«Երեխաներն ամուսնալուծվող ծնողների ձեռքին դառնում են գործիք»

Հայաստանում ալիմենտի կանոնավար բռնագանձման,  երեխաների հետ ամուսնալուծված  ծնողների  տեսակցությունների պարբերաբար կազմակերպման, երեխային մի ծնողից մյուսին հանձնելու հարցերով է զբաղվում  ԴԱՀԿ  ծառայության շրջանակում 2002-ին ստեղծված ալիմենտի բռնագանձման մասնագիտացված  բաժինը:  Երևան քաղաքի   ԴԱՀԿ  ծառայության  ալիմենտի բռնագանձման  բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Բարսեղ Ներկարարյանի տեղեկացմամբ  տարեցտարի  ամուսնաընտանեկան վեճերով դատական ակտերի հարկադիր կատարում պահանջող կատարողական թերթերի քանակն ավելանում է:

 

 

Օրինակ,  2010-2011 թվականներին ծառայությունում ամուսնաընտանեկան վեճերով կատարման ներկայացվող կատարողական թերթերի քանակը չի գերազանցել 700-ը, 2013-2014 թթ. ընթացքում ծառայությունում կատարման է ներկայացվել նշված վեճերին առնչվող 1000-ից ավելի կատարողական թերթ:
Այս տարվա 11 ամիսների ընթացքում ալիմենտային բռնագանձման վերաբերյալ ներկայացվել է կատարման 954 կատարողական թերթ, որից  359-ը՝ Երևանում: Երեխաների տեսակցության վերաբերյալ 94 կատարողական թերթ  է եղել, որից 35-ը՝ Երևանում, երեխաներին մի ծնողից մյուսին հանձնելու վերաբերյալ՝  7 կատարողական թերթ, որից  4-ը՝ Երևանում: Ներկարարյանը կարծում է, որ դիմողների  աճի պատճառներից մեկն էլ  իրենց  ծառայության   նկատմամբ հասարակության վստահության բարձրացումն է, նաեւ  ծառայության աշխատանքի մեջ հոգեբանների ներգրավումն է :

 

«Առանձնակի կարևորություն է  տրվել  բաժնի աշխատակիցների ընտրության հարցին: Առաջնություն ենք տալիս մանկավարժական ու հոգեբանական հմտություններով օժտված մասնագետներին, որոնք կարողանում են նպաստել ամուսնալուծված ծնողների ու նրանց երեխաների լիարժեք շփվելուն, միջանձնային հարաբերությունները շտկելուն: Ծառայությունում առկա են առանձակի բարդությունների  կատարողական վարույթներ, որոնց  կատարողական գործողությունների կատարման համար ՀՀ գլխավոր հարկադիրի հանձնարարությամբ ներգրավվել  են հոգեբաններ»,-ասում է նա:

 

Ծառայության Արտաքին կապերի բաժանմունքի առաջին կարգի խորհրդատու, հոգեբանների հետ աշխատանքի համակարգող ԶարմինԷ Քիդեմյանի խոսքով, ԴԱՀԿ ծառայության շենքի հարևանությամբ կառուցվել է ծնողների ու երեխաների տեսակցության սրահ:

 

«Սրահում ստեղծվել են բոլոր պայմաններն առավել անմիջական շփում ապահովելու համար»,-ասում է ԴԱՀԿ ներկայացուցիչը, նշելով, որ տոներին երեխաների համար միջոցառումներ են պատրաստվում, լինում են անակնկալներ:

 

«Այս բոլոր նախաձեռնությունների նպատակը մեկն է՝ համատեղ ջանքերով հնարավորինս կարգավորել խնդրահարույց ընտանիքների խաթարված հարաբերությունները՝ հանուն երեխայի: Այս նպատակին հասնելու համար ԴԱՀԿ-ն իր աշխատանքում ներգրավում է ընտանեկան հոգեբաններ»,-ասում է նա:

 

«Ժեստ» հոգեբանական կենտրոնի ղեկավար Արկադի Մեհրաբյանն ասում է, որ անկախ վեճերի բնույթից ամենաշատ տուժող ու ամենաչպաշտպանված օղակը երեխաներն են լինում:

 

«Շատ հաճախ երեխաները  դառնում են   գործիք կամ պատժամիջոց  ամուսնալուծվող ծնողների ձեռքին :  Նրանց  դիտարկում են ոչ թե որպես երեխա, այլ մյուս կողմի վրա ազդելու միջոց, ինչը համարում եմ անթույլատրելի: Այս առումով իրավիճակն առավել ծանր է մարզերում:  Վիճաբանությունների ժամանակ երեխաների շահերը  երրորդ-չորրորդ պլան են մղվում, ծնողները հիմնականում մտածում են մյուսին պատժելու, վրեժխնդիր լինելու, նյութական օգուտ ստանալու մասին»,-ասում է Արկադի Մեհրաբյանը:

 

Ընտանեկան հոգեբանության մասնագետ, հ․գ․թ․ Մարիամ Մեհրաբյանի խոսքով, երեխան՝  լինելով  տարիքային առումով  հոգեբանորեն  խոցելի, առաջին հերթին տուժում է իր ծնողների կողմից:  Ծնողները՝   ունենալով երկխոսության բացակայություն, երեխաներին հաճախ   հուզական շանտաժի են ենթարկում:  Օրինակ՝ «եթե գնաս մայրիկի մոտ, հայրիկը կկորի, ու դու նրան այլևս չես տեսնի», կամ՝  «եթե գնաս հայրիկի մոտ, մայրիկը կհիվանդանա»:

 

«Անառողջ ընտանիքը, որը հայտնվում է հոգեբանական սենյակում, մասնագիտական  օգնության կարիք ունի, բայց լինում են դեպքեր, երբ ընտանիքը ենթակա չէ «բուժման», քանի որ տվյալ անձը  միտված չէ ենթարկվելու հոգեբանի աշխատանքին:  Նման դեպքերում մեր խնդիրն է լինում  պաշտպանել երեխաներին իրենց իսկ ծնողներից: Եթե ծնողների մոտ գլուխ է բարձրացանում անհամատեղելիությունը  ու  նրանք  ամուսնալուծվում  են, եթե  ոչ մի հնար չկա փրկելու ընտանիքը, պետք է հիշեն, որ մնում է  ընդհանուր մի  կետ՝ երեխան ու ամեն ինչ անեն, որ   իրենց  ամուսնալուծությունը  հնարավորինս ցավ չպատճառի նրան», – ասում է հոգեբանը:

 

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 3497

Գլխավոր էջ