենը փորձելով գործի վերածնել այն, ինչի մասին շատերը միայն խոսում են…
“Մարզերում ապրող կանայք և երիտասարդները հաճախ չեն արժանանում այն ուշադրությանը, ինչպիսին պահանջում են նրանց նախաձեռնություններն ու իրականացրած գործողությունները: Մենք ուրախ ենք աջակցելու նրանց ներկայացնելու իրենց ձեռքբերումներն ու առկա մարտահրավերները հանրության առաջ” – ասում է :”Ընդդեմ իրավական կամայականության” /ԸԻԿ/ ՀԿ-ի տնօրեն Միքայել Արամյանը
Միջոցառման ավարտին տեղի ունեցավ “Սոցիալական մեդիա հանուն սոցիալական բարեփոխումների” լուսանկարչության մրցույթի ամփոփումը: Արփինե Հարությունյանը “Երեխաների իրավունք” այս լուսանկարով գրավեց առաջին հորիզոնականը: Մրցանակների արժանացան նաև Մերի Հովհաննիսյանը և Արտյոմ Հովհաննիսյանը:
Անուշ Ներսիսյան
WomenNet.am-ը շնորհավորում է “Ընդդեմ իրավական կամայականության” ՀԿ-ին իր գործունեության 23-րդ ամյակի կապակցությամբ: Նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ ենք մաղթում …
Դիտումների քանակը` 4182