«Երեք րոպե եմ տալիս, որ զանգեք մորս ու ներողություն խնդրեք». պատգամավորը սպառնացե՞լ է Մոսկվայի տան տնօրենին

 

Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովը երկու օր առաջ դիմում է ստացելԵրևանում Մոսկվայի տան տնօրեն Արմինե Թութունջյանից`  ՄԻԱԿ»  ներկայացուցիչ,  ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանի վարքը քննարկելու առաջարկով: Դիմումում  նշված է, որ  Կարապետյանը պատգամավորին ոչ հարիր պահվածք է դրսևորել  ու անգամ սպառնալիքներով հանդես եկել:

 

Էթիկայի հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը հաստատել է, որ նման դիմում իսկապես ստացվել է և այն, ըստ ընթացակարգի, կքննարկվի: «Նամակը ստացել եմ, դեռ չեմ ուսումնասիրել, ինչ կապված է բովանդակության հետ, ուղղակի ճանաչելով նաիրա Կարապետյանին  որպես պարկեշտ անձնավորության, կարծում եմ,  ամեն ինչ չէ, որ հալած յուղի տեղ պետք է ընդունել, այլ պետք է լուրջ ուսումնասիրել», – կարծիք հայտնեց  Պողոսյանը:

 

Նշենք, որ Նաիրա Կարապետյանը՝ արձագանքելով լ իր անվան շուրջ պտտվող լուրերին ասել էր.

«Շատ ցավում եմ, որ նման պաշտոն զբաղեցնող կինը զբաղվում է ապատեղեկատվություն և սադրանք տարածելով, սակայն նաև ուրախ եմ, որ նա այնուամենայնիվ դիմել է ոչ թե այն ոճին և տոնայնությանը, որով ինձ հետ էր խոսում, այլ՝ Էթիկայի հանձնաժողով: Էթիկայի հանձնաժողովն է այն մարմինը, որը կոչված է նման իրավիճակները պարզաբանելու և հանրությանը իրականությունը ներկայացնելու: Ըստ Ազգային ժողովի Կանոնակարգ օրենքի՝ Էթիկայի հանձնաժողովի նիստերը դռնփակ են, բացառությամբ այն դեպքի, երբ դիմումում նշված պատգամավորն առաջարկում է հանձնաժողովի նիստերն անցկացնել դռնբաց: Կարծում եմ, սա հենց այն դեպքն է, երբ ես կառաջարկեմ անցկացնել նիստը դռնբաց, որպեսզի բոլորին պարզ լինի իրական պատկերը»:

 

Դրան հաջորդել է  Մոսկվայի տան տնօրեն՝ Արմինե Թութունջյանի ասուլիսը՝ կատարվածի մանրամասների վերաբերյալ  պարզաբանումներով: Խնդիրը, իր խոսքով, ծագել է այն ժամանակ, երբ կրթաթոշակ սահմանելու համար Գյումրիի համալսարանից հոգաբարձուների խորհրդի անդամ է պահանջվել, ով պետք է լիներ կամ ռուսերենի մասնագետ, կամ փոխդեկան։ Հոգաբարձուների խորհրդի անդամը պետք է ներկայացնի տվյալ ուսումնական հաստատությունից կրթաթոշակ ստացող ուսանողին։

 

Այս հարցով, Գյումրիի մանկավարժական համալսարանից դեկան Վահան Մելքոնյանի հետ զրուցելուց հետո, դեկանը խոստացել է, որ հաջորդ օրը Արմինե Թութունջյանին կզանգահարի Գայանե անունով մի կին, որն ամբիոնի վարիչն է: Այսքանով խոսակցությունը ավարտվել է, սակայն հաջորդ օրը Գյումրիից ոչ մի զանգ չի եղել:

 

Սա անհանգստացրել է Հոգաբարձուների նիստի կազմակերպիչներին, և «Մոսկվայի տան» մենեջերները նորից են զանգահարել: Քիչ անց տնօրենի բջջայինին է զանգահարել, մի կին, որին «Մոսկվայի տնօրենը» հարցրել է՝ «Դուք Գայանե՞ն եք», ապա՝ «ամբիոնի վարիչն ե՞ք» և յուրաքանչյուր հարցին կինը պատասխանել է՝ ոչ: Ինչից հետո Թութունջյանը ասել է նրան,որ  նա չի կարող լինել հոգաբարձուների խորհրդի անդամ, քանի որ հստակ նշված է` ծրագրով հոգաբարձուների խորհրդի անդամության պայմանները, խորհրդի անդամ կարող է լինել միայն ամբիոնի վարիչը կամ ֆակուլտետի դեկանը, ինչը , իր խոսքով,  ոչ թե ինչ-որ մեկի քմահաճույքն է, այլ մրցութային պայման:

 

