«Երազում եմ նախագահ դառնալ…»

8-ամյա Նարեկի ամենամեծ երազանքը բակի հասակակից երեխաների հետ խաղալն ու վազվզելն է: Ուրիշ երազանք էլ ունի` դառնալ երկրի նախագահ, ու գիտի, որ դրա  իրականացման համար անհրաժեշտ է շատ դժվարություններ հաղթահարել և հետո սովորել, լավ սովորել…

 

Նարեկի ծնվելուց ամիսներ անց պարզվեց, որ նա ունի հենաշարժական խնդիրներ, ավելի ուշ նրա մոտ նկատվեցին նաև խոսքի դժվարություններ: Հանրապետական վերականգնողական կենտրոնում երեխայի մոտ մանկական ուղեղային կաթված ախտորոշվեց :

 

– Այդ ախտորոշումը դատավճռի նման մի բան էր, ասես աշխարհը փուլ եկավ գլխիս,-պատմում է Նարեկի մայրը` 42-ամյա Սուսաննա Հարությունյանը: – Հիմնական հոգսը, բնականաբար, իմ ուսերին է, ու որպեսզի Նարեկը անկողնուն գամված չմնա, հաճախ իմ գրկում էր: Երբ վերականգնողական կենտրոնում տեսնում էի սայլակից օգտվող երեխայի, մտածում էի` տեսնես Նարեկս երբևէ կնստի՞ սայլակի մեջ:

 

Այսօր Նարեկն արդեն մոր օգնությամբ սայլակով զբոսնում է, հաճախում դպրոց ու երազում, թե ե՞րբ է կարողանալու վազել գնդակի հետևից: Այս նկատելի առաջընթացը կատարվեց մանկական ուղեղային կաթվածով հիվանդ փոքրիկների հիմնախնդիրներով զբաղվող Նորագյուղի, Կոշի, Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոնների շնորհիվ, որտեղ տարիներ շարունակ հաճախել է Նարեկը:

 

–         Երկարատև ու հիմնավոր բուժման համար մեծ գումար է պետք: Նարեկին մեծապես կօգնի ողնաշարի վիրահատությունը: Ես տեղեկացա, որ Ռուսաստանի Տուլա քաղաքից բժիշկներ են գալու այս ախտանիշով երեխաների լազերային վիրահատության համար, սակայն այդպես էլ չեկան, թեև հույս չունեի, թե ինձ կհաջողվեր գտնել անհրաժեշտ գումարը: Նարեկն ընդգրկված է «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության մեջ, այսուհետև կսկսենք հաճախել նաև այնտեղ: Ես իմ հույսը չեմ կտրում, համոզված եմ, որ մի օր Նարեկն ինքնուրույն քայլելու է: Նարեկի բարձի տակ մշտապես պահում եմ Մեծ եղեռնի տարիներին մեր գերդաստանի մեծ տատի շնորհիվ կրակներից փրկված կիսաայրված «Նարեկը», որը մասունքի պես փայփայում ենք:

Նարեկը հաճախում է Երևանի 82-րդ դպրոց, որտեղ գործում է ներառական կրթության ծրագիր, սիրով շփվում է հասակակիցների հետ և արդեն ունի բազմաթիվ ընկերներ, և այդ ամենը սիրելի ուսուցչուհու` Ստելլա Գրիգորյանի դրսևորած նրբանկատության և սիրո շնորհիվ: Դպրոցում անկաշկանդ տեղաշարժվելու համար ստեղծված են բոլոր հարմարությունները` թեքահարթակ, դասասենյակը երրորդ հարկից առաջին հարկ են տեղափոխել և այլն:

 

Բայց մի խնդիր այնուամենայնիվ կա: Ամեն առավոտ Նարեկը դպրոց է գնում մոր օգնությամբ, իսկ տնից մինչև դպրոց 25-30 րոպեի ճանապարհ է, ինչը ցուրտ եղանակին լրացուցիչ դժվարություն է ստեղծում: Նարեկի մայրը երեխայի համար տրանսպորտ տրամադրելու խնդրանքով դիմել է Արաբկիր վարչական շրջանին, սակայն խնդրանքը մնացել է անպատասխան: «Ճիշտ է, թաղապետարանի միջնորդությամբ մեր մուտքի մոտ թեքահարթակ կառուցվեց Նարեկի համար, սակայն դպրոց գնալու համար մեքենա տրամադրելու խնդրանքս մերժվեց»,- ասում է Սուսաննան:

