«Երբ անտառից դուրս եկանք, մամայի մազերը լրիվ սպիտակ էին»…

 

«Դու պատերազմը հիշու՞մ ես: Չէ՞: Երանի քեզ»,- ասաց տիկին Նադիան, երբ խնդրեցի պատմել Շահումյանի մասին: 20 տարի առաջ նրա ընտանիքը ստիպված էր թողնել տունն ու գնալ: 92-ի հունիսի 13-ին Շահումյանի շրջանը հայաթափվեց: Տիկին Նադիայի ընտանիքը այն քչերից էր, որոնց հաջողվեց հասնել Ստեփանակերտ:

 

«Մենք արդեն դուրս էինք գալիս Շահումյանից, մեկ էլ երկու տղա եկան, ասեցին, մենք ձեզ մինչև Ստեփանակերտ կհասցնենք, որ ապահով լինի: Մեզ բաժանեցին երեք մեծ խմբի` երևի 40-45 հոգանոց: Մենք վերջին խմբում էինք: Արդեն համարյա երկու օր գնացել էինք, մեկ էլ մի քանի ուրիշ տղաներ հասան մեզ տանող երկուսի վրա, սպանեցին դրանց: Մենք սկսեցինք գոռալ, ճվալ, մեզ թվաց` թուրքերն են: Հետո պարզվեց` մեր տղերքն են, իսկ մեզ տանողները թուրք էին, ու մեզ դեպի իրանց սահմանն էին տանում: Էդ երեք խմբից մենակ մեր խումբը փրկվեց, որովհետև մենք վերջինն էինք: Մնացածը թուրքի բաժին դառան»,- պատմում է տիկին Նադիան:

 

 

Այսօր նա չի էլ պատկերացնում, թե ինչպես կարողացավ երեք դուստրերին ու հիվանդ մորը միայնակ Ստեփանակերտ հասցնել: Այդ օրերին ամուսինը կռվում էր, թշնամին էլ անսպասելի էր հարձակվել: Միակ բանը, որ հասցրել էր վերցնել, հին ծածկոցն էր: «Որ սարերով էինք գնում, հոգնած, սոված, ծարավ… Մարդիկ ճանապարհին քնում էին, չէին կարողանում իրանց էրեխեքին պահեին, երեխեքն էլ ոտները սոտ էր տալիս, ընկնում էին ձորը: Ես էլ մենակ էի ու ոչ մի օգնող չունեի: Էդ ծածկոցով երեխեքին կապել էի ինձ, որ կարողանամ սարն իջացնեմ»:

 

 

Մաշված ծածկոցը երևի դեռ երկար կմնար նրանց երևանյան տանը, եթե Ռուզաննան` տիկին Նադիայի փոքր դուստրը, չայրեր այն: Ռուզաննան ասում է, որ պատերազմից մնացած վերջին հուշը պետք էր վերացնել, որ նոր կյանք սկսեն:

 

 

«Ես հինգ տարեկան էի, որ Շահումյանից դուրս եկանք, բայց հիշում եմ, որ մամայի մազերը շատ սև էին, ոնց որ հիմա իմը: Մի գիշեր անտառով անցանք, որ չտեսնեն, չկրակեն: Առավոտյան, երբ անտառից դուրս եկանք, մամայի մազերը լրիվ սպիտակ էին: Էդ ժամանակ մաման 30 տարեկան էր ու էդ օրվանից միշտ գլխացավ ունի»,- պատմում է Ռուզաննան:

 

 

Ստեփանակերտում նրանց արդեն սպասում էին ավտոբուսները: Տիկին Նադիան երեխաներին ու մորը նստեցրեց առաջին պատահած մեքենան, որտեղ դեռ տեղ կար: Երկու օր հետո Երևանում էին:

 

 

«Ռուզանս առաջին դասարան Երևանում ա գնցել: Բայց սեպտեմբերի մեկին դպրոց չգնաց: Ամուսինս դեռ կռվում էր, Ռուզանն էլ ասում էր` մինչև պապաս չգա, դպրոց չեմ գնալու: Ես էլ տանը հետը պարապեցի, գրել սովորացրեցի, մինչև նոյեմբերին ամուսինս եկավ»,- պատմում է Նադիա մորաքույրը:

 

 

Տիկին Նադիան մի քանի անգամ ստիպված էր նոր կյանք սկսել: Մի անգամ Շահումյանը թողնելիս, երբ պատերազմը տարավ ամեն ինչ` տուն, անցյալ, հիշողություն, հետո արդեն Երևանում. ցերեկներն աշխատում էր Նորքի դպրոցում, երեկոյան ռազմաճակատի համար գուլպա գործում: Աշակերտների ծննդյան օրերը անգիր գիտի ընկեր Մակարյանը: Անպայման նվեր է պատրաստում յուրաքանչյուրի համար, հաճախ` նկարի շրջանակ: Ինքը ոչ մի նկար չկարողացավ բերել հետը, թվում է` անցյալն ուղղակի ջնջվել է:

 

 

Այսօր տիկին Նադիայի  երեք աղջիկներն էլ բարձրագույն կրթություն ունեն, ինքն էլ չորս թոռների տատիկ է արդեն, բայց միևնույնն է, դեռ մտածում է Շահումյանի ու իր չապրած տարիների մասին: Իսկ ամենից հաճախ երազում քրոջ որդուն է տեսնում: Նա զոհվել է պատերազմի ժամանակ, իսկ գերեզմանը Շահումյանում է. «Միշտ էդ նույն երազն եմ տեսնում: Ես ծաղիկներով գնում եմ գերեզմաններ, գնում եմ, գնում, բայց հետո վեր եմ թռնում, չեմ հասնում»…

 

 

Անի Գորյան

Դիտումների քանակը` 4317

Գլխավոր էջ