Ինչպես հետագայում պարզվում է, Ա. Թութունջյանի կին զրուցակիցը՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Նաիրա Կարապետյանի մայրն էր։ Խոսակցությունից որոշ ժամանակ անց Ա. Թութունջյանի հեռախոսին զանգ է գալիս։ Զրուցակցի ձայնն ընդհատվում էր, ինչպես հաճախ է լինում բջջայիններով խոսելիս, ու Ա. Թութունջյանն ասում է այդ մասին զրուցակցին։

 

«Երբ ես դա ասացի, արդեն իսկ դրանից նյարդայնացած ինձ ասացին, դուք նեղացրել եք մորս։ Ես հակադարձեցի, հավատո՞ւմ եք, որ ես կարող եմ անվայել տոնով զրուցած լինել այդ կնոջ հետ, ինչին հետևեց՝ «Այդ կնոջ չէ, այդ հարգարժան կնոջ հետ» պատասխանը։ Ինձ ասացին՝ «Դուք հենց հիմա կզանգահարեք մորս ու ներողություն կխնդրեք նրանից», ես էլ նշեցի, որ բավական պատկառելի տարիքով կին եմ, բայց, չնայած դրան, եթե իսկապես սխալ եմ եղել, կզանգեմ ու կպարզեմ, թե ինչ է եղել։ Ինձ հակադարձեցին՝ «Ախ դուք դեռ պարզաբանումնե՞ր եք անելու, դուք ո՞վ եք, որ որոշեք, թե ով է լինելու հոգաբարձուների խորհրդի անդամը։ Երեք րոպե եմ տալիս, որ զանգեք մորս ու ներողություն խնդրեք, ես սա այսպես չեմ թողնի»։ Կներեք, բայց ես էլ ինքնասիրություն ունեմ, ասացի՝ դա ձեր իրավունքն է։ Դրանից հետո չենք շարունակել»,– պատմել է Ա. Թութունջյանն,  նշելով, որ մյուս օրն ինքը որոշում է կայացրել դիմում ներկայացնել  ԱԺ Էթիկայի հանձնաժողով ` խնդրելով քննարկել տվյալ միջադեպը:

 

Թութունջյանի  խոսքերով, դեռ ոչ ոք իր հետ այդպես չէր խոսել, ինքը շատ վիրավորված է ու երբ դիմում էր ԱԺ էթիկայի հանձնաժողով, չէր կարծում, որ գործը մեծ հնչեղություն կստանար.

 

«Վստահ էի, որ հարցը պետք է այնտեղ լուծվեր, առանց ԶԼՄ–ներին հասնելու, բայց երբ տեսա Նաիրա Կարապետյանի պատասխանն իմ հայցադիմումին, այժմ ստիպված եմ պատմել մանրամասները։ Ես մինչև վերջին պահը չէի հավատում, որ խոսողը պատգամավոր է, չէի հավատում, որ պատգամավորը կարող է այդպես խոսել»։

 

Ա. Թութունջյանը նշել է, որ ինքը փորձել է գտնել խոսակցության ձայնագրությունը, բայց դա իրեն չի հաջողվել, այլապես ինքը ստիպված չէր լինի այդ ամենը պատմել։

 

Նա նաև ընդգծել է, որ ընդամենը ակնկալում է, որ Նաիրա Կարապետյանի հետ կզրուցեն, կբացատրեն, որ նա մարդկանց հետ այդպես չխոսի. «Չեմ ուզում ո՛չ նրան տեսնել, ո՛չ էլ որ ներողություն խնդրի ինձանից։ Ես անչափ վիրավորված եմ»։

 

Ստորեւ ներկայացնում ենք Երեւանում «Մոսկվայի տուն» Մոսկովյան մշակութային-գործարար կենտրոնի գլխավոր տնօրենի նամակը Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին,   պատճենները ՝ ԱԺ փոխնախագահ ու  ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանին եւ   Էթիկայի հանձնաժողովի նախագահին:

 

«Հարգելի Հովիկ Արգամի,

Հայտնում եմ Ձեզ, որ 18.04.2013թ. հեռախոսազանգ եմ ստացել ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանից, որը վերաճեց լուրջ միջադեպի եւ ավարտվեց պատգամավորի կողմից իմ հասցեին հնչեցրած սպառնալիքներով: Խոսակցության թեման էր «Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակ» ծրագրով Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի կողմից հոգաբարձուների խորհրդի նոր անդամի նշանակումը: Խոսակցության մանրամասները չեմ ներկայացնում, բայց նշեմ, որ վիրավորել է իմ արժանապատվությունը:

Խնդրում եմ քննարկել կատարվածը, քանի որ գտնում եմ երիտասարդ կին պատգամավորի վարքը վրդովեցուցիչ եւ անընդունելի է:

Չէի ցանկանա ժամանակակից Հայաստանում այդպիսին պատգամավորների տեսնել:

Խնդիրը պահանջում է անհապաղ քննարկում»:

 

Է.Մ. 

Դիտումների քանակը` 3638

Գլխավոր էջ