 

Կենսախինդ կյանք երազող Նարեկը միշտ ձգտում է դուրս, սիրում է ներկա լինել մանկական միջոցառումներին, գնալ զբոսայգի, կենդանաբանական այգի, ու թեև ծնողներն ընդառաջում են նրա ցանկությանը, սակայն ժամանցի վայրերի բարձր գները շատ հաճախ նրանց թույլ չեն տալիս նման «շռայլություն»: Փոքրիկ Նարեկի 5 հոգանոց ընտանիքի միակ աշխատողը հայրն է, ում աշխատավարձով, տատի թոշակով ու Նարեկի հաշմանդամության թոշակով դժվարությամբ են ծայրը ծայրին հասցնում: Մայրը հիմնականում զբաղված է Նարեկի հոգսերով, այդ հարցում նրան օգնում են տատն ու 5-րդ դասարանում սովորող ավագ քույրը` Նարեն:

 

Նարեկը մշտապես ընտանիքի անդամների հոգատարության և ուշադրության կենտրոնում է: Նա նույնպես հոգատար և ուշադիր է հատկապես տատի հանդեպ, ում հետ սիրում է զրուցել ամեն ինչի վերաբերյալ: Քրոջ հետ դասերն է պատրաստում, երբեմն էլ կռվում են, ինչպես աշխարհի բոլոր քույր ու եղբայրները, սակայն կարճ ժամանակ անց հաշտվում են համակարգչի մոտ:

 

Ժպտերես ու զրուցասեր Նարեկի հետ ժամանակն աննկատ է անցնում, նա շարունակ պատմում է իր երազանքների, հայտնի մարդկանց, երգիչ-երգչուհիների հետ հանդիպումների, դպրոցում կազմակերպված հանդեսներին իր մասնակցության մասին ու թեև դժվարությամբ, սակայն սիրով արտասանում է բանաստեղծություններ: Միայն տատիկի խոնավ աչքերն ու Նարեկի սայլակն են հիշեցնում այս ընտանիքի ամենամեծ հոգսը:

 

– Նարեկի բուժումը չպետք է ընդհատվի, որպեսզի արդյունքը տեսանելի լինի, սակայն հասկանում եմ նաև, որ անվճար բուժում հնարավոր չէ, պետության աջակցությունը սահմանափակվում է չնչին թոշակ տալով: Բայց չէ՞ որ հաշմանդամություն և բուժման կարիք ունեցող երեխան նույնպես պետության քաղաքացին է, ով մյուսների նման ունի հավասար իրավունքներ, պարզապես նրա հանդեպ հոգատարությունն ավելին պետք է լինի: Մխիթարվում եմ միայն նրանով, որ Նարեկը չի մեկուսանում, չի պարփակվում ինքն իր մեջ, շփվող երեխա է, ինչը նույնպես կօգնի հաղթահարելու դժվարությունները: Ես լիարժեք երջանիկ կլինեմ, երբ Նարեկն ինքուրույն սկսի քայլել»,- ասում է մայրը:

 

Անուշ Ներսիսյան

Լուսանկարները տրամադրել է Նարեկի մայրը

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Անհաղթահարելի թվացող պատն աստիճանաբար քանդվում է»…

 

«Չես պատկերացնի, թե ինչ ա նշանակում այդ դպրոցի պիտակը կրել»…

 

Ներառական կրթությունը մանկապարտեզից է սկսվում

 

«Մայրիկ, մարդիկ այնքան տարբեր են: Ես նրանց բոլորին ուզում եմ օգնել»

 

«Նրանք մեզ բոլորիս աշխարհին այլ կերպ նայելու հնարավորություն են տալիս»…

 

Մոր խոսքը` չընկճվել եւ պայքարել հանուն երեխաների եւ հավասարության …

 

Կարող ենք միասին

 

 

Դիտումների քանակը` 4634

Գլխավոր էջ