«Ես կլինեմ այն չեմպիոնը, ում կարիքն ունեն ամերիկացիները»
Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ պայքարելու է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար
ԱՄՆ պետդեպարտամենտի նախկին ղեկավար և նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնն առաջադրվելու է ԱՄՆ նախագահի պաշտոնում 2016-ին կայանլիք ընտրություններին: Քլինթոնն այս մասին հայտարարել է իր պաշտոնական կայքում, ինչպես նաև սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութում, որը մեկ օրում ավելի քան 2 միլիոն դիտում է ունեցել։
Տեսանյութի մեսիջն այսպիսին է. «Ես պատրաստվում եմ ԱՄՆ նախագահի ընտրություններին: Ամեն օր ամերիկացիները չեմպիոնի կարիք ունեն, և ես ցանկանում եմ լինել այդ չեմպիոնը, ով կլինի շարքային ամերիկացիների շահերի պաշտպանը » :
2008-ին Քլինթոնն արդեն մասնակցել է նախագահական ընտրություններին, նա Բարաք Օբամայի հիմնական մրցակիցն էր կուսակցության ներսում ու պարտվեց նրան պրայմերիզի ժամանակ: Այժմ, ըստ քաղաքագետների գնահատականների, դեմոկրատների շարքերում նա լուրջ մրցակիցներ չունի:
Օբաման ասել է, որ սատարում է Քլինթոնի առաջադրմանը` նա ունի հստակ տեսլական, թե ինչ է ցանկանում անել Միացյալ Նահանգների համար: «Նա շատ ուժեղ թեկնածու էր 2008-ին: Նա լիովին սատարեց ինձ նախագահական ընտրություններում: Նա ականավոր պետքարտուղար էր: Նա իմ ընկերն է: Կարծում եմ, նա հիանալի նախագահ կդառնա»,-հայտարարել է Օբաման :
New York Times-ը գրում է, որ Հիլլարի Քլինթոնի այժմյան դիրքերն ավելի ամուր են, քան ութ տարի առաջ, երբ պարտվեց սենատոր Բարաք Օբամային: Այս անգամ նրան պաշտպանում են դեմոկրատների 60 տոկոսը: Լրատվամիջոցը նկատում է, որ դա մասամբ կապված է այն բանի հետ, որ հնարավոր է փոխել պատմության ընթացքը և ԱՄՆ նախագահի պաշտոնում կին ընտրել:
Քլինթոնը Դեմոկրատական կուսակցության հովանավորներին հայտնել է, որ նախագահական քարոզարշավը կսկսվի նախատեսվածից շուտ: Ուստի, նա կկարողանա իր նախընտրական հիմնադրամի համար գումարների հավաքագրման գործընթացն ավելի շուտ սկսել:
Նախագահության հնարավոր թեկնածուների թվում է նաև միլիարդատեր Դոնալդ Տրամպը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ըստ Սահմանադրության այլևս իրավունք չունի առաջադրելու իր թեկնածությունը:
Հիլարի Քլինթոնը 66 տարեկան է: Նա շրջագայում է աշխարհով մեկ, մասնակցում տարբեր միջոցառումների, այդ թվում ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի նստաշրջաններին: Նա , ի դեպ, Պեկինի գագաթնաժողովի մասնակից է եղել եւ հայտնի է նաեւ իր ֆեմինիստական հայացքներով :
Դիտումների քանակը` 3492