«Ես Վահեն եմ». «Հարսնաքար»-ի մոտ մոմավառություն տեղի ունեցավ
Հունիսի 30-ին Երեւանում՝ երեկոյան ժամը ժամը 21-ին, «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնությունը մոմավառություն էր կազմակերպել՝ ի հիշատակ «Հարսնաքարում» դաժան ծեծից մահացած Վահե Ավետյանի:
«Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ էին հավաքվել հարյուրավոր քաղաքացիներ, որոնց ձեռքին կային մոմեր եւ գրություններ՝ «Ես Վահե Ավետյան եմ» մակագրությամբ: Հավաքվածները մոմերը ձեռքներին, լուռ ոգեկոչում էին զոհված սպայի հիշատակը: Մարդիկ մոտենում էին եւ իրենց ձեռքի մոմերը տեղադրում «Հարսնաքարի» շենքի մոտ:
Ակցիայի մասնակիցների թվում էին ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցչներ, այդ թվում, «Ժառանգությունից»՝ Անահիտ Բախշյանը, Արմեն Մարտիրոսյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Լարիսա Ալավերդյանը, ՀՅԴ-ից՝ Հրայր Կարապետյանը, Լիլիթ Գալստյանը, ՀԱԿ-ից՝ Լեւոն Զուրաբյանը, բազմաթիվ ՀԿ-ների ներկայացուցիչներ ու իրավապաշտպաններ:
Ակցիայի ընթացքում մոմավառությունը վերածվեց ցույցի եւ ներկաներն սկսեցին վանկարկել «Մարդասպան», «Արդարություն», «Հեռացիր»: Ակցիայի ակտիվիստներից Ծովինար Նազարյանը փողոցով անցնողներին կոչ էր անում. «Չմտնեք «Հարնսաքար», այնտեղ մարդ են սպանել»: Հնչում էին «Հարսնաքար» ռեստորանը փակելու, իսկ նրա սեփականատեր Ռուբեն Հայրապետյանին պատգամավորական մանդատից զրկելու կոչեր: «Հարսնաքարի» պատին կարմիրով գրված էր «Հանցաքար»:
Հավելենք, որ մինչ մարդիկ մոմավառություն էին անցկացնում զոհված սպայի հիշատակին, «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հարսանիք էր ընթանում , ինչը չէր կարող մոմավառության մասնակիցների զայրույթը չառաջացնել: Հարսանքավորներին տեսնելով՝ ցուցարարները բորբոքվեցին ու սկսեցին ամոթանք տալ, հետո պահանջեցին դադարեցնել հարսանիքն ու հեռանալ: Հավաքվածներին լռելու ու հեռանալու պահանջով ոստիկանները բանակցություններ սկսեցին վարել ակցիայի մասնակիցների հետ:
Թեեւ ակցիայի կեսից սկսեց հորդառատ անձրեւ տեղալ, սակայն ներկաները շարունակում էին կանգնած մնալ: Մի պահ հրմշտոց սկսվեց ոստիկանների ու ցուցարարների միջեւ, քանի որ ոստիկանները փորձում էին հրելով հեռացնել մարդկանց: Սա առաջ բերեց ցուցարարների զայրույթը, որոնք սկսեցին վանկարկել. «Նեմեցի ոստիկաններ»: Տեսնելով, որ մարդկանց չեն կարողանում հեռացնել ռեստորանի մոտից, ոստիկանները մի պահ անջատեցին հեստորանի ներսի եւ դրսի լույսերը:
Բողոքի ակցիայի վերածված մոմավառության ավարտին կոչ հնչեց հուլիսի 1-ին բողոքի ակցիա կազմակերպել նախագահական նստավայրի մոտ:
Նշենք, որ հունիսի 29-ին մահացել է հունիսի 17-ին «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված՝ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի քիթ–կոկորդ–ականջ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը: Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել է 8 մարդ, որոնց մեջ կան նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ:
Ըստ News.am-ի տեղեկատվության
Դիտումների քանակը` 6041